Հայրենական
պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ Հրանտ Կեխեյանին աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարության ոստիկանները թույլ չեն տվել նախարարի հետ հանդիպել «հիվանդության
հարցով»: Խնդրել է հանդիպում տարածքային կառավարման նախարարի հետ. մերժել
են: Նույնկերպ են վարվել նաեւ առողջապահության նախարարությունում: Ձեռնափայտով այս
ծերունին 1991թ. բռնագաղթել է Ղարաբաղի Շահումյանի շրջանից: Տեղավորվել է Արաբկիր
համայնքի «Պրագա» հյուրանոցի 222 սենյակում՝ հուսալով, թե իրեն բնակարան կտան: Շինարարությունը
պետք է իրականացվեր Կիլիկիա թաղամասում: Շատերը, իհարկե, ստացել են բնակարաններ՝
օգտվելով փախստականի կարգավիճակից: Ներկայումս բժշկի կարիք ունեցող Հրանտ Կեխեյանն
ու նրա 1-ին կարգի հաշմանդամ կինը՝ Գոհար Հարությունյանը, ստանում են 17 հազար 707
դրամ գումար, ինչը «օճառի չի հերիքում, իսկ սպիտակեղեն կարալ չեմ գնել»: Կեխեյանը,
որը ինչպես ինքն է ասում՝ «թագավորի նման ապրելիս է եղել» (հանդապահ էր՝ «ձիս տակիս»),
կորցրած դրամական ավանդը ստանալու հույսով դիմել է սոցիալական ծառայություն, սակայն
չեն տվել, հակադարձելով, թե «Փարոսում» կա: «Նեմեցն ինձ հետ այդպես չի վարվել, ինչպես
հիմա ինձ հետ են վարվում»,- ասում է 82-ամյա ծերունին: Մի անգամ դեկտեմբերին
Ջերմուկի ուղեգիր էին առաջարկել եւ հրաժարվել էր՝ ասելով. «Էշը գետով անցնողը չէ.
դեկտեմբերին ջրային լոգանքներ ընդունողը չեմ»: Կեխեյանը տեղեկացրեց, երբ «բարի նպատակներով
այցելել եմ նախագահի ընդունարան, տեղեկացնելու իմ թշվառ վիճակի մասին, ինձ ուղարկեցին
Սեւանի հոգեբուժարան»: Երբ հոգեբուժարանում հրաժարվել է դեղեր ընդունել, ծեծի են
ենթարկել: «Մինչեւ 2006թ. հունվարը ստացել ենք ընտանեկան նպաստ, սակայն փետրվարից
մեր նպաստը կտրեցին, քանի որ սոցապի աշխատողը մեր սոցիալական գրքույկում ավելացրել
էր թոռնիկիս անունը, որը 10 տարուց ավելի Երեւանում չէ եւ մեր հետ չի էլ ապրի»,-
պատմում է թոշակառուն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ