Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավաբանական գրասենյակները շատ են

Հուլիս 20,2006 00:00

Բայց երիտասարդները, միեւնույն է, չգիտեն իրենց իրավունքները

Հայաստանում օրեցօր ավելանում է իրավաբանական ծառայությունների թիվը։ Սակայն երիտասարդներն այս կառույցները հուսալի եւ վստահելի չեն համարում։ «Այն, որ դրանք սնկի նման աճում են, փաստում է, որ փող աշխատելու միջոց են։ Մի քանի փողատեր տարածք է վերցնում, սեփական գործը կազմակերպում։ Սակայն դա մեզ օգուտ չի բերում»,- ասում է մեր զրուցակիցը՝ ԵՊՀ ուսանող Նաիրի Հոխիկյանը։

Բնականաբար, «գործ դրած» անձինք հակառակն են պնդում։ Օրինակ՝ «Ձեր իրավախորհրդատու» իրավաբանական խմբի տնօրեն Վարդան Խեչումյանը զրույցի ժամանակ մի շարք դեպքեր թվարկեց, երբ իրենք օգնել են քաղաքացիներին։ Իրավաբանական ծառայություններն ու խորհրդատվությունը այստեղ վճարովի են։ Սակայն սոցիալապես անվճարունակ խավի համար՝ թոշակառուներ, մինչեւ 20 տարեկան երիտասարդներ, դրանք իրականացվում են անվճար։ Իրավաբանական խումբը գործունեություն իրականացնելուց առաջ քաղաքացու հետ պայմանագիր է կնքում։ Սակայն այս պայմանագրերը հաճախ ձեւական բնույթ են կրում։ Նաիրի Հոխիկյանը պատմեց, որ իր բարեկամներից մեկը քաղաքացիաիրավական հայցով պիտի դիմեր դատարան։ Օգնության համար դիմում է նմանատիպ մի իրավաբանական ծառայության։ Պայմանագիր են կնքել, 350 ԱՄՆ դոլար վերցրել, սակայն դատարանում ոչ միայն չեն օգնել, այլեւ լրացուցիչ ծախսերի պատճառ են դարձել։ Բայց Վ. Խեչումյանն այլ կարծիքի է. «Այսպիսի կազմակերպությունների գոյության իմաստն այն է, որ քաղաքացիները, իրենց իրավունքներն ու պարտականությունները իմանալով, կարողանան ներկայացնել իրենց շահերը։ Մենք նրանց շահերը պաշտպանում ենք եւ դատարանում, եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում»,- վստահեցրեց Վ. Խեչումյանը։ Նա տեղեկացրեց, որ քաղաքացիները հիմնականում դիմում են սոցիալական, կենցաղային, բնակարանային վեճերի լուծման համար։ «Երիտասարդների շրջանում հիմնականում գերակայող են ընտանեկան վեճերը։ Օրինակ, ապահարզանի խորհրդատվության կարիք է առաջանում։ Մեզ դիմում են նաեւ հարցով, թե ամուսնալուծությունից հետո երեխաները ծնողներից ում հետ պիտի բնակվեն, կամ՝ ալիմենտի բռնագանձման հետ կապված խնդիրներով»,- ասաց Վ. Խեչումյանը։

Ի հակադրություն Խեչումյանի հնչեցրած թվարկումների՝ ԵՊՀ ուսանողուհի Աստղիկ Կարապետյանը պատմեց իր ծանոթներից մեկի ամուսնալուծության պատմությունը։ Այդ երիտասարդ կինը փորձել է ամուսնալուծվել, դիմել է իրավաբանական նմանատիպ մի ծառայության, որը նրանից պահանջել է 50 ԱՄՆ դոլար։ Կինը հնարավորություն չի ունեցել այդ գումարը վճարել, ստիպված ընկել է դռնեդուռ՝ ամուսնալուծության հարցը լուծելու համար դիմել տարբեր կազմակերպությունների։ «Մեր իրավունքների խախտումները գալիս են մեր չիմացությունից»,- խոստովանեց ԵՊՀ ուսանողուհի Լիա Խաչպանյանը։ Ուսանողուհի Մանե Մադոյանն էլ ասաց, որ իրենց ֆակուլտետի ուսխորհրդում ուզում են այդ գործընթացը խթանելու փորձեր կատարել։

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել