Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կռիվ «փտած» «ԿամԱԶ»-ի համար

Հուլիս 19,2006 00:00

Վարորդի եւ փոխնախագահի վեճն ավարտվեց վերջինիս «փայլուն հաղթանակով»

Աշխատանքի վետերան, 67-ամյա միայնակ կենսաթոշակառու Լիպարիտ Մարգարյանը 1969թ. աշխատում է Երեւանի ջրմուղում: Շուրջ 20 տարի Սումգայիթից Երեւան քլոր է բերել՝ մայրաքաղաքի խմելու ջրի համար: 1991թ. վարձակալել է ընկերությանը պատկանող «ԿամԱԶը», որի վրա նա իր ֆինանսական եւ տեխնիկական միջոցներով հավաքել է բեռնասայլակ: Արցախյան պատերազմի տարիներին ջրմուղին պատկանող մեկ տասնյակից ավելի մեքենաների հետ, Մարգարյանի վարձակալած «ԿամԱԶը» տարվեց Արցախ: Որոշ ժամանակ անց, սեփական նախաձեռնությամբ, նա գնաց Արցախ, հայտնաբերեց մեքենան եւ պարզեց, որ արկի բեկորից վնասվել է շարժիչը, շարքից դուրս են եկել շատ անհրաժեշտ մասեր: Մեքենան ետ բերելու նպատակով գնեց շարժիչ, անհրաժեշտ պահեստամասեր տեղադրեց մեքենայի վրա: Սակայն կատարած ծախսերի ու աշխատանքների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկազմվեց, պատերազմի դաշտում դա ուղղակի հնարավոր էլ չէր: Նա մնաց Արցախում, մասնակցեց պատերազմին:

Զինադադարից հետո, Արցախի զինհրամանատարության թույլտվությամբ ու նրանց կողմից տրված տեղեկանքին համապատասխան, մեքենան դուրս է բերվում Արցախի սահմաններից: Հաշվի չառնելով Մարգարյանի կողմից կատարած ներդրումների փաստը, ջրմուղը կրկնակի անգամ «ԿամԱԶը» վերագնահատել է որպես սեփականություն, 2003թ.՝ 2,2 մլն, 2005-ին՝ 3,6 մլն դրամ արժեքով, սակայն չի մտցրել ընկերության հաշվեկշռի մեջ եւ հանել է աճուրդ-վաճառքի (որն առայժմ կանխվել է ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ): Լ. Մարգարյանը բազմաթիվ անգամ գրել է ՀՀ ջրտնտպետկոմի ղեկավարությանը, խնդրելով հաշվի առնել իր երկարամյա աշխատանքային կենսագրությունը, մեքենայի 15 տարի վարձակալ լինելու փաստը եւ իր կողմից կատարված բարելավումները, սակայն նրա խնդրանքը չի բավարարվել: Ջրտնտպետկոմի փոխնախագահ Գագիկ Այվազյանը (բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի եղբայրը) վետերանի բոլոր դիմումներին պատասխանում է, որ ինքը ծանոթ է մեքենայի նախապատմությանը, բայց երկարամյա աշխատանքային ստաժը ոչինչ չի փոխում՝ աշխատել է, վարձատրվել է: Մարգարյանի քրոջ համառ պնդումներին Գ. Այվազյանը պատասխանում է, թե «ԿամԱԶը» ինքն է ուզում վերցնել, եւ որ ընկերությունում շատ հարմար մեքենաներ կան, Մարգարյանը որն ուզի՝ կարող է նորից հավաքել:

Բավականին փաստ է այն, որ 2005թ. «Ջրմուղում» կատարվող գույքագրման ու վերագնահատման նոր գործընթացին մասնակցած պաշտոնյաների (ՀՀ ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրեասյան, ՀՀ բնապահպանության փոխնախարար Ներսիսյան, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Սարգսյան) համատեղ ջանքերով 37 տարվա վարորդի եւ 3 տարվա փոխնախագահ Գ. Այվազյանի միջեւ կռվախնձոր դարձած «ԿամԱԶը» այս անգամ արժեւորվում է 3,6 մլն դրամով:

Արդեն 3 տարի պատկան մարմինները ուշադիր լսում են, ասում, որ կատարվածը օրենքի կոպիտ խախտում է, հետո էլ անկեղծանում են, թե Մարգարյանի ինչին է պետք «փտած մեքենան»: Չինովնիկների ջանքերով հարցը փակուղի է մտցվել, այնքանով, որ 3 տարի անց ՀՀ նախագահի աշխատակազմում բացահայտ ասում են, թե վետերանի «ցանկությունը ապօրինի է», իսկ վարչապետի աշխատակազմում չեն ցանկանում նրա դիմումները քննարկել:

ԶԵԼԻՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել