Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 22,2006 00:00

Գյումրիում ընդունելության քննությունները ղեկավարող հանձնաժողովի կազմում բոլորը դաշնակցական են

Սա, թերեւս, այնքան էլ զարմանալի չէ գյումրեցիների համար, քանի որ Շիրակի մարզում իշխանությունը դաշնակցականներին է պատկանում, այստեղ նույնիսկ բժիշկներին ոչ թե ըստ մասնագիտական պատրաստվածության են գնահատում, այլեւ դաշնակ լինելու հանգամանքով: Եթե նկատի ունենանք, որ Շիրակի մարզպետը դաշնակցական է, կրթության նախարարն էլ նրա կուսակից ընկերը, ուրեմն հասկանալի են կրթական ոլորտում դաշնակների վերջին ակտիվացումները: Գյումրիում կենտրոնացված ընդունելության քննությունների նախագահ նշանակվել է Երեւանի պետական համալսարանի երկրագիտության ֆակուլտետի դեկան, դաշնակցական Մարատ Գրիգորյանը: Իսկ նախորդ երկու տարիներին նախագահն անփոփոխ էր. նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի պատվին ընդունելությունը գլխավորում էր նրա կուսակից ընկերը՝ Անդրանիկ Ավետիսյանը: «Առավոտին» հասած դժգոհությունների համաձայն, բուհական ընդունելության հանձնաժողովի անձնակազմի անդամներին նշանակել է Գյումրիի դաշնակցական կուսակցության կոմիտեն, որը աշխուժանալու շանս է տվել միայն իր կուսակիցներին. հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը ՀՅԴ Գյումրիի կոմիտեի, ինպես նաեւ ավագանու անդամ, թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանն է: Նույն հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչը կրկին դաշնակցական, Տնտեսագիտական ինստիտուտի դասախոս Պարույր Գոմցյանն է: «Պատկերացնու՞մ եք՝ ինչ է կատարվում. դաշնակներն են որոշում պրոֆեսորների ու դոկտորների ճակատագրերը, նրանց գործունեության մակարդակը: Հասարակ մի օրինակ բերեմ. դաշնակցականների կոմիտեի կազմում կա, ասենք, հոգեբուժարանի տնտեսվար, ու նա պետք է որոշի, թե ով է արժանի հանձնաժողով գլխավորելու»,- դժգոհում էր գյումրեցի ընդդիմադիր կուսակցականներից մեկը:

Մեր լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ, դաշնակցական կոմիտեն կազմել է երկու ցուցակ, որից պարզ է դառնում, թե որ դասախոսներն իրավունք ունեն ընդգրկվել բուհական ընդունելության քննություններին: Ցուցակներից մեկը սեւ է, որի կազմում, ըստ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների, գրված է հենց ընդդիմադիր դասախոսների անունները, այդ թվում նաեւ՝ նախկինում մեծարման արժանացած ՕԵԿ-ականների, որոնք այս պահին ոչ մի գնով չեն կարող թափանցել հանձնաժողովներ: «Եթե այդ ցուցակը մեր ձեռքն ընկնի, նույն վայրկյանին դիմելու ենք Սահմանադրական դատարան, էս ի՞նչ խայտառակություն է»,- դժգոհեցին մեզ դիմած որոշ ՕԵԿ-ականներ: Սակայն սա «Առավոտին» հասցեագրված միակ բողոքը չէ. մի քանի հ/կ-ների ղեկավարներ էլ իրենց հերթին զայրանում են դաշնակցական հանձնաժողովի փակ գործունեությունից: «Պիտի հանձնաժողովի նախագահին փնտրենք- գտնենք, որ դիմում տանք դիտորդ լինելու համար, դաշնակներին հատուկ գաղտնիությամբ են նիստերն անցկացնում, նստածներս տեղերը հանկարծակի իմանում ենք, որ 10-րդ ֆրանսիական դպրոցում նիստ են գումարել, ինչի, նիստ հրավիրելու, անցկացնելու կարգ-շնորհք չկա՞»,- վրդովված են հ/կ-ների ներկայացուցիչները, որոնք միայն 2 օր առաջ են դիտորդ լինելու թույլտվություն ստացել: Ըստ մեր տեղեկությունների, հանձնաժողովների անդամների միջեւ տարաձայնություններ են եղել հ/կ-ներից մեկի՝ «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին որպես դիտորդ հավատարմագրելու շուրջ: Վ. Թումասյանը նաեւ ԱԺՄ մարզային կառույցի ղեկավարն է եւ ակտիվ ընդդիմադիր գործիչ: Ավելորդ աղմուկից խուսափելու համար, նրան, ի վերջո, հավատարմագրել են:

Գյումրիում ընդունելության քննություններն սկսվում են այսօր:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել