Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԽՈՐԺԱԼԻ ՊԱՏԱՌ՝ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Հուլիս 20,2006 00:00

Գանձաքարի եւ Գետահովտի շուրջ 2000 հա հողերը հատկացվել են Իջեւանին

Տավուշի մարզի Գանձաքար համայնքից 1801.02 հա, իսկ Գետահովտից 84.2 հա մտցվել են Իջեւան քաղաքի վարչական սահմանների մեջ: Այս ամենն արվել է «ճարպիկ» ձեւով: Այս մասին կառավարության ուղղակի որոշում չկա: Փոխարենը կառավարությունը 2005 թ. հոկտեմբերի 6-ին ընդունել է թիվ 2417-Ն որոշումը, որով Իջեւանի վարչական տարածքի ընդլայնման մասին նշվում է, սակայն չի ասվում, թե որ համայնքների հաշվին դա պետք է կատարվի: Սույն որոշումն այս տարվա հունիսի 5-ին վավերացվել է ՀՀ նախագահի կողմից: Այդ հողատարածքները «գրավիչ» են որոշ մարդկանց համար նրանով, որ գտնվում են Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու վրա եւ հարմար են ռեստորանների, առեւտրային կետերի ու այլ եկամտաբեր օբյեկտների կառուցման համար: Հատկապես հրապուրիչ են միջպետական մայրուղու վրա գտնվող Գետահովտից խլվող տարածքները, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն: Գետահովտի 2000 բնակիչ այս հարցով դիմել է ՀՀ նախագահին, սակայն մինչ օրս պատասխան չկա: Ամենազարմանալին այն է, որ Գետահովիտը վարչական սահման չունի Իջեւանի հետ, այլ սահմանակից է Գանձաքարին, եւ մնում է անհասկանալի, թե ինչ տրամաբանությամբ են Գետահովտի տարածքները կցում Իջեւանին: Կառավարությունը այս հանգամանքը բացատրում է նրանով, որ այդ հողատարածքները համարվում են արդյունաբերական հանգույց: Սակայն այնտեղ միակ արդյունաբերական ձեռնարկությունը նոր կառուցվող «Քարարտն» է, որի տարածքը օրինական կերպով հատկացրել է Գետահովիտ համայնքը, այն Իջեւանի վարչական սահմաններից հեռու է 3 կմ: Իրականում այդ տարածքներում մի քանի փոքր ձեռնարկատեր են բիզնես ծավալում, ինչից էլ գոյանում է Գետահովտի բյուջեի 85 %-ը: Հենց այս միջոցներով էլ գյուղը գոյատեւում է: 2500 բնակիչ ունեցող Գետահովիտը շատ սակավահող է: Գյուղի ընդհանուր 235 հա-ից փորձում են «պոկել» շուրջ 85 հա-ն, որից 25-ը գյուղատնտեսական նշանակության եւ սեփականաշնորհված հողեր են:

Գանձաքար համայնքից պահանջվող 1800 հա-ի մեծ մասը գտնվում է Իջեւանից 15-16 կմ հեռավորության վրա: Դրանից 368 հա-ն գյուղատնտեսական հող է, որից 195-ը սեփականաշնորված է գանձաքարցիներին: Հողերի մի մասը տրված է վարձակալությամբ: Մնացածում կան տնամերձ հողամասեր, բնակելի տարածքներ, սեփականաշնորհված 4 անասնապահական համալիր, 18 ֆերմա եւ ջրհան կայան: Այդ տարածքները Իջեւանին հատկացնելով՝ Գանձաքարի բյուջեն կկրճատվի 1/3-ով: Ուշագրավ է, որ 2002թ. հուլիսի 18-ի թիվ 1026-Ն եւ սեպտեմբերի 12-ի թիվ 1451-Ն որոշումներով հաստատվել են Գետահովտի եւ Գանձաքարի վարչական սահմանները: Իսկ 2005-ի փետրվարին 13 նախարարներ եւ Տավուշի մարզպետը կնիքով եւ ստորագրությամբ տվել են իրենց համաձայնությունը՝ Գետահովտի համայնքի հողաշինարարական հատակագծի համար: Սակայն այս ամենից հետո Տավուշի մարզպետարանը կառավարությանը առաջարկել է այլ նախագիծ: Իրենց համայնքներից հողերը վերցնելու որոշման մասին երկու համայնքների ղեկավարները տեղեկացել են Իջեւանի նոտարում, երբ ցանկացել են հունիսի 5-ին Գետահովտում կայացած հողերի աճուրդի պայմանագրերը նոտարով վավերացնել: Սակայն նոտարը հրաժարվել է գործարքը կատարելուց՝ վերջիններիս ներկայացնելով կառավարության որոշումը: Գետահովտի բնակիչ Մհեր Դավթյանը եւ ավագանու բոլոր անդամները հավաստում են, որ սույն որոշման մասին պաշտոնական հրապարակում չի եղել, ինչպես օրենքն է պահանջում: Ինչպե՞ս է Իջեւանի նոտարի մոտ հայտնվել դեռեւս ուժի մեջ չմտած որոշումը: Բացի այդ, Իջեւանի եւ երկու գյուղերի վարչական սահմանների հատակագիծը կազմվել է առանց 2 գյուղապետի համաձայնության: Մարզպետարանը առանց գյուղապետերի հատակագիծը հաստատել է եւ ուղարկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Տարօրինակն այն է, որ հողերը տալու-չտալու վերաբերյալ կառավարությունում սկսել են քննարկել որոշումն ընդունելուց հետո: ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովը այս տարվա փետրվարի 17-ի նիստում քննարկել է Իջեւանի, Գետահովտի եւ Գանձաքարի վարչական սահմանների հարցը, այն դեպքում, երբ արդեն կար կառավարության որոշում: Գետահովտի ավագանու խոսքերով. «Դրանք մեր պապենական հողերն են, եւ ոչ ոք չի կարող զավթել»:

Գանձաքարի եւ Գետահովտի ավագանիները այս հարցում վճռական են տրամադրված: Հողերը կորցնելու դեպքում նրանք ամբողջ կազմով հրաժարական կտան, երկու համայնքների բնակիչներն էլ, նրանց հավաստմամբ, կբոյկոտեն առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Մինչ Իջեւանի քաղաքապետը հայտարարում է պապենական հողերի վերադարձի մասին, գետահովիտցիները մտադիր չեն իրենց պապենական հողերը զիջել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել