Նարդի
խաղացողները լավ գիտեն, որ մինչեւ զառ գցելու հերթը հասնելը՝ գլուխ գովելը, միմյանց
ջարդուփշուր անել խոստանալը պարտադիր արարողություն են: Վստահաբար
կարելի է ասել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում էլ այդ չգրված օրենքը անխափան գործում
է: Նշանակված մենամարտը դեռ չսկսված՝ մրցակիցներից յուրաքանչյուրը հակառակորդին խոստանում
է հաշված րոպեներում տապալել ռինգի հատակին կամ, վատթարագույն դեպքում, մրցակցի վրա
«կեղտ գտնելով»՝ մեղադրում վախկոտության մեջ: Բացառություն չէ նաեւ օգոստոսի
26-ին կայանալիք IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի
մենամարտը՝ տիտղոսի պարտադիր հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ: Այժմվանից
արդեն նրանց միջեւ հեռակա մենամարտն սկսվել է: Ու դրա նախաձեռնողը Միրանդան է: Զանգվածային
լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կոլումբիացին իմանալով, որ Արթուրը քաջատեղյակ
լինելով, որ ինքը նախընտրում է «Reyes»-ը, պահանջում է, որպեսզի մենամարտի ժամանակ
երկուսն էլ կրեն «Everlast» ֆիրմայի արտադրության ձեռնոցներ: Միրանդան դա մեկնաբանում
է այսպես. «Արթուրի այդ քայլը պայմանավորված է նրանով, որ վախենում է իմ հարվածների
ուժից: Նա գիտի, թե մեզանից ով է ուժեղ,- լրատվամիջոցներին հայտարարել է Միրանդան:-
Դրա համար էլ վախենում է իմ հարվածներից: Դա ակնհայտ է: Նրան էլ են նոկաուտ անող
բռնցքամարտիկ համարում: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն թող վերջ տա պահանջներ ներկայացնելուն
եւ «իմ» կամ ցանկացած այլ արտադրության ձեռնոցով մենամարտի»: Տեղեկացնենք, որ Էդիսոն
Միրանդան մինչեւ այժմ անցկացրել է 26 մենամարտ ու բոլորն էլ գրանցել իր օգտին: Ընդ
որում՝ 23-ը ժամկետից շուտ: Բնականաբար, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը
պետք է արձագանքեր իրենից թեկուզ մեկ աստիճան ցածր գտնվող Միրանդայի համարձակ այս
հայտարարությանը: Նա իրենից ցածր գտնվող ապագա մրցակցին, ով ընդամենը երազում է գրավել
իր տեղը, պատասխանել է. «Միրանդայի ասածն առնվազն հիմարություն է: Թե ի՞նչ ձեռնոցներով
կմենամարտենք, բացարձակապես նշանակություն չունի: Նա վերջում հայտնվելու է ռինգի
հատակին: Չեմպիոնը ես եմ, ու ձեռնոցի ընտրություն կատարելու իրավունքն իմն է: Եվ
վերջ»: «Sauerland Event» պրոումոթերական ընկերության ներկայացուցիչ Քրիս
Մեյերն իր հերթին զարմանք է արտահայտել հանդուգն հավակնորդի արտահայտությունների
առիթով, քանի որ համաձայն հաստատված բոլոր կանոնների, Արթուրի պրոումոթերական ընկերությունը
հաղթել է մրցույթում եւ մենամարտում ձեռնոցի ընտրության իրավունք լրիվ ունի: Ավելին,
մարտի կանոնները բռնցքամարտիկներին պարտադրում են ռինգ մտնել միեւնույն ֆիրմայի արտադրած
ձեռնոցներով: Եվ մի նրբություն էլ, որն անտեսում են կամ կանխամտածված շրջանցում Միրանդայի
թիմի ներկայացուցիչները: Խոսքը բանակցությունների ժամանակ նրանց կողմից ձեռնոցների
ընտրության հարցում իրենց տրվելիք նախապատվության մասին որեւէ խոսք չասելն է: Եվ
ամենավերջինը. Աբրահամը, ով չեմպիոնն է, «Everlast» ընկերության հետ պայմանագիր ունի
ստորագրած, հետեւաբար, իրավունք չունի այլ մարզական ընկերության արտադրած մարզագույք
գործածել: Ինչ-ինչ, բայց այս մի բանը Էդիսոն Միրանդան եւ նրա թիմը պետք է որ լավ
իմանան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ