Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհայտնաբերվածներն» իրենց ապահով են զգում

Հուլիս 19,2006 00:00

Երեկ
նրանք Նուբարաշենում ցույց էին կազմակերպել Հուլիսի 12-ին «Չորրորդ իշխանություն»
թերթի թղթակից Գագիկ Շամշյանին ահաբեկելու, նրա լրագրողական աշխատանքը խոչընդոտելու
եւ կողոպտելու փաստի առիթով Էրեբունու դատախազությունում հարուցվել էր քրգործ։ Դեպքից
անցել է արդեն հինգ օր, իսկ դատախազությունը բացի, իր ասելով, ավելի քան տասնյակ
հոգու հարցաքննելուց՝ առաջադրված մեղադրանքներով որեւէ մեկին չի ձերբակալել: Սա այն
դեպքում, երբ Գ. Շամշյանը դեռեւս դեպքի օրը ՀՀ ոստիկանության Էրեբունի եւ Նուբարաշեն
համայնքների ոստիկանության բաժնում արած իր հայտարարության մեջ ուղղակիորեն մատնանշել
էր իր վրա հարձակումը կազմակերպած անձանց անունները, որոնց թվում էին եղել Նուբարաշենի
թաղապետ Մհեր Հովհաննիսյանի եղբայրը՝ Ռուբեն Հովհաննիսյանը, թաղապետի տեղակալ ոմն
Վարդան, թաղապետի օգնական Գուրգեն Գասպարյանը, ով համայնքի էլցանցի պետի տղան է,
թաղապետի հորաքրոջ տղան, դարձյալ թաղապետարանի աշխատակից ոմն Արթուր: Եթե
հավատանք դատախազության պաշտոնական պատասխանին՝ հանցագործները հայտնաբերված չեն (սրանից
էլ կարելի է ենթադրել, թե հայրենի իրավապահները այս տեմպերով ու օպերատիվ-որոնողական
աշխատանքներ ծավալելու այս մակարդակի «պրոֆեսիոնալիզմով» ինչպես են պայքարում կրիմինալի
դեմ: Սրանից էլ դատելով, կարծում ենք, չպետք է զարմանալ, որ Հայաստանում եւ երկրի
մայրաքաղաքում օրը ցերեկով զինված «ռազբորկաներ» են լինում ու մարդիկ են սպանվում:
(Սա, իհարկե, իմիջիայլոց): Իսկ մինչ դատախազությունն իրեն «կոտորում» է լրագրողի
նկատմամբ ոտնձգություն կատարած հանցագործներին, իբր, ի հայտ բերելու ուղղությամբ,
համայնքի թաղապետարանը շատ հանգիստ շարունակում է այս անգամ հոգեբանական ճնշումներ
գործադրել նույն համայնքում բնակվող Գ. Շամշյանի նկատմամբ: Այսպես, նախօրեին, վստահ
ենք, որ հենց համայնքի թաղապետի հրահանգով կամ իրազեկությամբ, թաղապետարանի աշխատակիցները
«ակցիա» են կազմակերպել իրենց համայնքում. նրանք թաղամասում տնից-տուն են անցել եւ
ստորագրահավաք սկսել՝ մենք չենք ուզում, որ Գ. Շամշյանն ապրի մեր համայնքում, մոտիվներով:
Հայտնի չէ, թե ովքեր են ստորագրել կամ հրաժարվել ստորագրել այդ մառազմատիկ ու որեւէ
իրավական հիմքից զուրկ պահանջի տակ, բայց փոխարենը հայտնի է, որ սույն ակցիան համայնքի
բնակչության շրջանում այնքան էլ մեծ հաջողություն չի ունեցել: Երեկ էլ դատախազության
կողմից «որոնվող» եւ «չհայտնաբերված» անձանցից մեկի՝ թաղապետի որոնվող օգնական Գուրգեն
Գասպարյանի ակտիվ մասնակցությամբ Նուբարաշենի «ժողովուրդը»՝ մոտ 30-40 հոգի, ցույց
է կազմակերպել ու թաղապետարանի շենքի մոտից ոմանք պաստառներով՝ «Հեռացիր, բացիլ»,
«Լսիր, տմարդ, մի պղտորիր մեր համայնքը» եւ այլն, ոմանք՝ իրենց ավտոմեքենաներով,
շարժվել են դեպի Գ. Շամշյանի բնակարան: Լրագրողն այդ պահին տանը չի եղել, իսկ «ցուցարարները»
«ցույցից» հետո լրագրողի բնակարանի փակ դռան մոտ թողել են իրենց պաստառներն ու հեռացել:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել