Դաշնակցության
համար, ըստ Սպարտակ Սեյրանյանի, ինքնանպատակ չէ ո՛չ իշխանափոխությունը, ո՛չ «իշխանապահությունը»:
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը լակոնիկ ոճով պատասխանեց
մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին անդամակցել ՀՀԿ-ին,
երբ 2003-ին նա առանց դրա էլ հայտնվել էր այդ կուսակցության համամասնական ցուցակում.
«Թե ինչն է ստիպել՝ միայն ինքը կիմանա: Ես ի՞նչ իմանամ»: Բոլոր դեպքերում նկատի ունենալով,
որ բանակը, որի հրամանատարն այլեւս կուսակցական է, ինչպես նախկինում, առաջիկայում
էլ անմասն չի մնալու ընտրական գործընթացների վրա ազդելու գայթակղությունից՝ այս անգամ
հօգուտ ՀՀԿ-ի, պարոն Սեյրանյանը նկատեց. «Չեմ կարծում, թե 2003 թ. ընտրությունների
համեմատությամբ 2007-ի ընտրությունները, ՀՀԿ-ին Սերժ Սարգսյանի անդամագրվելուց հետո,
բովանդակային ու տրամաբանական լուրջ փոփոխություններ կկրեն: 2003-ի ԱԺ ընտրությունների
ժամանակ էլ Ս. Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդն էր»: Մյուս կողմից,
նրա համոզմամբ, Ս. Սարգսյանը քաղաքացիական անձ է, զինվորական կոչում չունի, ուստի՝
այստեղ նրա կուսակցական լինելու մեջ մեծ խնդիր չկա. «Ընդհակառակը՝ խնդիր կտեսնեի,
եթե պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարը քաղաքականության
հետ առնչություն չունենար»: Այդուհանդերձ, քաղաքական որոշ փորձագետներ՝ նկատի
ունենալով ՀՀԿ-ի համալրումը բանակի հրամանատարով եւ մանրումեծ պաշտոնյաներով, գործարարներով,
միանշանակորեն պնդում են, թե վարչական ու այլ լծակների կենտրոնացումը մեկ կուսակցությունում
հուշում է, որ առաջիկա ընտրությունները դժվար թե էապես տարբերվեն 2003-ի ընտրություններից
ու ավելի արդար լինեն: Իսկ նախորդ՝ 2003-ի ընտրություններից հետո ՀՅԴ-ն, որ համալրում
էր Ռ. Քոչարյանին սատարող կուսակցությունների ցանկը, դժգոհություն էր հայտնել, թե
ավելի պակաս քվեներ է ստացել, քան իրականում ուներ՝ ակնարկելով, որ իրենց հասանելիք
քվեները եւս «սրբագրվել» են: Արդյոք ՀՅԴ ներկայացուցիչը հիմա մտավախություն չունի՞,
որ 2007-ին էլ նման խնդրի առջեւ կկանգնեն: «2003-ի ընտրություններից հետո մենք հայտարարեցինք,
որ ընտրությունների արդյունքները լիովին չեն արտացոլում քաղաքական ուժերի իրական
դերակատարումը եւ իրական կշիռը Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտում: Ինչ վերաբերում
է 2007-ի ընտրություններին, ապա ո՛չ ես, ո՛չ որեւէ մեկն այս պահին չի կարող ասել,
թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները: Ընտրությունների արդարությունը ես չէի պայմանավորի
որեւէ կուսակցության մեջ լծակների կենտրոնացման աստիճանով, որովհետեւ 2003-ին էլ
այդ լծակները ցրված չէին ամբողջ քաղաքական դաշտով մեկ: Դրանք, ըստ էության, էլի կենտրոնացված
էին: Ընտրությունների արդարության ապահովումը կախված է այն բանից, թե կուսակցությունները
որքանո՞վ են պատրաստակամ ապահովել դրանց արդարությունը, ի՞նչ ռեսուրսներ ու հնարավորություններ
ունեն այդ խնդիրն իրականացնելու համար: 2003-ի ԱԺ ընտրություններից մի քանի ամիս
առաջ Դաշնակցությունը բոլոր քաղաքական ուժերին առաջարկեց համատեղ համաձայնագիր ստորագրել
ընտրական գործընթացի արդարությունն ապահովելու համար: Ցավոք, ոչ ոք, այդ թվում՝ ընդդիմության
ներկայացուցիչները, այդպես էլ չստորագրեցին այդ համաձայնագիրը: 2007-ի նախաշեմին
էլ մենք դարձյալ կդիմենք քաղաքական ուժերին նույնպիսի առաջարկով: Կարծում եմ՝ մենք
ոչ լիարժեք ընտրություններ անցկացնելու բոլոր լիմիտները սպառել ենք, եւ ցանկացած
քաղաքական ուժ, որը մասնակցելու է այդ ընտրություններին, պետք է իրեն հաշիվ տա՝ եթե
ընտրություններն արդար չլինեն, հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու՝ պարտվելու ենք
բոլորս, ու այլեւս նշանակություն չի ունենա, թե այդպիսի ընտրությունների արդյունքում
որեւէ քաղաքական ուժ մեծամասնություն կունենա՞, թե՞ ոչ»,- հայտարարեց Ս. Սեյրանյանը՝
հավելելով, որ եթե ընտրությունները չբավարարեն հասարակությանը՝ տեղի կունենա հասարակության
լիակատար օտարում պետական քաղաքական համակարգից, ու կստացվի, որ «մենք ունենք վիրտուալ
իշխանություն, որն ունի զրո վարկանիշ»: ԱԺ պատգամավորը համամիտ չէր մեր այն
դիտարկմանը, թե իշխանություններին, որոնց համար գլխավորն իշխանություն ունենալն է,
վարկանիշ չունենալը անհանգստացնող հանգամանք չի կարող լինել: «Եթե որեւէ մեկը մտածում
է, որ կեղծված ընտրություններով ինքն իշխանություն է պահելու կամ վերարտադրվելու
է…. Դա կլինի իշխանափոխություն իրականացնելու ամենակարճ ճանապարհը: Մեր երկիրը,
իմ խորին համոզմամբ, երկու ծայրահեղություններից պետք է խուսափի՝ ինքնանպատակ իշխանափոխությունից
եւ ինքնանպատակ իշխանապահությունից: Դրանք երկուսն էլ երկրին ոչինչ չեն տա»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ