Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականապես կրթվեցին

Հուլիս 22,2006 00:00

Հուլիսի
10-14-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի հովանավորությամբ գործող
քաղաքական 11 դպրոցի միացյալ սեմինար, որին մասնակցել է նաեւ երեւանյան դպրոցը: Երեկ
քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը խոսեց ստրասբուրգյան
սեմինարից, ներկայացրեց դպրոցը եւ իրենց մեկամյա շրջանավարտներին: Ըստ Ա. Զաքարյանի,
դպրոցում ընդգրկված են եղել թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչներ,
որոնց հնարավորություն է ընձեռվել ներկայացնել իրենց քաղաքական հայացքները: Դասընթացներին
մասնակցել են ԱԺ պատգամավոր, փոխնախարար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,
ՀՀ նախագահի, ՍԴ-ի, նախարարությունների աշխատակազմերի աշխատակիցներ, բիզնեսմեններ,
ինչպես նաեւ լրագրողներ: Շրջանավարտներից էին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը,
աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Լրագրողներից մեկի
այն դիտարկմանը, թե մեր հասարակությունը քաղաքացիական կրթության կարիք ունի, մինչդեռ
քաղաքական կրթություն եք տալիս, պարոն Մինասյանը պատասխանեց. «Քաղաքացիական եւ քաղաքական
կրթություններն իրարից տարանջատելը ճիշտ չէ, քաղաքացիական հասարակություն ձեւավորելը
քաղաքական պատվեր է»: Հ. Ավետիսյանն էլ խոստացավ իր գիտելիքները գործնականում կիրառել,
հատկապես օրենսդրական նախաձեռնություններ անելիս: Ա. Զաքարյանի խոսքերով, նույնիսկ
ստրասբուրգյան սեմինարի ժամանակ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար
Թերի Դեւիսի եւ Բուլղարիայի վարչապետի՝ ժողովրդավարության վերաբերյալ կարծիքները
տարբեր էին. «Թերի Դեւիսը գտնում էր, որ դեմոկրատիան դա առօրյա ապրելակերպն է, էթիկան:
Վարչապետի համար ժողովրդավարությունը ընտրություններն էին»: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել