Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՅՔԼ ԹԻԲՈ ՈՒՍԱՄԱ բեն ԼԱԴԵՆ.

Հուլիս 20,2006 00:00

վերջին փոխակերպումը Ով ավելի
բարձր (Հատված վեպից) Մենք հասցրինք երեք ժամում մտնել Փեշավար,
քանի որ վարորդն, այնուամենայնիվ, նույն արագությամբ քշեց, ինչ՝ գալուց: Ես սկսեցի
Սունեհրի Մեսջիթ փողոցում վերուվար անել: Սրճարաններից հեռու մնալով՝ նոր անակնկալների
ցանկություն չունեի, հյուրատուն գնալն էլ անիմաստ էր՝ մի ժամը ճանապարհի վրա կծախսվեր:
Մի քանի անգամ թեքվեցի փողոցը հատող նրբանցքներն ու հետ դարձա: Երբ հերթական անգամ
վերադառնում էի, ու մի տասնհինգ քայլ էր մնացել մինչեւ խաչմերուկ, կտրուկ կողքիս
արգելակեց մի հին «Բյուիք»: Մեքենայից դուրս եկան դիմակավոր ու ատրճանակով զինված
երեք հոգի ու, թեւերս ոլորելով, ներս խցկեցին հետեւի դռնից: Ես կարծեցի, որ շտապելուց
էր, որ կոպիտ էին վարվում հետս, բայց նրանք հրմշտելով էլ չբավարարվեցին, սկսեցին
կապել ձեռքերս ու աչքերս՝ ընթացքում արդեն հայհոյելով՝ անգլերեն, արաբերեն, ուրդու
լեզվով՝ խառը, եւ խփելով: – Ինչի՞ համար, ի՞նչ եք ուզում,- աշխատելով դեմքս
պաշտպանել՝ բղավեցի ես: Որեւէ բացատրություն, առհասարակ պատասխան չստացա:
Ես փորձեցի դուռը բացել ու դուրս գցել ինձ: Աջ կողքս նստածն ատրճանակով խփեց քունքիս:
Ես կորցրի գիտակցությունս: …Ուշքի եկա, երբ գիշեր էր: Ես նստած էի տախտակե
կեղտոտ հատակին, ձեռնաշղթայով ջեռուցման խողովակին կապված: Վզակոթիս մեծ այտուց էր՝
վրան արյունը կեղեւ կապած, ականջներիս մեջ՝ ոչ մի վայրկյան չդադարող դժժոց, որի պատճառը
թե արդյունքը ուժեղ գլխացավն էր: Բաճկոնս հանել էին, շալվարիս գրպանները՝ շուռ տվել:
Սենյակը փոքր էր, համարյա դատարկ: Քանի որ լույս չկար, երկաթե ճաղերով լուսամուտն
էլ վարագուրված էր, դա ամբողջն էր, որ հնարավոր էր նշմարել: Հաջորդ օրն արդեն
երեկոյանում էր, ես անգիր էի արել սենյակի աղքատիկ կահավորանքը՝ պահարան, որի բաց
դարակներից միայն մեկին չորս հատ մեծ, տափակ ափսե էր դարսած, հին թախտ՝ մի անկյունում՝
դատարկ պայուսակս, հատակին՝ Փեշավարից գնած գրքերս, բեն Լադենի նկարը՝ պատին, տակը
նշված 25.000. 000 դոլարի գլխագինը [Ներկայումս այն կրկնապատկվել է- խմբ.], նաեւ՝
ինչ-որ մարտաֆիլմի խունացած հայտագիր, երբ դուռը, որ, պարզվեց, կողպած էր, առաջին
անգամ բացվեց, ու երկու հոգի մտան ներս: Ամբողջ գլուխը ծածկող նրանց սեւ կտորե դիմակներից
միայն աչքերն էին երեւում: Մեկը, հագուստներից դատելով, ինձ առեւանգողներից էր, մյուսը՝
ոչ: Սա ահագին երկար ուսումնասիրում էր ինձ: – Ես պետք է հանդիպեի բեն Լադենի
հետ, ե՞րբ եք ինձ տանելու նրա մոտ,- ասացի ես՝ միաժամանակ ցույց տալով պատի պաստառը:
Ինձ առեւանգողը թարգմանեց հարցս ուրդու լեզվի: Մյուսը լռեց մի րոպեի չափ,
հետո բարձր ծիծաղեց: – Չե՞ք հավատում, ես համար կասեմ՝ զանգեք: Նա
առանց բառ արտաբերելու մոտեցավ ու քացով խփեց փորիս: Հետո թողեցին-գնացին: Քիչ անց
բջջային հեռախոսի զանգեր լսվեցին: Պայուսակիցս էր: Ուրեմն, գաղտնի գրպանը չէին նկատել:
Ես ձախ ոտքս մեկնեցի դեպի պայուսակը: Մի քանի մատ հերիք չարեց, որ հասնեի: Դադար
տալուց հետո նորից ու նորից փորձեցի, բայց տարբերությունը չնչին էր, պարզ է՝ ռեզինից
չէի, որ երկարեի: Հեռախոսը զանգում էր ամեն տասնհինգ-քսան րոպեն մեկ, հետո ժամը՝
մեկ, հետո դադարեց: Ես փորձեցի նաեւ հատակին ընկած գրքերից մեկը ոտքով մոտ
քաշել, բայց, կարծես դիտմամբ, այս դեպքում էլ մի քանի դյույմ չբավականացրեց, որ հասնեի:
Գիշերն անցկացրի՝ ծարավից տանջվելով: Երբ լուսացավ, սկսեցի կանչել՝ հե՜յ,
ջուր բերեք ինձ: Ժամեր անց էր, որ ոտքերի քստքստոց լսեցի դռան հետեւից: Ներս եկավ
դեմքը բաց, միջին տարիքի, քրքրված շորերով մի մարդ, որը կեղտոտ ապակե բաժակով ջուրը,
չգիտես ինչու, ինքը խմեցրեց ինձ՝ կեսը ծոցս լցնելով: Լավ էր, որ անմիջապես էլ թիթեղե
կափարիչով քառակուսի մեծ ձեթի աման բերեց, որն ինձ որպես գիշերանոթ պետք է ծառայեր,
թե չէ նախորդ օրը չէի դիմացել ու միզել էի՝ նշան բռնելով հատակի ոչ մեծ ճեղքին, ու
սենյակը թեթեւ գոզահոտ էր ընկել: Հետագա մի շաբաթում նույն մարդն ինձ օրը
երկու անգամ ջուր էր տալիս, մի անգամ հաց ու փլավ, որը պետք է հարմարեցնեի ուտել՝
առանց ձեռքս շղթայից արձակելու: Նա ոչ մի բառ հետս չփոխանակեց, միգուցե չէր էլ հասկանում,
ինչ որ ասում էի իրեն տարբեր լեզուներով: Մի քանի անգամ խնդրեցի, որ կանչի որեւէ
մեկին, որը անգլերեն, ֆրանսերեն կամ արաբերեն է հասկանում՝ թափ էր տալիս գլուխը:
Ցույց տվեցի պայուսակս, նշաններով հասկացրի, որ ինձ տա: Իհարկե, չարեց, իսկ երբ նույնիսկ
հայտնեցի, որ բջջային հեռախոսս է մեջը, չնայած վախենում էի, որ իրեն վերցնի՝ քարտը
մի կողմ շպրտելով, դրան էլ չարձագանքեց: Ես կասկածում էի, որ խուլուհամր է, բայց,
կարծեմ, գերությանս հինգերորդ օրն էր, երբ բերեց աչքերիս դեմ պահեց ամսագրից կտրած
մի գունավոր լուսանկար՝ երեսիս բղավելով. – Բուրջ Դուբա՛յ, Բուրջ Դուբա՛յ:
Լուսանկարում երազային-կապտագույն մի բարձրաբերձ աշտարակ էր: Սպասելով, որ
ես պետք եղածին չափ հիանամ նկարով՝ ավելացրեց. – Բեն Լադե՛ն, բեն Լադե՛ն.
Բուրջ Դուբա՛յ – նո Նյու Յորք: Ես տեղյակ էի աշտարակի մասին: Ամերիկյան մամուլը
մի պահ հեղեղված էր նրա մասին հրապարակումներով՝ աշտարակը երեսուն յարդ բարձր էր
լինելու Նյու Յորքի կործանված «երկվորյակներից»: Էմիրությունների հավակնոտ ծրագրի
իրականացման մրցույթի մասնակիցներից ու հավանական հաղթողներից մեկը բեն Լադենների
շինարարական ընկերությունն էր: ԶԼՄ-ների հիմնական մեկնաբանությունն այն էր, որ արաբական
աշխարհն ուզում է խլել առաջնությունը Արեւմուտքից՝ նախ կործանելով ամերիկյան ամենաբարձր
աշտարակները, ապա՝ վեր խոյացնելով իր սեփականը: Բուրջ Դուբա՛յը՝ Բուրջ Դուբա՛յ,
բայց ես բանտապահիս ցույց տվեցի երեսս, որ քոր էր գալիս ու սափրվելու շարժում արեցի.
հետ էի վարժվել մորուք պահելուց: Եթե ածելի ընկներ ձեռքս, գուցե, սափրվելուց բացի,
նաեւ գամվածի վիճակս կարողանայի փոխել: Նա, քունքի մոտ ցուցամատը պտտելով, նկարը
հարմարեցրեց դիմացս, թախտի վրա հետ հրելով պայուսակս ու գնաց՝ ոտքով խփելով հատակի
գրքերի կույտին, որից Միշել Ուելբեկի «Տարրական մասնիկներն» այնքան մոտեցավ ինձ,
որ հաջողեցի վերցնել: Նույն օրը վերջացրի վեպը: Հաջորդ օրը նորից թերթեցի: Երբ փակեցի
գիրքը, մտածեցի, որ պետք է որ ոչ մի բեն Լադեն էլ Արեւմուտքին սարսափելի չլիներ.
այն ինքն իրեն արդեն քայքայել էր անդառնալիորեն: Օրերը դանդաղ էին անցնում,
նրանց միօրինակությունը խախտում էր միայն անսպասելի հնչող հեռախոսազանգը: Ես անընդհատ
փորձում էի վերլուծել ու կապ գտնել Քալաշայի ճանապարհին տեղի ունեցած հարձակման,
Բաբա-ջանի, Աբու Սուրիի, Ալի Ազիզի ու իմ առեւանգման միջեւ: Բոլոր տարբերակները նույնքան
հավանական էին, ինչքան որ՝ անհավանական: Զգացողություններիս, համակրանք-հակակրանքներիս
կարող էի միայն ապավինելը, բայց դա հիմարություն կլիներ: Մե՛կ անգործությունից, մե՛կ
հուսահատությունից՝ ես ժամանակ առ ժամանակ ձգվում էի դեպի պայուսակս: Փորձեցի նաեւ,
թախտի կափարիչը ցնցելով, դեպի ինձ շարժել այն, բայց ավելի հեռացրի: Փոխարենը նկատեցի,
որ կափարիչի եզրի մեխերից մեկի գլուխը դուրս է եկել: Երկար չարչարվելուց հետո հաջողվեց
կոշիկիս կրունկով թուլացնել ու քաշել հանել: Հաջորդ փուլում սկսեցի մեխով բզբզել
ձեռնաշղթայի կողպեքը: Ապարդյուն: Մեխը ծռելն էլ օգուտ չտվեց, որն արեցի՝ մատներս
քրքրելով: Մտածում էի նաեւ ինչ-որ հնարով վերջին գրություն թողնելու մասին,
որի վերջնական ձեւակերպումը սա էր. «Ամեն ինչ, որ ես արել եմ, ուղղված է եղել իմ
կյանքի գլխավոր նպատակին»: Տասներորդ ցերեկը ներս եկան դիմակավոր մի քանի
հոգի: Մեկը փուշտունների լեզվով դիմեց ինձ ու մի թուղթ տվեց, մի ուրիշը տանելի անգլերենով
թարգմանեց. – Սա անգիր կանես, որ վաղը գալու են՝ քեզ նկարեն: Մտքովդ չանցնի
հրաժարվել՝ լավ չի լինի քեզ համար: Էլ չես կարող, ինչպես որ մինչեւ հիմա, ուտես-խմես
ու քնես քո քեֆին: Պահանջը մեկն էր՝ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն
Իրաքից: – Եվ դուք կարծում եք, որ ամերիկացիք դուրս կբերե՞ն: – Քո
շահերը պահանջում են, որ դուրս բերեն: – Ինձ սպանելու ավելի ազնիվ եղանակ
չկա՞: – Թե չէ ձեր ամերիկացիք որ սպանում են, բոլոր եղանակներն ազնիվ են:
– Լավ, կատակը՝ մի կողմ: Իմ պայուսակի մեջ բջջային հեռախոս կա, վերցրեք ու
սպասեք՝ օրվա մեջ կզանգեն, կիմանաք, թե ես ով եմ: Դեռ շատ եք զղջալու ձեր արածի համար:
Անգլերեն իմացողը թարգմանեց ասածս, մյուսը երկու ցուցամատներն ու բութերը
վեր տնկեց՝ զարմանքն արտահայտելով: Աչքերը կկոցած մի քիչ ինձ նայելուց հետո նա թափ
տվեց պայուսակս: Միջից բան չընկավ, ձայն էլ չլսվեց: Շուռ եկան-գնացին, պայուսակս
էլ հետները տարան: «Մահվան գնացքներ» Վաղուց արեւը մայր էր մտել, երբ
հանկարծ լեղապատառ իրենց սենյակ գցեցին երեք հոգի՝ առանց դիմակի, ու փլվեցին ոտքերիս
առաջ: Երկար մնացին այդպես: Մեկ էլ մթության մեջ զանազանեցի, որ պառկածներից մեջտեղինը
վեր է պարզել ձեռքը, որի մեջ իմ բջջային հեռախոսն էր: Ես վերցրի: Խոսողը միջնորդը
չէր, ավելի կարեւոր անձ էր: Մեղանչումնե՛ր: Բացատրություննե՛ր, թե թյուրիմացությունների
շարան է պատահածը: Մի փոքր էլ համբերությու՛ն՝ երեք օր, եւ ամեն ինչ տեղը կընկնի:
Իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ավելի լավ է, նույն տանը մնամ, որտեղ՝
եմ: Որպես մխիթարանք՝ վաղը՝ մարտի 12-ին, անպայման թերթերը կարդամ: Ինձ առեւանգողների
հետ ավելի լավ է ոչինչ չխոսեմ: Ես գետնին փռվածներին ասացի, որ վեր կենան:
Մեկը գլխի ընկավ լույսը վառել: Հետո ձեռնաշղթաս հանեցին: Ինձ ուղեկցեցին տան մյուս
սենյակները, որոնք ավելի լավ էին կահավորված, առաջարկեցին ընտրել՝ որը կուզեմ: Ես
գերադասեցի մնալ նույն տեղում: Խնդրեցին ավելի հարմարավետ սենյակ տեղափոխվել, ես
իմ ընտրությունս չփոխեցի: Նրանք փափուկ անկողին բերեցին ինձ, սեղան, պայուսակիս պարունակությունը,
համակարգիչս: Ուտելիքներ շարեցին սեղանին: Նախ լողացա, հետո հաց կերա ու քնեցի
մինչեւ առավոտ: Երբ զարթնեցի, անկողնուս կողքը դարսված էին օրվա թերթերը: Առաջին
էջերին նախորդ օրը Իսպանիայում պայթեցված գնացքն էր, տեղեկություններ զոհերի քանակի
մասին՝ շուրջ երկու հարյուր, բազմաթիվ վիրավորներ՝ մոտ հազար հինգ հարյուր: «Մահվան
գնացքներ» կոչվող գործողության հեղինակները տարածել էին նամակ, որտեղ հպարտանում
էին, թե՝ «Մենք հաջողության հասանք՝ կարողանալով ներթափանցել Եվրոպայի սիրտը, հարվածելով
խաչակիրների միության գլխավոր հենակետերից մեկին»: Կոչ էին անում, որ մուսուլմանները
հեռու մնան ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական ու քաղաքացիական շինություններից,
քանի որ շուտով սկսվելու է ահաբեկության նոր ալիք՝ «սեւ մահվան քամիները»: Շուտով
խորհրդարանական ընտրություններ էին լինելու. սոցիալիստները հայտարարում էին, որ դրանց
գնալու են իսպանական զորամիավորումները Իրաքից դուրս բերելու կարգախոսով: Համոզված
էին, որ հասարակության տրամադրությունները նույնպես այդ կողմն են թեքվելու: Ես
նստեցի համակարգչի առաջ, շարադրեցի վերջին օրերի անցած-դարձածը: Գրախանութից վերցրած
թրիլերները թերթեցի: Քնեցի: Մյուս օրը նույն կերպ անցկացրի: Հաջորդ երեկոյան մտքովս
անցավ հարցնել, թե կարո՞ղ եմ ինտերնետ միանալ: Իրենց հրահանգված է՝ ամեն ինչ, ինչ
որ կուզեմ: Իսկ ինտերնետով զանգել արտասահմա՞ն: Ամեն ինչ, ինչ որ կուզեմ… Մի՞թե
վերջապես կարող եմ զանգել: ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել