Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականն իր հաշվարկում արդեն առնվազն երեք բրոնզե մեդալ է գրանցել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը քառորդ եզրափակիչում ուժերը չափելու էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ժեյբուն Աբիեւի հետ, որը EABA-ի փոխնախագահ Աղաջան Աբիեւի եղբոր որդին է: Սակայն հայ բռնցքամարտիկը ցույց տվեց, որ ինքը հոգեբանորեն պատրաստ է պայքարել յուրաքանչյուր մրցակցի հետ՝ անկախ նրա ունեցած ազգակցական կամ բարեկամական կապերից: Հովհաննեսը բոլոր չորս ռաունդներն էլ անցկացրեց վերելքով ու մրցավարները միավորների պատկառելի առավելությամբ՝ 33:19, արձանագրեցին ադրբեջանցու պարտությունը: Այս հաղթանակից հետո Հովհաննես Դանիելյանը մտավ կիսաեզրափակիչ (սիրողական բռնցքամարտում երրորդ եւ չորրորդ տեղեր գրավողները համարվում են բրոնզե մեդալակիրներ), իսկ դա նշանակում է, որ նա Պլովդիվում իր համար արդեն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել: Վաղը՝ նախավերջին փուլում Հովհաննեսի մրցակիցը լինելու է Ռուսաստանի բազմակի չեմպիոն հայազգի Դավիթ Հայրապետյանը:
Իրեն լավագույն կողմերով է դրսեւորում նաեւ հայաստանցի 60 կգ քաշային Հրաչիկ Ջավադյանը: Նա նույնպես արդեն կարող է շնորհավորանքներ ընդունել Բուլղարիայում նվազագույնը «բրոնզ» նվաճելու համար: Մեկնարկային մենամարտը կիպրոսցի Իվիդիու Բոբիրնատից 34:17 հաշվով շահելուց հետո, Հրաչիկն այնուհետեւ պարտության մատնեց լեհ Քրիստոֆ Զոտին՝ 20:10, ու անցավ կիսաեզրափակիչ: Հետաքրքիր զուգադիպությամբ հաջորդ փուլում մեր բռնցքամարտիկը նույնպես ուժերը չափելու է հայազգի բռնցքամարտիկի հետ: Նա Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Վազգեն Սաֆարանյանցն է:
Ցավոք, իրենց երկրորդ մենամարտերը տանուլ տվեցին Սամվել Մաթեւոսյանն ու Արտակ Մալումյանը: 69 կգ քաշային կարգում Սամվելը երրորդ ռաունդում զիջեց ուկրաինացի Օլեքսանդր Ստրեցկիին, իսկ Արտակը երկրորդ ռաունդում բացահայտ պարտություն կրեց ռուսաստանցի Արթուր Բետերբիեւից:
Երեկ Պլովդիվի ռինգում պայքարի մեջ պետք է մտնեին մեր հանրապետության եւս երեք ներկայացուցիչներ:
51 կգ. Վաչագան Ավագյան-Սամիր Մամադով (Ադրբեջան):
57 կգ. Ալբերտ Սելիմով (Ռուսաստան)-Էդգար Մանուկյան:
64 կգ. Գիուլա Կատե (Հունգարիա)-Գեւորգ Թամազյան:
Երբ թերթը պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ երեկ մեր երեք բռնցքամարտիկներն էլ իրենց մենամարտերը տանուլ են տվել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ