Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները պարգեւատրվեցին

Հուլիս 19,2006 00:00

Երեկ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) նշեց իր հիմնադրման 11-րդ տարեդարձը

Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ ցանակացած կազմակերպություն, որն արդեն 10-11 տարվա պատմություն ունի, կարող է որպես վետերան զգալ իրեն. «Առանց համեստության պիտի ասեմ, որ ԵՄԱ-ն այս ընթացքում շատ բան է հասցրել անել: Այսօր հայաստանյան լրագրողների միակ խոչընդոտը պառակտումն ու բաժանումն է տարբեր քաղաքական ճամբարների: Պարզ է, որ դա կապված է լրատվամիջոցների մեծ մասի հստակ քաղաքական կեցվածք, նախասիրություններ եւ դիրքորոշումներ ունենալու հետ»:

«Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ ակումբի նախագահի համոզմամբ, թեեւ մասնագիտական առումով լրագրողները Հայաստանում վերջին 15 տարիներին աճում եւ զարգանում են. «Բայց, ցավոք, ոչ միշտ կա պատվեր պրոֆեսիոնալ լրագրության համար»: Պրն Նավասարդյանը գտնում է, որ այս հարցում մեղքը լրատվամիջոցների սեփականատերերինն է. «Եթե նրանք հավատարիմ մնան խոսքի ազատությանը, ինձ թվում է՝ այն պրոֆեսիոնալ պոտենցիալը, որը կուտակվել է Հայաստանում, ավելի վառ կարտահայտվի»:

1998-ից ամեն տարի հունիսի 18-ին՝ ակումբի հիմնադրման օրը, ԵՄԱ-ն մրցանակներ է շնորհում հայաստանյան ԶԼՄ-ների լավագույն ներկայացուցիչներին: Այս տարի այդ պատվին արժանացան «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Նվեր Մնացականյանը՝ հրատապ խնդիրների վերաբերյալ տարբեր տեսակետների արտահայտմանը նպաստելու համար, «Երկիր» թերթի մշակութային մեկնաբան եւ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Գզրոցներ» հաղորդաշարի հեղինակ Հովհաննես Երանյանը՝ նախընտրած թեմային հավատարմության համար, «Շողակաթ» հեռուստաընկերության «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սենիկ Կարա-Պողոսյանը՝ ֆուտբոլային իրադարձությունների պրոֆեսիոնալ լուսաբանման համար եւ «Երեւան» հանդեսը՝ Հայաստանն արտասահմանում լավագույնս ներկայացնելու համար:

«Առավոտի» հարցին, թե ինչ չափորոշիչներով են ընտրել լավագույններին, Բ. Նավասարդյանը պատասխանեց. «Սովորաբար մեր մրցանակաբաշխության հավակնորդներից լավագույններին ընտրում է ժյուրին, սակայն այս տարի մրցանակակիրներին ընտրել են ԵՄԱ վարչության անդամները: Չափանիշներ չկան, քանի որ մենք պատրաստ ենք ցանկացած ոլորտում, ցանկացած լրագրողական մասնագիտությամբ մարդկանց խրախուսել եւ մրցանակ տրամադրել: Բացի այդ, խնդրում ենք մեր բոլոր գործընկերներին ե՛ւ ԵՄԱ-ից, ե՛ւ դրսից, որ հետեւեն, թե ինչպիսի լրագրողական հաջողություններ են տեղի ունենում տարվա ընթացքում, վերջիններիս մասին տեղեկացնելով մեզ»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31