Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ անըմբռնելի Մամեդյարովը

Հուլիս 19,2006 00:00

Այդ
անըմբռնելի Մամեդյարովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման
հնարավորությունների վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին շրջանում արվող
զանազան, հաճախ իրարամերժ, իսկ ընդհանուր առմամբ՝ անհեթեթ հայտարարություններն արդեն
սկսել են հատել զավեշտի սահմանը՝ իսպառ կորցնելով լրջության վերջին նշույլները:
Մասնավորապես, նման հայտարարությունների հմուտ մասնագետ, Ադրբեջանի արտգործնախարար
Էլմար Մամեդյարովը երեկ դիվանագիտական մտքի հերթական «փայլն» է ցուցադրել՝ ասելով,
թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքու եւ Երեւան կատարելիք
այցի ընթացքում ներկայացնելու է… ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ:
«Մեզ հայտնել են, որ նա ունի որոշ նոր տարրեր, որոնց շուրջ ուզում է քննարկում ծավալել»,-
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, որը հղում է անում «Ինտերֆաքսին», ասել է Մամեդյարովը՝
հիշեցնելով, որ Մեթյու Բրայզան տարածաշրջան է այցելելու հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը:
Նկատենք, որ այս հայտարարությամբ Մամեդյարովը, որը սիրում է իր այլեւայլ մեկնաբանություններով
հիմարացնել Ադրբեջանի հանրությանը, այս անգամ առնվազն նման փորձ է կատարում ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ: Չէ՞ որ տառացիորեն մի քանի օր առաջ էր, երբ
համանախագահները պաշտոնապես եւ ի լուր աշխարհի հայտարարեցին, թե «սպառել ենք մեր
երեւակայությունը այս սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու
խնդրում: Մենք չենք հավատում, որ լրացուցիչ այլընտրանքային տարբերակները, որ առաջ
կքաշվեն միջնորդների կողմից, կբերեն այլ արդյունքների»: Եզրակացությունը մեկն
է կամ, թերեւս, երկուսը: Տարբերակ առաջին. միջազգային միջնորդները պարզապես ստում
էին բարձր ատյանի՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի առջեւ, քանզի իրականում ամբողջությամբ չէին
սպառել իրենց երեւակայությունը: Համենայնդեպս, փաստն այն է, որ առնվազն ըստ Մամեդյարովի,
նրանք երկու շաբաթվա ընթացքում էլի ինչ-որ նոր բան են մոգոնել ու Բրայզայի ձեռամբ
շտապում են հրամցնել կողմերին: Տարբերակ երկրորդ. համանախագահները ոչ մի նոր առաջարկ
էլ չեն ներկայացրել (եւ ըստ ամենայնի, չէին էլ կարող): Այդ դեպքում ակնհայտ է, որ
ստում է Մամեդյարովը: Այս տարբերակներից առավել ճշմարտանմանի ընտրությունը թողնելով
ընթերցողներին, այնուամենայնիվ, չենք կարող անկեղծ զարմանք չարտահայտել մի հարցի
կապակցությամբ: Եթե ճիշտ է վերը նշված տարբերակներից երկրորդը, ապա զարմանալի է,
թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի արտգործնախարարի նոր՝ այս անգամ շատ տկար
սուտը: Չէ՞ որ տարրական տրամաբանությունը հուշում է, որ համանախագահները, որոնք,
ի վերջո, լուրջ երկրների ներկայացուցիչներ են, պարզապես չեն հանդուրժի անմիջականորեն
իրենց հեղինակությունը շոշափող այս ծաղրն ու անմիջապես հանդես կգան համապատասխան
հերքումով: Ու թեեւ անկեղծորեն զարմացած ենք, բայց եւ գրեթե վստահ, որ մեր
այս զարմանքը վաղը կամ մյուս օրը փարատելու է հենց ինքը՝ Ադրբեջանի արտգործնախարարը՝
իր հերթական ուրույն հայտարարությամբ: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31