Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» գրասենյակի ճակատագիրն անորոշ է

Հուլիս 21,2006 00:00

Դատարանը
«լղոզված» որոշում ընդունեց Թե դեռ որքան ժամանակ «Ժառանգություն» կուսակցության
անդամները կարող են գտնվել իրենց կուսակցության գրասենյակում՝ պարզ չէ: Այս տարվա
մարտի 4-ից Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող գրասենյակը փակ էր կուսակցության առջեւ:
Մուտքի դուռը կնքված էր ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից, եւ ոչ ոք չէր համարձակվել մտնել
կնքված դռան հետեւում գտնվող տարածքը մինչեւ երեկ, երբ «Ժառանգության» մի խումբ անդամներ
լրագրողների ուղեկցությամբ մուտք գործեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի
պետական թատրոնի շենքում գտնվող եւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին
մինչեւ 2007թ.-ը վարձակալության տրված գրասենյակ: Մուտքը նախատեսված էր կեսօրին:
Սակայն բակում հավաքված մի քանի տասնյակ մարդիկ կես ժամից ավելի սպասում էին, թե
ե՞րբ ԴԱՀԿ-ի աշխատակիցները, որոնց հատուկ հրավիրել էին «Ժառանգության» անդամները,
կբարեհաճեն գալ եւ իրենց ձեռքով բացել իրենց իսկ կնքած դուռը: ԴԱՀԿ-ն այդպես էլ հարկ
չհամարեց ժամանել: Ի վերջո, կուսակցականները, դատարանի՝ հունիսի 29-ին կայացրած եւ
հուլիսի 12-ից օրինական ուժ ստացած վճիռը ձեռքներին, իրենք բացեցին իրենց գրասենյակ
տանող մուտքի դուռը եւ հանդիսավոր կերպով մտան փոշեկոլոլ, կեղտաթույր տարածքը: Ավելի
ուշ, երբ հարեւան սենյակում կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Վարդան Խաչատրյանը
եւ կուսակցության վարչության մի քանի անդամներ ասուլիս էին տալիս, գրասենյակ «ժամանեցին»
մի քանի ոստիկաններ: Այնուամենայնիվ, չնայած կատարվածին, ու չնայած դատական
վճռին, դեռ պարզ չէ, թե ինչ շարունակություն կունենա այս պատմությունը, քանի որ Կենտրոն
եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի կայացրած վճիռը այնքան տարաբնույթ մեկնությունների
տեղիք է տալիս, որ չի կարելի միանշանակորեն պնդել, թե՝ այլեւս գրասենյակը վերադարձվել
է վարձակալին: Վճռում, ճիշտ է, ասվում է, որ ավարտվել է ԴԱՀԿ-ի տեղադրած կնիքների՝
«ուժի» մեջ լինելու ժամկետը: Ավելին, որոշված է հայցվորից հետին թվով գանձել պայմանագրային
որոշակի վարձավճարներ` դրանց չվճարումը ամբողջապես վերագրելով պատասխանողի անգործությանը,
ինչը նշանակում է, որ դատարանը ընդունում է պայմանագրի գործողության իրավականությունը:
Սակայն մանեւրելու տեղ դատավճռում, այնուհանդերձ, կա: Եվ եթե որեւէ մեկը վաղը-մյուս
օրը որոշի, որ անօրինականությունները Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր հիմնադրած կուսակցության
հանդեպ դեռ պետք է շարունակվեն, դրանք կշարունակվեն: Թեեւ, եթե անկեղծ լինենք, որեւէ
անօրինականություն անելու համար այս երկրում ոչ դատարանի լղոզված վճիռ է պետք, ոչ
էլ ԴԱՀԿ-ի օգնությունը: Բավական է միայն «բարի կամք» եւ վերեւներից ստացած դաբրո:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31