Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ

Հուլիս 19,2006 00:00

Քաղաքապետարանը
հողատարածքները վաճառում է օլիգարխներին, որոնք էլ փողոց են «շպրտում» իրենց տարածքներում
տնակների մեջ բնակվող անօթեւաններին: Բնակիչներին տներից զրկելու սովորությունը
հասել է նաեւ Գյումրի, միայն այն տարբերությամբ, որ այստեղ շքեղ օբյեկտներ կառուցելու
համար ոչ թե սպառնում են սեփական տները քանդել, այլ տեղահանում են երկրաշարժից տուժած
գյումրեցիների առանց այն էլ փտած տնակները՝ անօթեւաններին գցելով անորոշ վիճակի մեջ:
Արդեն առանց տանիքի մնալու վտանգի մեջ են հայտնվել բազմաթիվ գյումրեցիներ: Վերջիններիս
ներկայացմամբ, հողատարածքի նոր տերերը, սեփականության վկայականը ձեռքներին, գալիս
են ու հայտնում, որ «տարածքը գնել են, եւ մենք պետք է մեր դոմիկներով հանդերձ հողամասն
ազատենք»: Բանն այն է, որ Գյումրիում պետականորեն քաղաքաշինական լուրջ ծրագրեր չեն
իրականացվում, ինչի հետեւանքով էլ քաղաքը դարձել է առուվաճառքի առարկա: Քաղաքապետարանի
պաշտոնյաներն էլ օգտվելով առիթից, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես հրաժարվել
է Գյումրիում բազմաբնակարան շենքեր կառուցելու մտքից, քաղաքը հատված առ հատված վաճառում
են ու իրենց ապօրինի գործողությունները արդարացնում նրանով, որ ավերակ քաղաքը անհրաժեշտ
է տեսքի բերել՝ թեկուզեւ որոշ հարուստ անհատների միջոցներով: Ստացվում է,
որ անօթեւանների հարցով «խիստ մտահոգված» Գյումրիի քաղաքապետարանը նրանց թույլ չի
տալիս ապրել նույնիսկ հին ու փտած տնակներում: Վազգեն Սարգսյան 215/ 026 տնակի բնակիչ,
երեք անչափահաս երեխաների հայր Արտաշես Զաքյանի ընտանիքին նույնպես տնակով հանդերձ
վտարում են: Զաքյանի ասելով՝ երկրաշարժից անմիջապես հետո ինքը բնակվել է այդ հասցեում,
ավելին՝ մեծ գումարներ է ծախսել, տարածքը աղբից մաքրել, կարգի է բերել, ծառ ու ծաղիկ
է տնկել: Սակայն օրերից մի օր քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնվել են ու հայտարարել,
որ այդ հատվածն արդեն վաճառված է: «Իսկ ես որտե՞ղ պետք է ապրեմ» հարցին ի պատասխան՝
վտարողներն առաջարկել են վերջինիս տնակը տեղափոխել ավտոկայանի կամ մարզադաշտի հարակից
տարածքը: Այսինքն, առաջարկվում է քաղաքի մի հատված, որի «տնակավոր» բնակիչները
օրումեջ դիմում են քաղաքային իշխանություններին՝ բողոքելով իրենց սարսափելի կենցաղային
պայմաններից: «Ես էդ փտած դոմիկն օր տեղահանեմ, տակը ի՞նչ կմնա, առանց էդ
էլ մենակ կմախքն է մնացել»,- դժգոհեց Ա. Զաքյանը: Այս անօթեւան ընտանիքին բնակարան
հատկացնելու ակնարկ անգամ երբեւէ չեն արել: Ավելին՝ ընտանիքը նույնիսկ անօթեւանի
կարգավիճակ չունի. պապական տան գրանցումից վաղուց դուրս է եկել եւ հաշվառվել տնակում:
Կինը՝ Տաթեւիկ Ոսկանյանը, բազմիցս դիմել է քաղաքապետարան իրենց անօթեւանությունը
ճանաչելու համար, սակայն նրան մշտապես մերժել են՝ պատասխանելով, թե հորդ ընտանիքը
արդեն դիմում ներկայացրել է, դուք այլեւս իրավունք չունենք դիմում տալու: Այս ամբողջ
պատմության մեջ զավեշտալին այն է, որ Զաքյանների ընտանիքը քաղաքապետարանի պաշտոնյաների
այցից զզված՝ դիմում է ներկայացրել հողի սեփականաշնորհման համար, որտեղ եւ նրան պատասխանել
են՝ սպասիր մինչեւ աճուրդ-վաճառքը կայանա: Իսկ օրեր անց հայտնի է դարձել,
որ նշյալ հասցեի հողի աճուրդը վաղուց կայացած է: Քաղաքապետարանի քաղաքաշինության
բաժնի պետ Հրայր Կարապետյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Զաքյանների ընտանիքը ուշացել
է, քանի որ այդ հողատարածքի աճուրդը կայացել է փետրվարին, իսկ Զաքյանը դրա համար
դիմում է ներկայացրել հունիսին: Այդ դեպքում որտե՞ղ է ապրելու բազմանդամ, անչափահաս
երեխաներ ունեցող ընտանիքը հարցին ի պատասխան, քաղաքապետարանի պաշտոնյան խորհուրդ
տվեց. «Նրանք կարող են հողատարածք ստանալու համար դիմում ներկայացնել ու տուն կառուցել»:
Ըստ նրա, զբաղեցրած հողատարածքը առաջին գիծ է, եւ այն միայն սպասարկման օբյեկտներ
կառուցելու համար է հատկացվում: Փաստորեն՝ Գյումրին շուկայի է վերածվում: Նույն պատճառաբանությամբ,
այս պահին հազարավոր անօթեւանների են տեղահանում՝ առանց լուծելու նրանց բնակարանի
հարցը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31