Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգությանը» կրկին զրկեցին

Հուլիս 22,2006 00:00

Երեկ
«Ժառանգություն» կուսակցության՝ Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող գրասենյակի մոտ
կրկին հերթական իրավական պարզաբանման խնդիր էր առաջացել: Օրերս դատարանը
որոշել էր վերականգնել «Ժառանգություն» կուսակցության՝ իր գույքը տիրապետելու խախտված
իրավունքը: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցներն այլ կերպ էին հասկացել դատարանի որոշումը:
«Ժառանգություն» կուսակցության կանոնադրական հանձնաժողովի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը
տեղեկացրեց. «Դատարանի որոշումից պարզ է դառնում, որ «Ժառանգություն» կուսակցության
պայմանագիրը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ վավեր
է մինչեւ 2007թ., քանի որ դատարանը պարտադրել է մեզ կատարել պայմանագրային պարտավորությունը՝
վճարել տարածքի վարձակալման մի քանի ամիսների գումարը, որը մենք պատրաստ ենք վճարել:
Եթե պայմանագիրը առ ոչինչ լիներ, ինչպես թատրոնի տնօրինությունն էր պնդում, մեր նկատմամբ
որեւէ գումարային պարտադրանք չէր կարող լինել: Որոշման մեջ նշված է. ապահովել մեր՝
գույքի տիրապետման իրավունքը: Նշվել է նաեւ, որ թատրոնի գործողությունը՝ ապօրինաբար
դուռը փակել վարձակալողների առջեւ, անօրինական է»: Զրուցակիցս նաեւ տեղեկացրեց,
որ իրենք հուլիսի 20-ին խնդրել էին ԴԱՀԿ ծառայությանը՝ գալ եւ ի կատար ածել դատարանի
որոշումը: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցները չէին ներկայացել: Նրանցից մեկը եկել էր ուշացումով,
կուսակցության անդամների ներս մտնելուց հետո, արձանագրություն կազմել, որ կուսակցականները
ի կատար են ածել որոշումը, ինչի տակ իրենք ստորագրել են: Սակայն երեկ ԴԱՀԿ-ից կրկին
եկել էին, մտել ներս, իսկ կուսակցականներին ներս չեն թողել: Հ. Խուրշուդյանի ներկայացմամբ,
ԴԱՀԿ աշխատակիցները կարծել են, թե «Ժառանգության» գույքը պետք է հանեն տարածքից եւ
տան տերերին: Կուսակցականներն էլ նրանց իրավական օգնություն են առաջարկել՝ դատարանի
որոշումը ճիշտ կատարելու համար: Այդուհանդերձ, «Ժառանգությունը» կրկին դիմել է դատարան՝
որոշման պարզաբանում ստանալու համար, ինչից պարզ կդառնա՝ «Ժառանգության» գույքը պետք
է հանեն տարածքից եւ հանձնեն տերերի՞ն, թե՞ կուսակցականները պետք է մտնեն եւ տիրապետեն
այն: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցները չէին սպասել այդ պարզաբանմանը եւ առանց կատարողական
թերթի՝ եկել էին գույքը տեղափոխելու: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, որոնցից միայն
մեկն էր համազգեստով, հրաժարվեցին հարցազրույց տալ «Առավոտին»՝ պատճառաբանելով, որ
իրենք նոր են ԴԱՀԿ-ում ընդունվել աշխատանքի կամ ընդհանրապես աշխատակից չեն: «Ժառանգությունից»
տեղեկացրին, որ ոչ աշխատակից ներկայացած անձը ԴԱՀԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի
պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Վ. Ենոքյանն է: Կուսակցականները
նաեւ չբացառեցին, որ հաջորդող օրերին ապօրինությունները կարող են շարունակվել: Է.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել