Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԸ

Հուլիս 21,2006 00:00

Ջոն
էվանսն ասում է, որ Սահմանադրությունը համազգային «խոշոր» երկխոսության դաշտ է բացում
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ասում է, որ ամեն մի սերունդ նորովի է
ընկալում պայքարը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կերտմանն ու ժողովրդավարական
գործելակարգի հաստատմանը: «Ժողովրդավարություն կերտելը անընդհատ ու շարունակական
գործ է,- ասաց Ջ. Էվանսը հուլիսի 10-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին
ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին,- անշուշտ, սա ճշմարտացի է թե
իմ երկրի համար, որն օրերս տոնեց իր 230-ամյա տարելիցը, թե այն երկրների համար, ովքեր
առաջին քայլերն են կատարում ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման ճանապարհին»:
Նա մանրամասնեց իր ասելիքը՝ ներկայացնելով, թե ինչպես է Միացյալ Նահանգների
սահմանադրությունը, որը գործողության մեջ է դրվել 1789թ.-ին, 27 անգամ փոփոխվել ու
լրամշակվել: «Կարելի է իրավամբ ասել, որ Սահմանադրությունն ամերիկացիների
համար հանդիսանում է խոշոր համազգային երկխոսության դաշտ, որին հաճախ բնութագրական
է ընդդիմադիր գաղափարախոսությունների բախումը,- ասաց Ջ. Էվանսը,- ինչ խոսք, այնպիսի
բազմատարր հասարակության մեջ, ինչպիսին մեր հասարակությունն է, կան բազմաթիվ տարաձայնություններ,
որոնք ժամանակ առ ժամանակ բավականին խորանում են»: Նա նշեց, որ ամերիկյան
Սահմանադրությունը դինամիկ զարգացող փաստաթուղթ է մասամբ նաեւ այն պատճառով, որ Ֆիլադելֆիայի
սահմանադրական համաժողովում ստորագրված փաստաթուղթն արդեն իսկ «իր մեջ պարունակում
էր բազմաթիվ հակասությունների սերմեր, որոնք շարունակվում են մինչ օրս»: Սահմանադրության
հաստատումից անմիջապես հետո, ընդամենը վեց ամսվա ընթացքում առաջ քաշվեցին դաշնային
իշխանությունների իրավասությունները սահմանափակող 10 փոփոխություններ: Այս փոփոխությունները,
որոնք հիշատակվում են որպես Իրավունքների հռչակագիր, «մեր համազգային կյանքի այս
կամ այն համատեքստում ամեն օր հիշատակվում են»: Դրանք այն դրույթներն են, որոնք հռչակում
են խոսքի, մամուլի, կրոնի, հանրահավաքների, դատավարության ու մյուս իրավունքները:
Չնայած Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացի դժվարությանը,
դրանցից հետո կատարվել են եւս 17 փոփոխություններ: Փոփոխություններից զատ
եղել են Սահմանադրության դրույթների բազմաթիվ մեկնաբանություններ դատարանների կողմից:
Ջ. Էվանսը նշեց, որ Գերագույն դատարանին է վերապահված «Սահմանադրության դրույթների
բուն իմաստի մասին վերջին խոսքը»: Այնուամենայնիվ, դեսպանը նշեց, որ անգամ
լավագույնս շարադրված Սահմանադրությունն ինքնըստինքյան չի հանգեցնում ժողովրդավարության:
«Կան նորմեր, ուղիներ, մեթոդներ ու ընթացակարգեր կամ, կարճ ասած՝ ավանդույթներ,
որոնք դառնում են միս ու արյուն հիմնարար օրենքի հիմնադրույթներից կազմված կմախքի
շուրջ: Առանց այս ավանդույթների՝ ժողովրդավարությունը կգործի նվազագույն կերպով,
սակայն որպեսզի ժողովրդավարությունը ծաղկում ապրի, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր
ոք կատարի իր պարտքը»,- ասաց Ջ. Էվանսը: Ջ. Էվանսի կարծիքով, ժողովրդավարության
կարեւորագույն ավանդույթներն են հանդուրժողականությունը, ազնվությունն ու պատասխանատվությունը:
«Ժողովրդավարական գործընթացի մասնակիցները պետք է միմյանց նկատմամբ փոխադարձ
հարգանքի գոնե հիմնական նորմերին հետեւեն,- ասաց նա,- միայն այն պարագայում, երբ
քաղաքացին պատրաստ է լսել մյուսների կարծիքն ու քննության առնել նրանց առաջարկած
հնարավորությունները, մյուսների կարծիքը կազդի նրանց մտածողության վրա ու իրենք նույնպես
իրավունք կստանան իրենց ասելիքը ներկայացնել մյուսներին»: Պատասխանատվություն
նշանակում է «ընդունել, որ ժողովրդավարության պարագայում յուրաքանչյուր ոք ընդհանուր
արդյունքների համար ունի պատասխանատվության իր բաժինը, մասնավորապես իր իսկ քայլերի
կամ գործունեության համար»: Քաղաքացիները «պատասխանատու են օրենքի առաջ, ինչպես
նաեւ ընդհանուր պատասխանատվություն ունեն իրազեկ լինել օրվա հարցերի շուրջ, ընտրել
իրենց առաջնորդներին՝ ազատ ու արդարացի ընտրությունների միջոցով, եւ պաշտպանել իրենց
իսկ իրավունքները, եթե դրանք ոտնահարվում են կամ երբ դրանք ոտնահարվում են»,- ասաց
Ջ. Էվանսը: ԿԱՐՈԼԻ ՈՒՈՔԵՐ Վաշինգթոն ֆայլի մշտական թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել