Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին եւս չի մեկնի Մոսկվա

Հուլիս 22,2006 00:00

Սահակաշվիլին
եւս չի մեկնի Մոսկվա Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պաշտոնապես
մտահոգություն է հայտնել Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից ռուս խաղաղապահների դուրսբերման
մասին Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդվում
է ներկայումս ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Եվրոպական
միությունը խորապես մտահոգված է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների
շարունակվող լարվածությամբ եւ Հարավային Օսեթիայի վերջին միջադեպերով, որոնք չեն
նպաստում տարածաշրջանի կայունությանը»,- ի մասնավորի, ասվում է ֆիննական ԱԳՆ կայքէջի
մամլո հաղորդման մեջ: Փաստաթղթում մտահոգություն է արտահայտվում նաեւ ռուս-վրացական
սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետի փակման առնչությամբ: Ապա Ֆինլանդիայի արտաքին
քաղաքական գերատեսչությունը ԵՄ անունից բոլոր կողմերին կոչ է անում ջանքեր գործադրել՝
տարածաշրջանում կայունության ապահովման եւ խաղաղ զարգացման համար: Փաստաթղթում ընդգծվում
է նաեւ ԵՄ նվիրվածությունը Վրաստանի տարածքային հակամարտությունների խաղաղ լուծմանը՝
երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում: Ի դեպ,
երեկ հայտնի դարձավ նաեւ, որ չի կայանալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու
նախապես պլանավորված այցը Մոսկվա: Այս մասին հուլիսի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ
հայտարարել է Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն: Նա հայտնել
է, թե Մոսկվա մեկնելուց Վրաստանի նախագահի հրաժարման պատճառների վերաբերյալ պաշտոնական
հայտարարություն կանի Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին: Վրաստանի ԱԳՆ ղեկավարի
ելույթի ժամկետը կհաղորդվի ավելի ուշ: Նշենք, որ Մոսկվայում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում
Սահակաշվիլին մտադիր էր հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն այդ հանդիպումը
հարցականի տակ էր հայտնվել, ու թերեւս հենց այդ անորոշությունն էլ կարող է հանդիսացած
լինել Վրաստանի նախագահի անսպասելի որոշման պատճառը: Ենթադրելի է, որ եթե
վերոհիշյալ հանդիպումը կայանար, ապա երկու նախագահների խոսակցության հիմնական թեման
լինելու էր Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում տեղակայված ռուս խաղաղապահներին
առնչվող խնդիրը: Սակայն ամեն ինչից երեւում է, որ այդ խնդրում ռուսական կողմը եւս
վրացականից պակաս «կողահաստ» չէ: ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության
հարցերի կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովի՝ խնդրո առարկայի վերաբերյալ արած մեկնաբանությունը,
որն, ըստ էության, պաշտոնական դիրքորոշում է, ասվածի լավագույն ապացույցն է: «Ռուս
խաղաղապահների դուրսբերումը Ցխինվալի տարածաշրջանից եւ Աբխազիայից կհանգեցնի հակամարտության
էսկալացիայի: Խաղաղապահների ներկայությունը հակամարտության գոտում այսօր խաղաղության
եւ անվտանգության միակ երաշխիքն է այդ տարածաշրջանում, իսկ նրանց հեռանալը նշանակում
է բանակցային գործընթացի վերափոխում զինված դիմակայության»,- փաստորեն, սպառնացել
է Օզերովը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել