Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԱԽՆ Է ԻՐԵՆՑ ՄՂՈՒՄ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Հուլիս 22,2006 00:00

Գնահատելով
իշխանական ուժերի այսօրվա գործողությունները՝ ասում է կոմունիստ (բայց ոչ ՀԿԿ անդամ)
Խորեն Թռչունի Սարգսյանը: – Խորեն Թռչունիչ, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այսքան
ակտիվ իշխանական ուժերը եւ ի՞նչ եք մտածում պաշտպանության նախարարի՝ Հանրապետական
դառնալու մասին: – Իրոք, իշխանությունները ավելի են արագացրել քաղաքական գործընթացները,
քան ընդդիմությունը, եւ եթե այս իրավիճակը վերլուծենք, կստացվի, որ առաջ, երբ ընդդիմությունն
էր ակտիվ, հաղթում էր իշխանությունը, հիմա իշխանությունն է ակտիվացել, եւ այս անգամ,
վստահ եմ, կլինի հակառակը՝ ընդդիմության դերի բարձրացում կլինի եւ իշխանությունը
անկում կապրի: Որոշ նշաններ արդեն ինքնըստինքյան նկատելի են: Ինչ վերաբերում է Սերժ
Սարգսյանի՝ Հանրապետական դառնալուն, ասեմ, որ մենք ժամանակից շուտ մտանք Եվրոպա:
Սա եվրոպական ձեւ է, որտեղ տղան եւ աղջիկը հանդիպում են իրար հետ, ման են գալիս,
ղալաթ են անում եւ դրանից երեխա է ծնվում, այդ երեխան էլ դառնում է վեց տարեկան,
եւ ծնողները մտածում են ի ցույց աշխարհի ասել, որ իրենց հարսանիքն է, ինչ է թե, երբ
եկեղեցում տերտերը հարցնի տղային, ասի՝ «Տե՞ր ես», նա ասի՝ «Տեր եմ»: Հարսին հարցնի՝
«Հնազա՞նդ ես», նա ասի՝ «Հնազանդ եմ»: Իհարկե, հարսի եւ փեսայի դերերը չեմ բաժանում
եւ չեմ ասում, թե ով-ով է, թողնում եմ իրենց բաժանելուն: 2003-ից շատ ավելի շուտ
էին իրենք իրար հետ՝ դեռ 2000-ից: – Իսկ այդ միասին լինելու նպատակը ո՞րն
է: – Եթե իշխանությունները իմանային, որ իրենց կատարած աշխատանքներով վերընտրվելու
են, այս քայլին չէին գնա: Նրանք գնացին այս քայլին, որ կարողանան իրենց տեղը նորից
ապահովել Ազգային ժողովում եւ իշխանությունը իրենց ձեռքում պահել: Իսկ երկրի ապագան
ես կապում եմ ընտրությունների հետ, որը պետք է լինի արդար, ուրիշ բան չի կարող լինել.
իհարկե, իշխանությունը ամեն ինչ կանի խախտումներ կատարելու համար, ամեն մի քայլի
կդիմի, բայց եթե, Աստված ոչ անի, նույն ձեւով իրենք փորձեն մնալ իշխանության, ուրեմն,
հավանական է, Հայաստանը լրիվ կդատարկվի: Արաբական աշխարհում պատերազմի հետեւանքով
հայ ժողովուրդը այսօր գալիս է Հայաստան՝ հույս ունենալով, որ սա իրենց հողն է, եւ
կարող են ինչ-որ ժամանակ իրենց գլխին ծածկ ունենալ: Շուտով նրանք եւս կհիասթափվեն,
այլ տեղ կփնտրեն ու կհեռանան՝ ավելի ապահով ապրելու համար: – Բայց չե՞ք գտնում,
որ ընդդիմադիր կուսակցությունները չափազանց պասիվ են, եւ այս իրավիճակում ամբողջ
դաշտը թողնված է նույն իշխանությանը: – Այսպիսի բան գոյություն ունի. եթե
մեկը հանցագործություն է կատարում, ասենք՝ ուզում է մեկի տնից միայն հացի փող գողանալ,
եւ պատահաբար նրան տանտերը տեսնում է, վախի զգացում է առաջ գալիս, եւ նա կատարում
է մի երկրորդ հանցագործություն՝ սպանում է տանտիրոջը, հետո, հետքերը թաքցնելու համար,
սպանվածին այրում է՝ կատարելով երրորդ հանցագործությունը, եւ այսպես շարունակ: Հիմա
նույն բանը կատարվում է այս իշխանությունների հետ. իրենց կատարած հանցագործությունները
թաքցնելու վախն է իրենց մղում նոր հանցագործությունների: – Դուք ինչպե՞ս եք
բացատրում ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հարաբերությունները եւ հավատո՞ւմ եք, որ առաջինը
աշխատում է հանուն Սերժ Սարգսյանի, երկրորդը՝ հանուն Ռոբերտ Քոչարյանի, եւ արդյոք
կա՞ն հակասություններ նրանց միջեւ: – Չէ, ի սեր Աստծո, առհասարակ Սերժ Սարգսյան-Ռոբերտ
Քոչարյան հակասությունները սարքված բաներ են, ոչ մի հակասություն չկա, դա իրենք են
հատուկ ի ցույց դնում, որպեսզի էն մեկի դերակատարությունը ավելի բարձրացնեն։ Այդպիսի
բան գոյություն չունի. եթե այսօր փորձես այդ երկուսի արանքը ական դնել, տրաքացնել,
նրանք չեն բաժանվի իրարից, նրանք հազար թելերով են իրար կապված: Ինչ մնում է «Բարգավաճ
Հայաստանին», երեւի Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականության մեջ մտնելու նպատակը ինքնըստինքյան
իր ունեցվածքը պահելն է այս իշխանություններից: Ես դա այսպես եմ գնահատում եւ մտածում
եմ, որ նրա անունը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ այդ մարդուն վարկաբեկելու համար:
– Անդրադառնանք ձեր կոմունիստական կուսակցությանը, այսօր ի՞նչ վիճակ է կոմկուսում:
– Հայաստանի կոմկուսի մասին խոսելիս ես սրտի ցավ եմ ապրում եւ թույլ չեմ տա,
որ որեւէ մեկը փորձի ձեռք բարձրացնել կոմկուսի վրա, քանի որ նախ՝ Հայաստանի կոմկուսը
միշտ եղել է ազգային, եւ այն, որ մենք այսօր կանք այս քառակուսու վրա, այս կուսակցության
շնորհիվ է: Կուսակցության ղեկավարները ինչ կասեն՝ ես թողնում եմ իրենց խղճին, իսկ
մեր բաժանումը, մեր նեղվածությունը եղել է այն պատճառով, որ մենք առաջին օրվանից
կողմ ենք եղել միավորման: Մենք իրավունք չունենք մեր ընտրազանգվածը թողնել բարձիթողի
վիճակում: Ինձ մեղադրում են Յուրի Մանուկյանի կողքին նստելուց, բայց ո՞վ է ասել,
որ ես Յուրի Մանուկյանին չեմ մեղադրել: Սակայն դա չի նշանակում, որ խռովությունը
պետք է այնքան տարածված լինի, որ շարքային կոմունիստները մեր անշնորհակալ վերաբերմունքից
տուժեն, մեր ժողովուրդը տուժի մեր երեսից: Ես այդ նույն մարդկանց կարող եմ շատ բաներում
մեղադրել, բայց Հայաստանի կոմկուսը ուզում է, որ մարդու կողմից մարդու շահագործումը
վերանա, որ վերականգնվի սոցիալական արդարությունը: Շարքային կոմունիստները կենսունակ
են, ցավում եմ, բայց վերադասն է ոչ կենսունակ: Ես պարտավոր եմ միավորել բոլոր կոմունիստական
կուսակցությունները, եւ եթե փորձեն չմիավորվել, ապա Հայաստանի հանրապետական կոմունիստական
կուսակցությունը ինձ համար դժվար չէ գրանցել, համագումար անել եւ ստեղծել նոր ուժ:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել