Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ

Հուլիս 21,2006 00:00

Գյումրիում օլիգարխների կուսակցությունները կուսակցական պատկանելություն ունեցող գյումրեցիներին համոզում են դավաճանել իրենց «դավանած» կուսակցությանն ու համալրել իրենց շարքերը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Շիրակի մարզում գործող կուսակցությունների թիվը վերջին շրջանում հասել է մոտ 30-ի: Սակայն մարզում, հատկապես Գյումրիում ակտիվ են նորաստեղծ կուսակցությունները, որոնք իրենց բուն ծրագրերից մեկ բառ անգամ չխոսելով՝ հաջողացնում են հասարակության համակրանքը շահել ու անդամներ հավաքագրել՝ միայն «չուլ»՝ շոր, կոշիկ, բաժանելու միջոցով: Իսկ ավանդական կուսակցությունները ոչ միայն լռում են, այլեւ տպավորություն են թողնում, թե գոյություն չունեն:

Կոմունիստների ղեկավար Գագիկ Մանուկյանին փոխքաղաքապետի պաշտոնն այնքան է գերել, որ նա իր կուսակից ընկերների հետ միասին նույնիսկ մոռացել է նշել մայիսի 1-ն ու իրենց առաջնորդ Լենինի ծննդյան օրը: ՀՌԱԿ-ականներն էլ, թեեւ իրենց անունը փակցված են թողնում քաղաքի կենտրոնի գեղեցիկ շենքերից մեկին, բայց կուսակցության գրասենյակն արդեն վաղուց զբաղեցնում է ՀՌԱԿ-ի հետ կապ չունեցող մի կազմակերպություն: Երկու-երեք տարի առաջ ընդդիմադիրները քիչ թե շատ համախմբվում էին, որոշ հարցերի շուրջ ընդհանուր համաձայնության էին գալիս, քաղաքապետի թեկնածու էին առաջադրում, երբեմն էլ բնակբաշխման խարդախություններից ու մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ալան-թալանից էին խոսում: «Առավոտն» ԱԻՄ-ականներից հետաքրքրվեց, թե ինչո՞վ կբացատրեն հատկապես ընդդիմադիր կուսակցությունների պասիվությունը: «Ընդդիմադիրներին նեղու՞մ են» մեր հարցին ի պատասխան՝ ԱԻՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Ջուլիետա Ավետիսյանն ասաց. «Ինչպե՞ս կարող են կուսակցությունները այս քաղաքում նորմալ գործել, երբ նստածդ տեղը գրասենյակներից վտարում են»: Նա աչքի առաջ ուներ ոչ միայն իրենց գրասենյակից վտարելու, այլեւ ԱԺՄ-ի դառը փորձը: Ըստ նրա, ՀԺԿ-ն էլ Գյումրիում այլեւս գրասենյակ չունի:

«Մեր կուսակցությունը հազարավոր համակիրներ ունի մարզում, բայց ո՞նց կապվեն մեզ հետ, քաղաքի կենտրոնական շենքերը սկսել են թանկ գներով ծախծխել: Մեր գույքն էլ անհետ կորցրին: Ստիպված ես իմ տունն եմ գրասենյակ դարձրել, այստեղ ենք հավաքվում, ժողովներ անում, այդ պատճառով անգամ լրատվամիջոցների ու հ/կ-ների հետ կապն է խզվել»,- դժգոհեց Ջուլիետա Ավետիսյանը: Նրա ներկայացմամբ, կուսակցություններից շատերը մարզերից արտագաղթել են: ԱԻՄ-ական Խաչատուր Մանուկյանի կարծիքով, մարզի կուսակցությունների դիրքերը նաեւ թուլացել են այն պատճառով, որ ընտրություններից առաջ, որպես կանոն, որոշ «շուստռիներ», շահարկելով բնակչության աղքատությունը, նոր կուսակցություն են ստեղծում, որը նույնպես ծառայելու է իշխանությանը. «Պետք էր «Օրինաց երկրին» ջարդել՝ ջարդեցին, ստեղծեցին մեկ ուրիշը՝ «Բարգավաճ Հայաստանը»: Աբսուրդ մի բան. Հայաստանում ի՞նչն է բարգավաճում. կոռուպցիա՞ն, խաբեբայությո՞ւնը, ամոթ է, ամոթ, գոնե մեր քաղաքում բարգավաճելուց չխոսեն, գալիս մարդկանց վտարում են, թե գիտես՝ էս տարածքը ես առել եմ: Ասօր մեր կուսակցություններին ջլատելը դժվար չէ, էսօր մարդիկ գաղափարների շուրջ չեն համախմբվում, այլ համախմբվում են աթոռի ու իշխանության շուրջ»:

«Դուք գիտեք՝ էս մարզում ի՞նչ մարդիկ են մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ, շապիկները տասն անգամ փոխածները, եթե ես լինեի այդ կուսակցության հիմնադիրը, ես երբեք նմաններին տոն չէի տա: «Բարգավաճ» են մտել ժամանակի կարկառուն ՕԵԿ-ականներ, ՀԺԿ-ականներ»,- հավելեց տիկին Ավետիսյանը: Ըստ նրա, իրեն բազմիցս համոզել են փոխել իր կուսակցությունը, նույնիսկ զարմանալիորեն առաջարկել են երկկուսակցական դառնալ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել