Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմիտրովի հողերն անջրդի են

Հուլիս 22,2006 00:00

Ասորիները ջուր, գյուղտեխնիկա եւ մշակույթի տուն չունեն

Արարատի մարզի Դիմիտրովը ասորիներով բնակեցված գյուղ է, ունի 1250 բնակիչ: Ասորիների խնդիրները գրեթե չեն տարբերվում հարեւան հայաբնակ գյուղերի խնդիրներից: Դիմիտրովի գյուղապետ Անդրյուշա Լաչինյանի ներկայացմամբ, առաջնահերթ լուծման կարոտ է խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը. «Մեր գյուղում խմելու ջրի վիճակը շատ վատ է: Խողովակները 30-40 տարվա են, ամբողջ համակարգը պիտի փոխվի, ուզում ենք հարցը լուծել, բայց փող չկա»: Այս տարի ոռոգման ջրի ուշացումների պատճառով գյուղացիները մեծ վնասներ են կրել՝ բերքը լավ չի աճել, եղածն էլ երաշտն է փչացրել:

Ըստ գյուղապետի, Դիմիտրովի 300 հեկտար մշակելի հողերից 3 հեկտարը չի մշակվում հենց ջուր չլինելու պատճառով: Գյուղի ճանապարհները եւս անմխիթար վիճակում են, տեղ-տեղ նույնիսկ անանցանելի: Ա. Լաչինյանի ներկայացմամբ, գյուղի բյուջեն կազմում է ընդամենը 14 մլն դրամ, որից 4 միլիոնը դոտացիաներն են. «Այդքան չնչին գումարով համայնքի խնդիրները չենք կարող լուծել»: Ասորիներն իրենց ազգային ավանդույթներն ու մշակույթը չմոռանելու համար ծրագրել են ազգային պարի խումբ ստեղծել, սակայն գյուղում մշակույթի տուն չկա: Բնակիչների խոսքերով, «մի փոքրիկ կլուբ է, որտեղ էլ երեխաները հավաքվում են՝ մշակույթ-մշակույթ են խաղում»:

Գյուղի մանկապարտեզի շենքը վերանորոգման կարիք ունի, երեխաների ժամանցը կազմակերպվում է անտանելի պայմաններում, փոքրիկների համար չկան հարմարություններ:

Դիմիտրովցիները նաեւ դժգոհեցին, որ գյուղնշանակության տեխնիկան իրենց չի բավականացնում: Գյուղում աշխատում է ընդամենը չորս տրակտոր. «Օրերով ընկնում ենք տրակտորիստի հետեւից, որ գա հողը վարի, մեկ էլ իմանում ենք՝ արդեն խարաբա ա եղել, մինչեւ կողքի գյուղերից ճարում-բերում ենք՝ արդեն ուշ է լինում: Ստիպված հինը սարքում՝ յոլա ենք գնում, ռիսկ էլ չենք անում վարկով նոր տեխնիկա առնենք. բա որ չկարողանանք տակից դուրս գանք»:

Դիմիտրովի դպրոցում ասորերենը դասավանդվում է որպես օտար լեզու: Ասորերենի դասերին ըստ ցանկության կարող են մասնակցել նաեւ հայերն ու գյուղում բնակվող եզդիները: Բնակիչների խոսքերով, այս գյուղը հարեւան գյուղերի հետ համեմատած՝ «շատ ավելի վատ վիճակում է, քանի որ հարեւան գյուղապետերն ամեն ծակուծուկում բարեկամ ու ծանոթ ունեն եւ կարողանում են իրենց գործերն առաջ տանել»:

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել