Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում՝ ինչպես Հայաստանում

Հուլիս 21,2006 00:00

Ֆրանսաբնակ
ճանաչված ջութակահարն ու դիրիժորը մեղադրում է երկու երկրների պետական հեռուստատեսության
ղեկավարներին: 1991-ից Փարիզում հաստատված՝ երաժիշտ Հայկ Դավթյանի երրորդ
համերգային այցն է հայրենիք: Առաջին անգամ նա 99-ին ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ
նվագախումբը, 2004-ին նույն նվագախմբի հետ հանդես է եկել որպես ջութակահար: Երեկ
Ազգային օպերային թատրոնում նա ղեկավարեց Վերդիի «Տրավիատան»: Մեներգերով հանդես
եկան Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա), Ռուբեն Նուրիջանյանը (Ալֆրեդ), Կոնստանտին Սիմոնյանը
(Ժերմոն): Հանդիսատեսը բրավոներով եւ բիսերով ողջունեց օպերայում ներգրավված արտիստներին
եւ, իհարկե, առաջին անգամ «Տրավիատան» ղեկավարող Հայկ Դավթյանին: Տեղեկացնենք նաեւ,
որ Ազգային օպերային թատրոնում հիշյալ օպերան 30-ականներից սկսած՝ բեմադրվել է 4
անգամ, վերջինը 2000-ին իրականացրել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը
եւ բեմադրող դիրիժոր ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը: «Առավոտը» ներկայացումից
հետո իրեն հուզող հարցերն ուղղեց երաժշտին: Զրույցից պարզեցինք, որ Հ. Դավթյանը 1994-ից
Փարիզում հիմնել է իր կամերային նվագախումբը, որը 2005-ից կրում է «Նաիրի» անունը:
Արվեստագետը երրորդ տարին է, ինչ Ստրասբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Կանխելով
մեր հարցը, նա հայտնեց, որ զբաղվածության պատճառով չի կարողանում հաճախակի հանդես
գալ հայրենիքում. «Շաբաթվա ընթացքում 16-20 ժամ դասավանդում եմ, զուգահեռ ղեկավարում
երկու նվագախումբ՝ ուսանողական եւ պրոֆեսիոնալ: Շուտով կավարտեմ ձեռնարկը ջութակահարների
համար»: Այս ծանրաբեռնվածության հետ մեկտեղ, Հ. Դավթյանը 1996-ին որպես ջութակահար
կամերային անսամբլի կազմում, ֆրանսաբնակ ճանաչված դաշնակահար Արթուր Ահարոնյանի ընկերակցությամբ
Փարիզում ամենամյա կամերային անսամբլների մրցույթում շահել են գլխավոր մրցանակը:
«Արթուրի հետ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ունեցել ենք շուրջ 20 համերգ: Մինչեւ
այս տարվա վերջ «Նաիրի» կամերային նվագախմբով կունենանք եւս 10 ելույթ եւ 2 երկու
համերգ պլանավորել եմ սիմֆոնիկ կազմով: Ընդ որում, Ֆրանսիայում արդեն ճանաչված «Նաիրիին»
մեծ սիրով են միանում այլ երաժիշտներ՝ սիմֆոնիկ կազմ ապահովելու համար: Նշեմ, որ
մեր երկացանկում գերակշռում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»: Հետաքրքրությանը՝
«Նաիրին» ընդգրկվա՞ծ է սեպտեմբերին Ֆրանսիայում մեկնարկող Հայաստանի տարվա միջոցառումներում,
երաժիշտը պատասխանեց. «Հայաստանի տարվա առիթով, չգիտես ինչու, գերադասում են ներկայացնել
հայաստանյան խմբեր, անհատ արվեստագետներ: Բայց, միեւնույն է, ես շարունակելով իմ
առջեւ դրված հայ կոմպոզիտորներին պրոպագանդելու խնդիրը, ինքս «կխցկվեմ» այդ միջոցառումներում»:
Հարցին՝ մեզ հետ զրուցած եվրոպացի երաժիշտները հավաստիացնում են, որ իրենց երկրներում,
այդ թվում նաեւ Ֆրանսիայում, գնալով նոսրանում է դասական երաժշտության երկրպագուների
զանգվածը, Հ. Դավթյանը պատասխանեց. «Միակ մեղավորը գովազդն է, հանձին Ֆրանսիայի պետական
եւ մասնավոր TV-ների: Չգիտես ինչու, օրինակ, տեղի պետական հեռուստատեսության ղեկավարությունը
որոշել է դասական երաժշտություն պրոպագանդել գիշերային ժամերին: Ինչ է, բարձրակարգ
արվեստը անքնությամբ տառապողների համա՞ր է: Տեղեկացված եմ, որ նույն պատկերն էլ Հայաստանում
է: Չեմ կարծում, որ դա ողբերգություն է: Ժամանակը գիտակցության կբերի, այս դեպքում՝
եւ Հայաստանի, եւ Ֆրանսիայի պետական հեռուստատեսության ղեկավարներին»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել