ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ իններորդ
ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԻ ՎԿԱՆ
Ինքնախաբեության վատագույն տարբերակն էլ էն է, երբ զուգահեռաբար նաեւ շրջապատիդ ու մինուճար Աստծուդ ես խաբսեր տալիս, բայց սովորաբար մեզանում ընդունված հերթականությունը հետեւյալն է. նախ շրջապատին ենք փորձում խաբել, այնուհետեւ՝ ինքներս մեզ, եւ հետո նոր միայն՝ մեր մինուճար Աստծուն, ու, զարմանալիորեն, էս վերջին երկու գործընթացները անհամեմատ հարթ ու սահուն ենք հաջողացնում, այսինքն՝ մեզ սովորաբար ավելի հեշտ է հաջողվում ինքներս մեզ ու մեր մինուճար Աստծուն խաբել, քան՝ մեր շրջապատին, որովհետեւ մեր շրջապատն էլ ձեռքները ծալած չի նստում ու շարունակաբար մեզ է խաբում՝ իբր խաբվում է մեզանից, մինչդեռ իրականում հենց մեր շրջապատը գիտի՝ ինչն ինչոց է, քանզի մեր շրջապատն էլ շարունակաբար նույն գործով է զբաղված՝ ինչով մենք, ու մենք էլ մեր հերթին մեր շրջապատի խաբեություններն ենք չնկատելու ու չտեսնելու տալիս, եւ մեր շրջապատի անխոնջ ու ժրաջան անդամների խաբեությունը շատ դեպքերում չենք նկատում կամ չտեսնելու ենք տալիս ո՛չ թե միամտորեն կամ մեծահոգաբար, այլ միայն ու միայն մեր փայ ժամանակի սղության ու մեր փայ շրջապատի հանդեպ մեր անտարբերության պատճառով, քանզի մենք, որպես արդեն օրենք, մեր խաբելուն անհամեմատ ավելի՛ ժամանակ ենք հատկացնում ու տրամադրում, քան, ուրեմն, մեր չխաբվելուն, իսկ ինչ վերաբերում է ինքներս մեզ ու մեր մինուճար Աստծուն խաբելուն, էդ գործի համար է՛լ է երբեմն մեր ժամանակը քչություն անում, չնայած, այդուհանդերձ, էդ գործի համար միշտ հաջողացնում ենք հավերժությունից որոշակի ու որոշ ժամանակ կորզել, ու էդ ժամանակ կորզելու գործը մենք չենք անում միայն ու միայն մեր իսկ սխալները խոստովանելու պահերին, ավելի ճիշտ՝ ակնթարթներին, եւ եթե մի քանի ակնթարթ կորզում է՛լ ենք, այդ անում ենք միայն եկեղեցիներում ու վանքապատկան տարածքներում՝ մեր մակերեսային ու ինքնուս աղոթքների ու խոստովանությունների ժամանակ, եւ եթե մեր էդ թռուցիկ աղոթքները երբեմն-երբեմն խորքային ու արհեստավարժ են, դրանք տեղի են ունենում գրաբարով, այսինքն՝ վաղուց մեռած մի լեզվով, որը ո՛չ միայն մեզ է անհասկանալի, այլեւ՝ մեր մինուճար Աստծուն, եւ եթե Աշոտ Աբրահամյանի պես գրաբարի գիգանտ դասախոս ունեցած նվաստիս համար է գրաբարն անհասկանալի, ապա մյուսների անօգնական վիճակը միանգամայն հեշտ է պատկերացնել, եւ միանգամայն պատկերացնելի է նաեւ վիճակը մեր մինուճար Աստծո, ում արդեն ո՛չ միայն մեր գրաբար խոստովանությունները չեն հասնում, այլեւ՝ աշխարհաբարները, քանզի մեր հիմիկվա աշխարհաբարն էլ միայն «Կարգին հաղորդման» մշտական ակնդիրներիս ու ունկնդիրներիս է ընդամենը մատչելի, ու երեւի էս ամենն է պատճառը, որ մեր մինուճար Աստված վաղուց դադարել է մեզ լսել եւ իր ողջ ժամանակը հատկացնում ու տրամադրում է մեզ ներելու գործին, այսինքն է՛ն պատրանքը, թե մենք կարող ենք խաբել եւ խաբում ենք մեր մինուճար Աստծուն, վերստին մեր մեծամտության արգասիքն է՝ ինչպեսեւ շրջապատին խաբելու մեր դատարկ պատրանքը, եւ եթե էսպես ու էս ոգով մի քիչ էլ խորանանք ու առաջանանք, ինձ ու ձեզ համար միանգամայն պարզ կդառնա, որ մենք ի վիճակի չենք նույնիսկ ինքներս մեզ խաբել, քանզի հենց ինքներս մեզ խաբելու շարունակական գործընթացի ընթացքում ենք ամենից անօգնական վիճակներում հայտնվում, եւ եթե ուրիշներին խաբելու գործում մենք անգերազանցելի ու անպարտելի ենք վկաների բացակայության միանգամայն պարզ ու հասկանալի պատճառով, ապա ինքներս մեզ խաբելու անշնորհակալ գործում միանգամայն անցանկալի վկա ունենք, ու մեր այդ միանգամայն անցանկալի վկան մենք ինքնե՛րս ենք, ու չնայած մեր էդ ամենաանցանկալի վկան երբեւէ ձեռքներս չի բռնել եւ ոչ էլ երբեւէ մեզ մեր ստի վրա է բռնացրել, այդուհանդերձ, իր մշտական ու լուռ ներկայությամբ անընդհատ սառը ջուր է լցրել գլխներիս եւ մեզ անցանկալիորեն ու շարունակաբար ցնցել ու սթափեցրել է, ընդ որում՝ ո՛չ միայն եկեղեցապատկան տարածքներում, այլեւ՝ դրսերում ու ամեն քայլափոխի, եւ դրանք հենց է՛ն պահերն են, երբ սկսում ենք ինքներս մեզ ատել ավելի՛, քան՝ ուրիշ կողմնակիներին, եւ դրանք հենց է՛ն կարճատեւ պահերն ու ակնթարթներն են, երբ ինքներս մեր աչքից միանգամայն ընկած ու արդեն բացարձակապես հիացած չենք մեզանով, այսինքն՝ ինքնասիրահարված չենք, այսինքն՝ ինքներս մեզ արդեն ամենեւին չենք սիրում, բայց դա ամենեւին չի նշանակում, թե՝ արդեն ուրիշին կամ մերձավորին ենք սիրում, այլ ընդամենը նշանակում է, որ էդ պահերին սերը մեջներս է՛ն աստիճանի է քչություն անում, որ նույնիսկ անձնական օգտագործման համար չի հերիքում, եւ սիրուց իսպառ դատարկված էդ պահերին մենք չափազանց վտանգավոր ենք դառնում ո՛չ միայն այլոց, այլեւ՝ հենց ինքներս մե՛զ համար, ու էդ պահերի վտանգավորության մեր աստիճանը ոչ ոք ճշգրիտ չի կարող իմանալ, քանի որ մենք մեր էս երկրային ժամանակում ընդհա՛նրապես ու էդ նշածս պահերին հատկապես տեսանելի ու մատչելի չենք ո՛չ միայն ուրիշներին, այլեւ՝ ինքներս մեզ, եւ խոսքս այստեղ վերաբերում է ո՛չ թե մեր արտաքին անտեսանելիությանը, այլ մեր ներաշխարհը բոլորեքյան պատած մշուշին ու մառախուղին, եւ եթե ասում եմ, որ նույնիսկ ինքներս մեր աչքին ենք անտեսանելի դառնում, նկատի ունեմ ասածս հենց է՛ն պահերը, երբ գլխներիս չափազանց սառը ջուր է լցվում, ու աչքներիս դեմերն էլ սեւանում են, ու էս ասածս վերաբերում է ո՛չ միայն մեր դրսի, այլեւ ու առաջին հերթին մեր ներսի՛ աչքերին, որոնք մինչ էդ է՛լ են փառակալած եղել, բայց մենք էդ հանգամանքին երբեւէ լուրջ չենք վերաբերվել ու մեր էդ բացահայտ արատը չենք էլ գիտակցել, քանզի տարիներ շարունակ մեր ներսի աչքերը չենք էլ օգտագործել, ու շատ հնարավոր է՝ հենց չօգտագործելու պատճառով էլ փառակալել են, ու մեր էդ ներսի աչքերի կատարախտի ու գլաուկոմայի մասին չենք իմացել, որովհետեւ մեր էդ ներսի աչքերը պիտի երբեւէ օգտագործած լինեինք՝ որ իմանայինք, իսկ չենք օգտագործել, որովհետեւ հեռուստացույց նայելու, օրվա թերթերն աչքի անցկացնելու ու ժամանակ առ ժամանակ փող հաշվելու իմաստով մեր դրսի աչքերն ու մեր դրսի տեսողությունը մեզ լրիվ հերիքել ու բավարարել են, եւ եթե երբեմն չեն բավարարել, անմիջապես դիմել ենք բժշկին ու զանազան ակնոցներ ենք փորձարկել, իսկ ասածս էդ ներքին կուրության դեմ որեւէ միջոց չենք ձեռնարկել, որովհետեւ բացարձակապես ու մշտապես բեխաբար ենք եղել մեր էդ արատից, եւ եթե էս ամենը նաեւ ձե՛ր անունից ու ձե՛ր վերաբերյալ եմ ասում, դա ընդամենը գրական ոճ ու խոսելու եղանակ է, քանզի ես նոր-նոր ու կիսատպռատ ընդամենն ի՛մ ներսի կուրությունն եմ զգում ու գիտակցում, եթե, իհարկե, իսկապես զգում ու գիտակցում եմ, եւ իմ էս զգալն ու գիտակցելն էլ ընդամենն էս ճերմակ թղթի առաջ ու էսպես թռուցիկ է տեղի ունենում, ու «ճերմակ թուղթ» էլ որ ասում եմ, հենց էնպես՝ ասելու համար չեմ ասում, ու ձեռիս տակի էս թղթերն իսկապե՛ս չափից ավելի ճերմակ են, ու մեղքն ամբողջությամբ «Առավոտի» տնօրեն Պետյայինն է, որովհետեւ ես ամեն անգամ իրենից հասարակ ու դեղնավուն թուղթ եմ խնդրում, ու ամեն անգամ ինքն ինձ համակարգչային օգտագործման ճեփճերմակ թուղթ է տալիս, ու մարդու ափսոսն էլ է գալիս էս ճեփճերմակներն ամեն օր էս սեւագրերով լցնել, եւ եթե հիմա էս ճեփճերմակ ու դափդատարկ թղթին գումարվող իմ էս տառերը նշմարելով՝ փորձում եմ ինձ ու ձեզ համոզել, թե կուրությունս դեռեւս հարյուր տոկոսանոց չէ, դա ամենեւին չի նշանակում, թե էս պահին որեւէ էական բան եմ տեսնում, եւ եթե իմ էս հարյուրավոր էջերի մեջ որեւէ էական բան պատահում է՛լ է, դա դառեւս չի նշանակում, թե էս ընթացքում որեւէ էական բան եմ ինքնուրույն տեսել ու նշմարել, որովհետեւ ներքին կուրությամբ մշտապես տառապողներս ուրիշների տեսածն ու նկատածը հեշտությամբ ենք մեզ ու մեր տեսողությանը վերագրում եւ ուրիշների տեսածը մեզ վերագրելով՝ նաեւ ուրիշների լսածն ու իմացածն ենք փորձում մեզ վերագրել եւ ուրիշների լսածն ու իմացածը չափազանց արագ ու ճարպկորեն յուրացնելով՝ շարունակաբար ձգտում ենք ուրիշների փայ փառքին եւ բախտին տիրանալ ու արժանանալ, եւ եթե հիմա ասում եմ, թե ութսունականների սկզբներին Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը Ոսկերչյան Արտաշեսն իմ մեջ նույնիսկ խղճահարություն էր առաջացնում, դրա պատճառն ընդամենն այն էր, որ էն ժամանակ արդեն ճանաչում էի Հավատացյալ Խորենին եւ իրենից արդեն լսել էի «մի դատիր, որ չդատվես»-ը եւ արդեն աջուձախ կիրառում էի էդ լսածս, եւ եթե հաշվի առնեմ, որ Խորենն էլ Սուրբ գրքից էր էդ բանն իմացել, պիտի հենց հիմա նաեւ խոստովանեմ, որ ութսունականների սկզբներին էդպես չերեզներով փորձում էի մարդ, ավելի ճիշտ՝ գրող դառնալ, քանի որ Ծաղկաձորի մեր էդ ստեղծագործական տանը զեղչով ապրելու ու ստեղծագործելու համար գրող լինելը պարտադիր պայման էր, ու ես շարունակաբար փորձում էի գրողաբար նայել Ոսկերչյանին ու ամեն ինչին, քանի որ Հեմինգուեյի գրքերից մեկում արդեն կարդացել էի, որ գրողն ամեն քայլափոխի պարտավոր է գրողաբա՛ր նայել կյանքին եւ նկատել այն աննկատելին, որ սովորական մահկանացուները չեն նկատում, ու չնայած էդ բանն ասողը Հեմինգուեյի էդ վեպի ամենաբացասական հերոսն էր, այդուհանդերձ, իր էդ ասածը մեջս տպավորվել եւ ամեն քայլափոխի առաջնորդում ու ուղղորդում էր ինձ, որովհետեւ ես էդ տարիներին քիչ կարդում ու շատ էի տպավորվում եւ փուչ ու լիքը մտքերից տպավորվում էի հավասարապես, եթե, իհարկե, դրանք որեւէ գրքի մեջ տպագրված էին լինում, ու չնայած էդ «մի դատիր, որ չդատվես»-ը տպագիր անձամբ չէի տեսել, բայց էդ հորդորից չափազանց զգացված ու տպավորված էի, որովհետեւ գիտեի, որ Հավատացյալ Խորենն ամենակարեւոր Գրքից ամենակարեւոր Մարդու հորդորն է շարունակաբար կրկնելով՝ փոխանցում ինձ, եւ երբ էդ թվին չերեզ Հավատացյալ Խորեն ինձ հասած էդ հորդորն անխնա կիրառում էի սարսափելի ու խեղճուկրակ Ոսկերչյանի հանդեպ, ինքս իմ աչքում տասնապատիկ ու հարյուրապատիկ մեծանում էի, եւ Ոսկերչյանի հանդեպ էնքան անխնա ու հետեւողականորեն էի կիրառում Հավատացյալ Խորենից լսածս, որ ծաղկաձորյան մի առավոտ Ոսկերչյանն ինձ վստահեց իր տռուզ թղթապանակներից ամենահաստափորը, եւ ես, հիմարաբար, առանց կարդալու հաջորդ օրն իսկ իրեն վերադարձրի էդ թղթապանակը՝ թղթապանակի ողջ պարունակությունն, իհարկե, գովելով, եւ առանց իրար կարդալու իրար գովելը մանավանդ էդ շրջանում ու մանավանդ էդ ստեղծագործական տանը շատ ընդունված բան էր, որովհետեւ ինչպես էն թվերին, հիմա էլ գրողներս ընդամենը մի բան ենք շատ լավ հասկանում՝ մենք ո՛չ թե ընթերցող ենք, այլ՝ միայն ու միայն գրող, եւ երբ հաջորդ իսկ առավոտ Ոսկերչյանի թղթապանակն իրեն վերադարձնելով՝ մի կուշտ գովեցի, Ոսկերչյանն ապշահար ինձ նայեց՝ «էդքանը մի գիշերում ո՞նց կարդացիր, ա՛յ տղա», եւ երբ իրեն ասացի՝ «մի շնչում կարդացվում ա, ընկե՛ր Ոսկերչյան», Ոսկերչյանն ինձ կանչեց իր սենյակ ու տնական օղի հյուրասիրեց՝ փորձելով վզիս փաթաթել իր տռուզ թղթապանակներից եւս մեկը, բայց ես հիմարաբար մերժեցի, պատճառաբանելով, թե՝ պոեմիս վրա եմ աշխատում, եւ իսկապես իմ կողմից դա մաքուր հիմարություն էր, որովհետեւ, եթե ժամանակին իր էդ թղթապանակներից մեկնումեկը կարդացած լինեի, հիմա ասելու եւ պատմելու շատ բան կունենայի առնվազն երեսնականների մասին, որովհետեւ Ոսկերչյանը, ի տարբերություն իր մյուս զինակիցների, իր գրածներից բացարձակապես որեւէ տող չէր մկրատում, ու չնայած գովեցի իր էդ գրությունները, բայց իր էդ թղթապանակը նույնիսկ չբացեցի էլ բնավ ո՛չ էն պատճառով, որ պոեմիս վրա էի աշխատում, այլ է՛ն պատճառով, որ էդ աշուն մեր էդ Ծաղկաձորի ստեղծագործական տանը Ծաղկաձորի Ալիկի ու Ամարյան Վազգենի հետ առավոտից իրիկուն բիլիարդ էինք խաղում, ու Ամարյան Վազգենը միակն էր, որ Ոսկերչյանին ո՛չ թե «ընկեր Ոսկերչյան» էր ասում, այլ՝ Արտաշ, եւ նույնիսկ հետը կատակներ է՛լ էր անում, ու չնայած ինքը Վազգենի էդ կատակները հումորի զգացման իսպառ բացակայության պատճառով չէր ընկալում, բայց Վազգենի հետ հաճույքով զրույցի էր բռնվում, որովհետեւ Ոսկերչյանի հետ ուրիշ ոչ ոք բառ անգամ չէր փոխանակում, ու չնայած բոլորն իրեն «ընկեր Ոսկերչյան» էին ասում, բայց հետը որեւէ բան չէին խոսում, ու Վազգենը Ոսկերչյանի հասակակիցների Ոսկերչյանից խուսափելու հստակ բացատրությունն ուներ՝ «վախում են մեկ առ մեկ հիշացնի՝ թե ում գլուխը ոնց են կերել. իրար հետ են, չէ՞, էդ գործերն արել», ու քանի որ Վազգենն է՛լ էր Ոսկերչյանի հետ գլուխ դնում, մի հաստափոր թղթապանակ էլ ի՛նքն էր Ոսկերչյանից ի պահ ստացել եւ ինձ պես ինքն է՛լ էդ թղթապանակը բաց չէր արել, բայց, ի տարբերություն ինձ, Վազգենը չէր շտապում թղթապանակը վերադարձնել ու Ոսկերչյանին ասում էր՝ «էնքան ծանրակշիռ նյութ ա, որ մենակ դանդաղ կարդալով կարաս մինչեւ վերջ մարսես», ու Ոսկերչյանը հիմարաբար ու հաճույքով էր հավատում իմ ու Վազգենի գովեստներին, ու էդ իմաստով ինքն ամենեւին էլ չէր առանձնանում մյուսներիցս, քանի որ երեւի բոլոր գրողներս էլ հալումաշ ենք լինում մեզ ուղղված գովեստներից նույնիսկ է՛ն դեպքերում, երբ հարյուր տոկոսով գիտենք, որ մեր ու մեր գրվածքի հասցեին գովեստներ շռայլողը մեր էդ գրվածքը հեչ չի էլ բաց արել, եւ եթե որեւէ գրողի մեջ էդ թուլամորթ ու երեխայական փառասիրությունը բացակայում է, կնշանակի՝ էդ գրողն արդեն առնվազն հոգեպես մեռած է, կամ՝ իր մեջ վաղուց սպանել է գրողին ու շարունակում է իր միանգամայն մարդկային գոյությունը, եւ եթե որեւէ գրող հերքի իմ էս ասածն ու փորձի ձեզ հակառակը համոզել, ո՛չ մի դեպքում չհավատաք, որովհետեւ ես, ի տարբերություն իրենց, իմ մեջ մի անգամ արդեն սպանել եմ բանաստեղծին եւ, որ ամենակարեւորն է, դրա համար ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, եւ եթե հիմա իմ ոտանավորները գովում են, դրանից ո՛չ փառավորվում եմ եւ ո՛չ էլ նույնիսկ շոյվում, մանավանդ որ՝ բանաստեղծություններս համառորեն ու հիշաչարորեն հետին թվով գովողները միանգամայն հետին մտքով ու հետին նպատակով են էդ բանն անում, այսինքն, բանաստեղծություններս հետին թվով ու հետին մտքով գովելով՝ ուզում են հասկացնել, որ իզուր եմ արձակ գրում, ու շատ իզուր էլ իմ հանդեպ էդ չարամտությունն անում են, որովհետեւ ես իմ մեջ արդեն վերջնականապես եմ սպանել բանաստեղծին եւ, որ ամենակարեւորն է, դրա համար հեչ էլ չեմ ափսոսում, քանի որ՝ ձեզ հետ շարունակաբար հանգերով հաղորդակցվելու էդ տարօրինակ սովորույթն ինձ ո՛չ միայն կյանքից էր կտրել, այլեւ՝ հենց գրականությունից, եւ էդ տարօրինակ սովորույթից հրաժարվելս զարմանալիորեն համընկավ ներքին տեսողությանս համեմատական բարելավման հետ, չնայած ընդունված է մտածել ու կարծել, թե մահկանացուներիցս հենց բանաստեղծներն են ներքին տեսողությամբ լավագույնս օժտված, բայց ես ձեզ ճիշտ հակառակը կասեմ, եւ դուք էլ ստիպված կլինեք ինձ հավատալ, քանզի, ի տարբերություն ձեզ, ես էս կյանքում մի անգամ բանաստեղծ եղել եմ եւ, ի տարբերություն մյուս բանաստեղծների, մի անգամ զգացել ու հասկացել եմ ներքին կուրությունս, եւ հենց էդ կուրությունս էր պատճառը, որ բանաստեղծություններիս ժողովածուների ճակատներին մշտապես շողշողացնում էի անունս ու ազգանունս, ու չնայած հիմա էլ անունս ու ազգանունս վեպիս հատորների ճակատներին են շողշողալու, բայց հիմա անունս ու ազգանունս շողշողացնելու միանգամայն հարգելի ու միանգամայն հիմնավոր պատճառներ ունեմ, ու էդ պատճառներից ամենահիմնավորն էն է, որ ես անունս ու ազգանունս էս հատորներիս ճակատներին գրելով, փաստորեն, ուրիշներին եմ շառից ու փորձանքից հեռու պահում, որովհետեւ իրավական համակարգի անկատարության մեր էս հեղհեղուկ ժամանակներում էս վեպիս հեղինակային պատասխանատվությունը կարող են միանգամայն անմեղ մի մարդու վրա գցել՝ ինչպես մարդկանց գրպանը կամ ավտոմեքենայի մեջ նարկոտիկ կամ զենք են գցում, եւ, էս ամենից էլ բացի, անունս ու ազգանունս շողշողացնելով՝ հատուկ ուզում եմ նշել ու շեշտել, որ էս բաներն ասողն ու էս բաները մտածողն անձամբ ե՛ս եմ, այսինքն նա՝ ով ժամանակին ճիշտ հակառակ բաներն էր մտածում ու ասում կամ, ավելի ճիշտ, ընդհա՛նրապես ոչինչ չէր ասում, իսկ ավելի ճիշտ՝ էնպես ու էնպիսի բաներ էր ասում, որ սատանան անգամ գլուխ չէր հանի, ուր մնաց՝ Գլավլիտը գլուխ հաներ, ու էսօր էլ, ինչպես միշտ, հայ ընթերցողը հայ գրողի ընդդիմադիր կեցվածքին է սպասում եւ ոչ թե՝ նրա գրքերին ու գրականությանը, բայց ընթերցողներ էլ կան, որ հայ գրողի իշխանամետ կեցվածքն են ընդունում եւ ո՛չ թե՝ նրա գրածները, եւ առավել սիրում են, երբ հայ գրողը մեր էս մինուճար ու բազմաչարչար երկրի կայունությունն է կրծքով պաշտպանում, բայց ես էսօրվա օրով ո՞նց ընդդիմություն դառնամ, երբ նույնիսկ Սովետի օրոք այլախոհ չեմ եղել, եւ իշխանամետ է՛լ չեմ կարող լինել, որովհետեւ էդպիսի փորձ է՛լ չունեմ, այսինքն՝ Սովետի օրոք է՛լ չեմ եղել, ու չնայած էսօրվա պայմանները մի քիչ ուրիշ են, եւ, ինչպես տեսնում եք, էսօր անհամեմատ ու համեմատաբար ազատ եմ ծլվլում, բայց, Աստված չանի, եթե մեր երկրի կայունությանը հանկարծ մի բան պատահի, եւ եթե հանկարծ մեր կայունությանը մի բան պատահի, շատ հնարավոր է, որ շառն ինձ վրա գցեն ու հենց ի՛նձ մեղավոր հանեն, ընդ որում, շատ հնարավոր է, որ ինձ սխալ հանողները լինեն ընդդիմադիրները, իշխանամետներն ու ընթերցողները միաժամանակ, եւ շատ հնարավոր է, որ «Առավոտի» էս բազում էջերը լցնողիս դեմ մեղադրանք հարուցեն «անգործունեություն» կամ, ասենք, «վտանգավոր անգործություն» հոդվածներով, ու որ ասում եմ՝ մեր ցանկացած ձախողման դեպքում հենց ի՛նձ են մեղավոր ճանաչելու, հեչ էլ հանաքով չեմ ասում, որովհետեւ թե՛ Սովետի եւ թե՛ մեր էս անկախության ժամանակներում հայ գրողից պահանջվում է ամեն ինչ՝ գրականությունից բացի, եւ հիմնականում մեր հիմնական գրողները հենց էդպես էլ անում են, այսինքն՝ հիմնականում չգրելով են զբաղված, եւ եթե երբեւէ որեւէ բան խզբզում է՛լ են, իրենք է՛լ են զարմանում իրենց էդ խզբզոցի վրա, եւ եթե էդ խզբզոցը տասնհինգ էջից անցնում է, դրա անունը վիպակ են դնում, իսկ եթե էդ խզբզոցն ընդհուպ մոտենում է հիսուներորդ էջին, դա արվեն վեպ է:
Ես, որ էսքան զգուշավորություն եմ բանեցրել ո՛չ միայն Սովետի, այլեւ մեր էս անկախության տարիներին, շատ հնարավոր է, որ Ոսկերչյանի պես մի քավության նոխազ էլ ի՛նքս դառնամ, որովհետեւ Ոսկերչյանի պես՝ ինքս է՛լ եմ փորձում արածներիցս որեւէ բան չթաքցնել ու իր պես արածներիս մեջ որեւէ հանցակազմ չեմ տեսնում, եւ եթե արածներիցս որեւէ բան թաքցնելու էլ լինեմ, էս երկարատեւ ընթացքում անպայման ձեզ կզգուշացնեմ, որ ահա էսինչ արածս թաքցնում եմ ձեզանից, իսկ ինչ վերաբերում է Ոսկերչյանի հանդեպ տածած վերաբերմունքիս ու նույնիսկ խղճահարությանս, ապա համոզված եմ, որ դրանում էսօր ինձ որեւէ մեկը չի մեղադրի, որովհետեւ էդ հարցում ինձ մեղադրողները պիտի Ոսկերչյանի զինակից ժամանակակիցները լինեին՝ որ արդեն չկան եւ ինքնագոհ ու բավարարված փայ դառան իրենց հասանելիք հողակտորին, եւ հայրենի հողը, կարելի է ասել, միանգամայն գրկաբաց ընդունեց նրանց, եւ նրանք բոլորն էլ գոհ ու բավարարված էին իրենց իսկ կյանքի վերջաբանից, որովհետեւ էս կյանքում ո՛չ միայն հաջողացրին քավության նոխազ չդառնալ, այլեւ հաջողացրին ուրիշների՛ն քավության նոխազ դարձնել, ու էդ հանգամանքն իրենց համար մեծ հաջողություն էր, եւ չնայած այսօր իրենց ու Ոսկերչյանի նմանակներն ու իրավահաջորդնե՛րը կան, որոնք կարող են ինձ մեղադրել Ոսկերչյանի հանդեպ խղճահարությանս համար, բայց դժվար թե այդ անեն, որովհետեւ նրանց էդ նմանակներն ու իրավահաջորդները մեր օրերում ո՛չ միայն «Անաստված» թերթ չեն հրատարակում, այլեւ Աստվածաշունչ են կարդում, եւ եթե նույնիսկ չեն էլ կարդում, անպայման մեջբերումներ են անում Գրքից, իսկ էդ Գրքում, ինչպես երեւի գիտեք, սեւով սպիակի վրա գրված է՝ «սիրիր թշնամուդ», իսկ Ոսկերչյանը ո՛չ թե անձամբ իմ թշնամին էր, այլ՝ ողջ ժողովրդինը, եւ «ժողովրդի թշնամի» արտահայտությունն իր իսկ ամենասիրած ու ամենաօգտագործած արտահայտությունն էր, որ հետագայում իր զինակիցները հենց Ոսկերչյանի վերաբերյալ էին օգտագործում եւ Ոսկերչյանին էլ դրոշ էին դարձնում՝ էդ դրոշով իրենց իսկ դեմքը ծածկելու եւ իրենց իսկ քիթումռութը սրբելու համար, ու չնայած Գրքում նաեւ գրված է՝ «սիրիր մերձավորիդ», բայց ինձ ու Ամարյան Վազգենին ոչ մի վայրկյան չէր հաջողվում Ոսկերչյանին սիրել, անկախ է՛ն հանգամանքից, որ էդ աշուն Ոսկերչյանը, փաստորեն, իմ ու Վազգենի ամենամերձավորն էր, քանի որ իր սենյակը 104-ն էր, իմը՝ 103-ը, եւ Վազգենինը՝ 105-ը, բայց մեր էդ ամենամերձավորն իմ ու Վազգենի մեջ ո՛չ մի կերպ սեր չէր առաջացնում, այլ, լավագույն դեպքում, խղճահարություն ու էն էլ՝ դեպքից դեպք, երբ հիշում էինք իր ու իր ընտանիքի գլխին եկածը, իսկ մնացած պահերին, երբ էդ հանգամանքը չէինք հիշում, սկսում էինք իր հոգու հետ խաղալ, եթե, իհարկե, պայմանականորեն ընդունենք, որ էդ չեչոտ ժայռաբեկորի մեջ հոգի ասածը կար ու գոյություն ուներ, եւ իր հոգու հետ հիմնականում Ամարյան Վազգենն էր խաղում ու Վազգենը հետեւյալ կերպ էր խաղն սկսում՝ «ա՛յ Արտաշ, ո՞նց թողիք, որ երկիրն էս օրին հասցնեն», եւ Ոսկերչյանը պատասխանում ու ասում էր՝ «ինձանից որ կախված լիներ, չէի թողնի, Վազգեն ջան», եւ Վազգենն ասում էր՝ «մի քանի գլուխ ժողովրդի թշնամի որ ավել վերացնեիք, հիմի էս վիճակը չէր ըլնի» եւ Ոսկերչյանն ասում էր՝ «սկզբում ես էլ էի քեզ նման մտածում, բայց ինչքան վերացնում էինք, էնքան ավելի էին շատանում», եւ Վազգենն ինձ աչքով անելով ասում էր՝ «իզուր ես արդարանում, ա՛յ Արտաշ, մի քսան միլիոն որ ավել վերացնեիք՝ երկիրը դժվար թե էս օրն ընկներ», եւ Ոսկերչյանն ասում էր՝ «քսան միլիոն. հեշտ ես ասում, Վազգեն ջան», եւ Վազգենն ասում էր՝ «ի՞նչ դժվար բան էր. վլաստը ձեր ձեռը չէ՞ր», եւ Ոսկերչյանն ասում էր՝ «մի մոմենտ եղավ, որ արդեն էդ վլաստի մեջ ժողովրդի թշնամիներն ավելի շատ էին, քան՝ մերոնք», եւ Վազգենն ասում էր՝ «բայց հիմի պալիտբյուրոյում ոնց որ հիմնականում ձերոնք են», եւ Ոսկերչյանն ասում էր՝ «էդքան վստահ մի՛ ասա», եւ Վազգենն ասում էր՝ «Լյոնյան ձերոնքական չի՞», եւ Ոսկերչյանն ասում էր՝ «ի՞նչ Լյոնյա», եւ Վազգենն ասում էր՝ «Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը», եւ Ոսկերչյանը մի քիչ մտածելուց հետո ասում էր՝ «մի ծաղկով գարուն չի գա», եւ Վազգենն ասում էր՝ «բա Սուսլո՞վը», եւ Ոսկերչյանն ասում էր՝ «էս մի մատս էլ խուփ», եւ Վազգենն ասում էր՝ «էդ ճիշտ ա՞, որ Նարեկացու գրքի հաշվով Մասկվա մատերիալ ես ուղարկել ու խաբար ես արել, որ Հայաստանում եկեղեցական գրականություն են տպում», եւ Ոսկերչյանն ասում էր՝ «սխալ ե՞մ արել», եւ Վազգենն ասում էր՝ «փաստորեն, ձեր վիճակն է՛լ վիճակ չի. լրիվ քաքի մեջ եք, Արտաշ ջան», եւ Ոսկերչյանն ասում էր՝ «լավ չլսեցի», եւ Վազգենն ինձ աչքով անելով՝ Ոսկերչյանին ասում էր՝ «իզուր ջուր ենք ծեծում. էթամ պապկեքդ կարդամ, ամենակարեւոր տեղերին եմ հասել», եւ Ոսկերչյանը ոգեւորված հարցնում էր՝ «ամենակարեւոր տեղերը որո՞նք են», եւ Վազգենը բազմանշանակ ժպտալով ասում էր՝ «դու ինձնից լավ գիտես», եւ Ոսկերչյանը բազմանշանակ ժպտալով ասում էր՝ «գնա կարդա՛, Վազգեն ջան», եւ ես ու Վազգենն իջնում էինք բիլիարդանոց, որտեղ մեզ անհամբեր սպասում էր Ծաղկաձորի Ալիկը։