Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղքը բարդեցին մահացածի վրա

Հուլիս 22,2006 00:00

Քննիչը հանդես եկավ որպես մահվան ելքով վիրահատություն արած բժիշկների «փաստաբան»:

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) շարունակվեց համայնքի դատախազության ավագ քննիչ Արշակ Վարդանյանի կայացրած 16.11.2005թ. քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունը: Սյուզաննա Բադալյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով արված ծննդաբերությունից 5 րոպե հետո ուրոլոգ Երվանդ Հարությունյանը, առանց հիվանդի եւ նրա հարազատների համաձայնության, սկսել է երիկամի վիրահատություն կատարել, ինչի արդյունքում Սյուզաննա Բադալյանը մահացել էր, եւ բժիշկներ Երվանդ Հարությունյանի, Սոնա Խաչատրյանի եւ Շուշանիկ Գրիգորյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Սակայն քննիչ Վարդանյանը հանցակազմի բացակայության հիմքով կարճել է քրեական գործը: Երեկ իր առարկությունները այդ կապակցությամբ դատարանին ներկայացրեց Սյուզաննա Բադալյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա պնդեց, որ «քրեական գործի վարույթը կարող է կարճվել միայն այնժամ, եթե պարզվի, որ բացակայում է հանցագործության դեպքը: 16.08.2005թ. դատախազությունը պարզելով, որ տեղի է ունեցել հանցագործություն, քրեական գործ է հարուցել: Վարույթը կարճվելով, չի հերքվել հանցագործության դեպքը, եւ որեւէ մեկի գործողություններում (թվարկված բժիշկների) հանցակազմի բացակայությունը հիմք կարող է լինել քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե մինչ այդ նրանց մեղադրանք առաջադրված լիներ»,- նշեց փաստաբանը:

Իր հակափաստարկներում էլ այս գործով ավագ քննիչը՝ ներկայումս դատախազի տեղակալ Ա. Վարդանյանը, ողջ մեղքը բարդեց անժամանակ կյանքից հեռացած Սյուզաննա Բադալյանի վրա: «Ս. Բադալյանը բարդագույն վիրահատական վիճակի է հասել սեփական մեղքով, հակառակ հղիությունը դադարեցնելու եւ վիրահատվելու վերաբերյալ մանկաբարձ-գինեկոլոգ Շ. Գրիգորյանի բազմաթիվ հորդորներին ու առաջարկություններին, նախազգուշացված լինելով, որ հղիանալը, ուռուցքային հիվանդություն ունենալու պայմաններում, իրեն հակացուցված է»:

Տուժողի ամուսինը՝ Արման Քրմոյանը, մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր առարկությունները կներկայացնի հաջորդ դատական նիստին եւ հերքեց, թե «բազմաթիվ հորդորներ ու առաջարկություններ են եղել»: Ինքը դրանցից որեւէ մեկին տեղյակ չի եղել: Այս գործով եղել է 39 հանձնաժողովային, դատաբժշկական եզրակացություն, որով հաստատվել է բժիշկների մեղքը՝ ոչ պատշաճ մասնագիտական օգնություն ցույց տալը, ինչը առաջացրել է մահ: Սակայն լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությամբ էլ նույն բժիշկներից կազմված հանձնաժողովը տվել է մեկ այլ եզրակացություն: Հայկ Ալումյանին հետաքրքրում էր, թե ինչու չի բավարարվել տուժողի իրավահաջորդի միջնորդությունը՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ, այլ, ընդհակառակը, վկայի կարգավիճակ ունեցող բժիշկ Երվանդ Հարությունյանի միջնորդությունն է բավարարվել. իր կողմից նշված մասնագետներն են ներառվել հանձնաժողովում: Նկատենք, որ վկան կամ փաստացի կասկածյալը իրավունք չուներ միջնորդություն անելու, առավել եւս՝ ուղղորդելու նախաքննության մարմնին: Դրան ի պատասխան՝ Ա. Վարդանյանը հորդորեց՝ «պետք չէ բառախաղ անել, եւ ընդամենն այս վկան օգտվել է քրգործի նյութերում առկա փորձաքննություններից բխող հարցադրումներից»: Եվ բժիշկներին էլ ինքը մեղադրանք չի առաջադրել, քանի որ, ըստ նրա, բավարար չէին ապացույցները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել