Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏԸ ԱԶԳԻ ԷՈՒԹՅԱՆ ԼԱԿՄՈՒՍՆ Է

Հուլիս 21,2006 00:00

Հարցազրույց
սիրողական բռնցքամարտի աշխարհի կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, «Բարեկամության
շքանշանի» արժանացած միակ հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հետ: – Ինչպե՞ս
եք տեսնում սպորտի այսօրվա վիճակը Հայաստանում: – Տարիներ առաջ բավականին
երկար ժամանակ սպորտը բարձիթողի վիճակում էր, ինչի արդյունքում զգալիորեն ետ նահանջեցինք:
Բարեբախտաբար, այսօր սպորտը թե ժողովրդի, թե իշխանության ուշադրության կենտրոնում
է եւ առաջընթացը նկատելի է, թեեւ անելիքներ դեռ շատ կան: Սպորտը ցանկացած երկրի համար
եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության հիմնաքարն է: Հայաստանի համար՝ առավել եւս:
Առողջ, ուժեղ ու ամրակազմ քաղաքացին երկրի ամենամեծ հարստությունն է: Իսկ դրսում,
երբ ի պատիվ հայաստանցի մարզիկի տարած հաղթանակի բարձրացվում է երկրի դրոշը, հնչում
օրհներգը, բարձրանում է նաեւ Հայաստանի հեղինակությունը, աշխարհը տեսնում է, որ մենք
ուժեղ ենք, որ հայը հաղթող է: Երբ հայ շախմատիստները նվաճում են համաշխարհային օլիմպիադայի
չեմպիոնի տիտղոսը, դա խոսում է ազգի խելքի մասին: Իսկ խելացի մարդուն, ազգին հարգում
են: Բռնցքամարտի հայկական դպրոցը շատ ուժեղ է եղել, ինչը, ցավոք, այսօր այդպես
չէ: Ուժեղները հեռացել են. Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը՝ պրոֆեսիոնալ ռինգ, մյուսները՝
Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա ու այլ երկրներ: Բայց շնորհիվ նվիրյալ մարզիչների՝ Հայաստանում
նոր կադրեր աճում են: Կարծում եմ՝ նրանցից շատերը հայկական բռնցքամարտի ավանդույթները
շարունակողը կարող են դառնալ: Ափսոս, որ դանդաղ են առաջ շարժվում նաեւ ուժային մեր
մյուս մարզաձեւերը: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե քննադատությունս ինքնանպատակ
է: Քննադատությունն էլ պետք է տեղին, բայց նաեւ օգնող լինի: Օրինակ, հիմա շատերը
քննադատում են ձմեռային օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկների թույլ մրցելույթները:
Կարծում եմ, այդ քննադատողների մի մասին սպորտը չի հետաքրքրում: Այդպիսիք այլ նպատակներ
են հետապնդում ու անկեղծ չեն իրենց ելույթներում: Այլապես, եթե զուտ մարզական տեսանկյունից
խոսելու լինեին, հաշվի կառնեին երկրի բնակլիմայական, ինչպես նաեւ ձմեռային մարզաձեւերը
զարգացնելու համար անհրաժեշտ միջազգային չափանիշներին համապատասխանող նյութատեխնիկական
բազայի բացակայությունը: – Դուք սպորտից հեռացաք այն տարիքում, երբ դեռ կարող
էիք զարգացնել արդեն ունեցած հաջողությունները: – Հարցադրմանը համամիտ չեմ:
Հեռացել եմ ակտիվ սպորտից, բայց ոլորտից՝ երբեք: Հասարակական գործունեությամբ շարունակում
եմ մնալ սպորտում: ՌԴ-ում հայերի մասնակցությամբ կայացող տարբեր մրցաշարերում, որպես
կանոն, միշտ ներկա եմ լինում ու հնարավորություններիս սահմաններում սատար եմ կանգնում
նրանց: Երկու անգամ ընտրվել եմ ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ: Հիմա էլ իմ մարզիկ ընկերների
հետ Հայաստանում սպորտը զարգացնելու ուղիներ ենք որոնում: Իսկ հիմա ասեմ,
թե ինչու թողեցի մեծ սպորտը: Դա 1989-ին էր, երբ Հայաստանը պատերազմական ժամանակաշրջան
էր թեւակոխում: Տեսականորեն կարող էի շարունակել զբաղվել սպորտով, մարզական նոր բարձունքներ
նվաճել, անունս ու փառքս բազմապատկել, որում վայրկյան անգամ չեմ կասկածել: Բայց սահմանները
պաշտպանության կարիք ունեին: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց երկիրս ինձ համար անձիցս
թանկ է: Դրա համար էլ ինքնապաշտպանության հենց առաջին օրերից մտա պայքարի մեջ, ինչի
համար երբեք չեմ զղջացել: Աստված մի արասցե, եթե այսօր էլ կռիվ լինի, էլի թողնելու
եմ ամեն ինչ ու լինելու եմ առաջին գծում՝ անկախ այն բանից, թե հիմա ովքեր են վայելում
մեր պաշտպանած երկիրը: Իսկ վայելում են թայֆակռիվներում իրենց հերոս զգացողները,
իրենց եսի մասին մտածողները: Դրա համար էլ արդարությունն այսօր մեռել է: Դրա փոխարեն
գերիշխում է «իմ ցեխը, իմ խանութները, իմ դղյակները» մտածողությունը: Ես դաստիարակվել
եմ մարզիկի հոգեբանությամբ՝ հարգել երկրի դրոշը, օրհներգը, երկրի նախագահին, ով էլ
որ նա լինի, դիմացինին, որին չես էլ ճանաչում: Երբ 1988 թվականին «Բարի կամքի խաղերում»
պարտվեցի Մեխակ Ղազարյանին, ամենեւին էլ չէի տխրել: Ընդհակառակը, ուրախ էի, որ էլի
հայ է հաղթել, որ հետնորդս հայ է, իմ հայրենակիցը: Մեխակին գրկեցի ու դահլիճով մեկ
պտտեցրի: Մտածում էի. «Թող աշխարհը տեսնի, որ հային միայն հայը կարող է հաղթել»:
Ուզում եմ, որ այսօր էլ հայերս, մասնավորապես, մարզական նոր սերունդը, կարողանանք
ուրախանալ մեր հայրենակցի հաղթանակով, որ հաղթանակները մեզ համար շարունակական լինեն:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել