Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայքարը լրջանում է

Հուլիս 20,2006 00:00

Պլովդիվում
շարունակվող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունում իրադարձությունները
հետաքրքիր զարգացումներ են ստանում: Երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք, որ
հայաստանցի 54 կգ քաշային Գաբրիել Տոլմաջյանը մեկնարկային մենամարտում 29:32 հաշվով
տանուլ է տվել Հունգարիայի ներկայացուցիչ Զոլտ Բեդակին ու դադարեցրել պայքարը: Ցավոք,
նույն օրը մեր ազգային հավաքականը եւս մի կորուստ է ունեցել: 75 կգ քաշային կարգում
վրացի Ռեւազ Կարելիշվիլու հետ մենամարտում մրցավարները երկրորդ ռաունդում պարտություն
են գրանցել Անդրանիկ Հակոբյանին, թեեւ նա այդ պահին բավականին մեծ առավելություն
է ունեցել: Մեր ունեցած տեղեկություններով, հայ բռնցքամարտիկի մրցակիցը երկրորդ ռաունդում
հոնքի վնասվածք է ստացել, եւ բժիշկը վերջինիս թույլ չի տվել շարունակել մենամարտը:
Ըստ կանոնադրության, մրցավարական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել առաջին ռաունդում
գրանցված միավորների հաշվարկմանը, որը եղել է վրացի մարզիկի օգտին: Երեկ կատարվածը
մեկնաբանել խնդրեցինք Հայաստանում գտնվող մասնագետներին: Նրանք դժվարացան մրցավարական
հանձնաժողովի որոշումը սխալ համարել՝ ասելով, որ դա բավականին նուրբ հարց է: Այդտեղ
մեղավոր է ռինգի մրցավարը՝ ռեֆերին: Նա չի նկատել, թե վրացի մարզիկն ինչպես է ստացել
վնասվածքը: Կարգն այսպես է. եթե բռնցքամարտիկի կանոնների սահմաններում կատարած հարվածից
մրցակիցը վնասվածք է ստանում եւ բժիշկն արգելում է մարտը շարունակել, հաղթանակը շնորհվում
է հարվածողին: Եթե վնասվածքը հասցվել է կանոնների խախտումով, բռնցքամարտիկը որակազրկվում
է, եւ հաղթանակը շնորհվում է տուժողին: Անդրանիկի պարագայում նման բան չի եղել: Եվ
քանի որ ռաունդը դեռ չէր ավարտվել, մրցավարները, ինչպես պահանջում է կարգը, հաշվել
են առաջին ռաունդում գրանցված միավորները: Երեկ Պլովդիվում մեր հանրապետության
չորս ներկայացուցիչներ անցկացնելու էին իրենց երկրորդ մենամարտերը, որոնք խոստանում
էին լինել լարված, ինչպես մարզական, այնպես էլ՝ հոգեբանական տեսանկյուններից: 48
կգ քաշային Հովհաննես Դանիելյանը մրցելու էր ադրբեջանցի Ժեյբուն Աբիեւի հետ, որը
EABA-ի փոխնախագահ Աղաջան Աբիեւի (նա, որքան տեղյակ ենք, ժամանակին նման բարձրակարգ
մրցումներում հաճախ գլխավորել է հենց մրցավարական հանձնաժողովները) եղբոր որդին է:
Ճիշտ է, Աբիեւն այս անգամ այդ հանձնաժողովի ղեկավարը չէ, բայց էլի դժվար է ասել՝
հարազատական այդ կապն ինչ-որ ձեւով կանդրադառնա՞ր, արդյոք, մրցապայքարի վերջնական
արդյունքի վրա, թե՞ ոչ: Հուսանք, որ EABA-ի հայաստանցի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի
ներկայությունը կօգնի ազնիվ մրցավարությանը, թեեւ Հովհաննեսը նրա եղբոր որդին չէ:
60 կգ-ում Հրաչիկ Ջավախյանի մրցակիցը լինելու էր լեհ Քրիստոֆ Զոտը, 69 կգ-ում
Սամվել Մաթեւոսյանն ուժերը չափելու էր Օլեքսանդր Ստրեցկկի հետ, ով ներկայացնում է
Ուկրաինայի ուժեղ դպրոցը: Ռուսաստանցի Արթուր Բետերբիեւի հետ ծանր մենամարտ էր վարելու
աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Արտակ Մալումյանը (81կգ): Վիճակագրությամբ
այս բռնցքամարտիկների անձնական հանդիպումներում առավելությունը Բետերբիեւի կողմն
է: Եվրոպայի առաջնությունում արդեն խոշոր սկանդալ էլ է գրանցվել: Առաջնությունը
լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ EABA-ի գործկոմի արտահերթ նիստի որոշմամբ՝
թուրք 60 կգ քաշային բռնցքամարտիկ Այդին Սելչուկը եւ նրա մարզիչ Ասլախատդին Պեկդոգանը
խուլիգանական պահվածքի համար որակազրկվել են. մարզիկը՝ հինգ տարով, մարզիչը՝ ցմահ:
Սկանդալը եղել է Այդինի եւ անգլիացի Ֆրանկլին Գեւինի մենամարտի ժամանակ: Թուրք բռնցքամարտիկը,
որ միավորներով բացահայտ զիջելիս է եղել մրցակցին, սկսել է կոպտորեն խախտել մարտավարման
կանոնները եւ ռեֆերիի մի քանի նախազգուշացումներից հետո որակազրկվել: Համաձայն չլինելով
մրցավարի որոշման հետ՝ Սելչուկը հայհոյանքներով հարձակվել, ապա ձեռնոցները նետել
է նրա վրա, սկսել կոտրել գովազդային վահանակները: Իսկ մարզիչը սանին կարգի հրավիրելու
փոխարեն՝ իր հերթին նրա «արդարացիությունը» մրցավարին ապացուցել է բռունցքներով:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել