Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ»

Հուլիս 20,2006 00:00

Ասում
է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Պարոն Թորոսյան, մեր
թերթին տրված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
նկատել էր, որ ՀՀԿ-ն սովորաբար իր դիրքորոշումը հայտնում է միայն վերջին պահին, եւ
սա առաջին անգամն է, որ ՀՀԿ-ն իրադարձություններից առաջ ընկնելով՝ քաղաքական հայտարարություններ
է անում: Համամի՞տ եք այս գնահատականին, եւ եթե իրոք առաջ եք ընկել, ի՞նչ լուրջ պատճառ
կա դրա համար: – Իհարկե, համաձայն չեմ: Հանրապետականը առաջ չի ընկել եւ քայլեր
է անում այն ժամանակ, երբ հարցերը հասունանում են: Ասվածի վկայությունն է նաեւ այն,
որ կուսակցությունը, ի դեպ միակը հանրապետությունում, իր պատմության ընթացքում շարունակաբար
մեծացրել է իր մասնակցությունը խորհրդարանում եւ դերակատարությունը Հայաստանի քաղաքական
կյանքում: Մենք առաջ չենք ընկնում, այլ ամեն ինչ անում ենք ճիշտ ժամանակին: –
Տեղեկություններ կան այն մասին, որ շատ գործարարների, քաղաքական գործիչների կամ հայտնի
անձանց ստիպում են կամ պարտադրում, որ անդամակցեն Հանրապետականին: Արդյոք Հանրապետականին
պե՞տք է նման մեթոդներով մարդիկ հավաքագրել: – Իհարկե, պետք չէ, եւ նման բան
չի արվում: Պետք է ուշադրություն դարձնել, որ տարբեր մարդիկ՝ պաշտոնյաներ, գործարարներ
կամ պարզապես մարդիկ, ովքեր դեռեւս որեւէ կուսակցության անդամ չեն, բայց որոշակի
ցանկություն ունեն երկրում ընդունվող որոշումների մեջ դերակատարություն ունենալու,
անդամագրվում են այս կամ այն կուսակցությանը կամ ստեղծում են նոր կուսակցություններ:
Պատճառը շատ պարզ է՝ սահմանադրական փոփոխություններից հետո մարդիկ հասկացան, որ իսկապես
էական բաներ են փոխվում կյանքում եւ կուսակցությունները դառնում են քաղաքական կյանքի
հիմնական դերակատարները: Որպեսզի իրենք եւս մասնակցություն ունենան քաղաքական կյանքին
եւ որոշումների ընդունմանը, պիտի լինեն որեւէ կուսակցության անդամ: Հենց այդ բանի
գիտակցությունն է տարբեր մարդկանց մղում անդամակցել այս կամ այն կուսակցությանը,
ինչը, ինքնին, դրական երեւույթ է, իհարկե, սա եւս ուղեկցվում է որոշ ոչ դրական դրսեւորումներով:
– Դատելով ձեր մտքի տրամաբանությունից՝ հնարավոր է, որ ինչ-որ պահի նաեւ Ռոբերտ
Քոչարյա՞նը որոշի անդամակցել որեւէ կուսակցության, որովհետեւ, ի վերջո, «Իմ կուսակցությունը
իմ ժողովուրդն է» կարգախոսը վաղուց հնացած է: – Չեմ կարող ենթադրություն անել
որեւէ կուսակցության՝ հանրապետության նախագահի ապագա անդամակցության վերաբերյալ,
բայց եթե մի օր դա տեղի ունենա, ես բացարձակապես չեմ զարմանա: – Ընդունեք,
որ ամառվա շոգին Հանրապետականի կողմից արվող արտահերթ համագումարը, հայտնի գործիչների
անդամակցության մասին հայտարարությունները եւ այլն տպավորություն են ստեղծում, որ
շտապում եք: Ինչո՞ւ եք այսքան ակտիվացել ամառվա էս շոգին: – Ամառվա շոգն,
իհարկե, կարեւոր գործոն է, բայց քաղաքական կյանքում դա ամենակարեւոր գործոնը չէ:
Ընտրություններին մնացել է մոտավորապես տասը ամիս: Չէի ասի, թե քաղաքական կյանքն
այսօր մեռած է, ճիշտ հակառակը՝ հենց հիմա պետք է լուրջ աշխատել, որպեսզի մի կողմից՝
լավ պատրաստվենք ապագա ընտրություններին, եւ մյուս կողմից, որն ամենակարեւորն է,
հենց այսօրվանից ամեն ինչ անել, որ առաջիկա ընտրությունները բավարարեն միջազգային
բոլոր չափանիշներին: Սա իսկապես կարեւոր է եւ ունենալու է շատ մեծ ազդեցություն մեր
երկրի ներքին եւ արտաքին հարաբերությունների վրա եւ առաջին հերթին՝ ԼՂՀ հարցի լուծման
վրա: Վստահ եմ, որ եւ երկրի ներսում, եւ երկրից դուրս շատ-շատերը ուշադիր հետեւելու
են այդ ընտրություններին եւ անելու են շատ կարեւոր հետեւություններ: – Պաշտպանության
նախարարի անդամակցությունը ՀՀԿ-ին հարցեր է առաջացնում. ի վերջո՝ Հանրապետականում
ո՞վ է լինելու թիվ մեկը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Հասկանալի
է, որ վերջինս շարքային անդամի կարգավիճակով չի լինելու կուսակցությունում: Կարծիք
հնչեց, որ պաշտպանության նախարարը կարող է լինել կուսակցության համանախագահ, փոխնախագահ,
առաջնորդ եւ այլն: – Կարծում եմ, եթե պաշտպանության նախարարը անդամակցում
է Հանրապետական կուսակցությանը, այստեղ որեւէ արտառոց բան չկա; Իհարկե, պարոն Սարգսյանը
ազդեցիկ քաղաքական գործիչ է, իր հերթին՝ Հանրապետականն էլ ազդեցիկ քաղաքական ուժ
է, եթե չասեմ՝ ամենաազդեցիկը՝ ըստ խորհրդարանում ունեցած իր ձայների եւ իր վերջին
տարիների դերակատարության: Եվ շատ բնական է անդամակցությունը հենց Հանրապետականին:
Ինչպե՞ս պիտի հարցերը լուծվեն կուսակցության ներսում: Նույն հարցը առաջանում էր դեռեւս
1998-ին. երբ Վազգեն Սարգսյանը առաջարկեց կուսակցությունը հզորացնել, այն ժամանակ
էլ հարցեր էին առաջանում, բայց, կարծես թե, կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ շատ նորմալ
եւ բնական ընթացք ունեցավ (մոտ մեկ տարի հետո տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը- Մ.
Ե.) եւ որեւէ մեկի հետ կապված որեւէ խնդիր չառաջացավ: Ընդհանրապես, տարիներ շարունակ
Հանրապետական կուսակցությունում ղեկավարության մեջ լուրջ տարաձայնություններ եւ պառակտումներ
հնարավոր չեն եղել, եւ սա է գլխավոր պատճառը, որ ՀՀԿ-ն շարունակական հաջողություն
է ունեցել: Այս դեպքում եւս որեւէ խնդիր չի առաջանա: Ինչպիսին կլինեն լուծումները՝
հայտնի կդառնա համագումարում: Ընդհանրապես, դաշինքների մեջ համանախագահների ինստիտուտը
կիրառելի է եւ կարող է օգտակար լինել, սակայն կուսակցությունների ներսում սա կարող
է լինել առաջին նշանը, որ կուսակցության ներսում ինչ-որ բան այնպես չէ: Եթե կուսակցության
անդամները տեսնում են իրենց դերակատարությունը եւ կարեւորում են կուսակցության դերակատարությունը,
վստահ եմ՝ միշտ էլ հնարավորություններ կգտնվեն դերաբաշխումների համար: – «Բարգավաճ
Հայաստան»-ՀՀԿ հարաբերությունները ինչպե՞ս պիտի դասավորվեն, որովհետեւ կարծիք կա,
որ «ԲՀ»-ին փորձում են խաղից դուրս թողնել: – Տեսնում եմ, որ ոչ թե «ԲՀ»-ին
են խաղից դուրս թողել, այլ մնացած կուսակցություններին, որովհետեւ մի տեւական շրջան
շարունակ խոսում են միայն ՀՀԿ-ի եւ «ԲՀ»-ի մասին. սա թերեւս վիրավորական է մյուս
կուսակցությունների համար: «ԲՀ»-ն դեռեւս պիտի կայանա որպես կուսակցություն եւ դրանից
հետո միայն կարելի է հեռուն գնացող հետեւություններ անել: Վստահաբար կարող եմ ասել,
որ կուսակցության տեղերի թիվը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դարձյալ
ոչինչ չի որոշելու կուսակցության ապագայի հետ կապված: Եվ այս առումով, կարծում եմ,
ինչ-որ տեղ չափազանցված է «ԲՀ»-ի նկատմամբ ուշադրությունը: «Բանդագուշանքներ»
«Վերջին շրջանում որոշ մարդիկ զբաղված են ոչ թե վերլուծություններով կամ,
գոնե, գուշակություններով, այլ բանդագուշանքով, որը իսկապես անհասկանալի է: Ճիշտ
է, մեր պետությունը դեռեւս կարճ կենսագրություն ունի՝ ընդամենը 15 տարեկան է, բայց
արդեն ժամանակն է, որ մի քիչ ավելի լուրջ վերաբերմունք ունենանք, ավելի հիմնավոր
վերլուծություններով զբաղվենք: Այս առումով հետաքրքիր է, որ քաղաքական ասպարեզը եւ
լրատվական միջոցները կարծես համակարծիք են, եւ երկուսն էլ շատ ավելի հետաքրքրություն
ունեն ինչ-որ սենսացիոն, ընդ որում՝ բացարձակապես անհիմն հայտարարությունների հանդեպ:
Ինչո՞ւ պետք է վարչապետը հրաժարական տա, հիմք է, չէ՞, պետք վարչապետի հրաժարականի
համար, եւ լուրջ հիմք է պետք: Ի վերջո, վարչապետի պաշտոնը շատ կարեւոր պաշտոն է,
հուսով եմ, որ Հանրապետական կուսակցության դերակատարությունը եւս մարդիկ քիչ թե շատ
կարեւորում են, հետեւաբար պիտի լինի իսկապես շատ լուրջ պատճառ, որպեսզի վարչապետը
հրաժարական տա: Կամ՝ կառավարության տապալում, կամ՝ ինչ-ինչ քաղաքական ցնցումներ եւ
այլն: Ինչպես դժվար չէ նկատել, ոչ մեկը կա եւ ոչ մյուսը, չկա նաեւ որեւէ այլ հիմք
հրաժարականների, նոր նշանակումների կամ հեղափոխությունների համար, այդ թվում նաեւ՝
կուսակցությունում: Որոշ մարդիկ անգամ գուշակում են (լավագույն դեպքում այդ բառը
կարելի է գործածել), որ ահա, իշխանության կգան բոլորովին այլ մարդիկ, այսօրվա ղեկավարները
ստվերում կմնան եւ այլն: Նման բաներ շատ են ենթադրել Հանրապետական կուսակցության
համար, բայց, ինչպես տեսնում եք՝ կուսակցությունը ողջ եւ առողջ է եւ ավելին, ավելի
է հզորանում»,- պատասխանելով մեր հարցին՝ որքանո՞վ են հավաստի տարածվող լուրերը,
որ ՀՀԿ արտահերթ համագումարից հետո վարչապետը հրաժարական կտա, ասաց ՀՀԿ փոխնախագահ,
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ խորհրդի նախագա՞հ ՀՀԿ
հուլիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարում կվերականգնվի կուսակցության խորհրդի
նախագահի պաշտոնը, որ նախորդ համագումարում կանոնադրությամբ վերացվել էր: Ինչպես
լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, այդ պաշտոնը հավանաբար
կառաջարկվի ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանին, որն օրերս է անդամակցել Հանրապետականին: «Նոյյան Տապանի»
փոխանցմամբ, Ռ. Զոհրաբյանն ասել է նաեւ, թե մեծ թվով նոր մարդիկ են ընդգրկվելու ՀՀԿ
խորհրդի կազմում, որը ներկայումս բաղկացած է 42 անդամից: Միաժամանակ նա հերքել է
լուրերը, թե հետագայում Սերժ Սարգսյանը կընտրվի ՀՀԿ նախագահի պաշտոնում: Նա կարծիք
է հայտնել, որ Ս. Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո «կմտածի
նաեւ նախագահի թեկնածու լինելու մասին»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել