Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ
ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ»

Հուլիս 19,2006 00:00

ՀՀԿ-ի
ամառային ակտիվությունն է բնութագրում «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը –
Որպես ՀՀԿ նախկին անդամ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը դիմում է գրել հենց այդ կուսակցության անդամ դառնալու համար:
– Որեւէ նորություն չկար դրանում, եւ շատ բնական էր: Սերժ Սարգսյանը նախկին
ընտրություններին մասնակցեց Հանրապետականի ցուցակում, եւ ակնհայտ էր, որ ուրիշ տեղ
չուներ գնալու բացի Հանրապետական կուսակցությունից: Հո չէ՞ր գրվելու «Բարգավաճ Հայաստան»-ի
կամ ՄԱԿ-ի ցուցակում: Կզարմանայի, եթե դիմեր «Հանրապետություն» կուսակցությանը: Սերժ
Սարգսյանը այդպիսով փորձում է հասարակական հանդուրժողականության որոշակի ռեսուրս
ձեռք բերել, որը իր համար հնարավոր է միայն Հանրապետականի հետ: Իսկ Հանրապետականին
էլ ձեռնտու է, որ իր շարքերը մտնի մարդ, որն ի տարբերություն իրենց, ռեալ ադմինիստրատիվ
ռեսուրսներ ունի: – Լուրեր են տարածվում, որ նա դառնալու է Հանրապետականի
համանախագահ կամ առաջնորդ եւ այլն: Անձամբ ձեր տրամադրվածությունն ինչպիսի՞ն է զուտ
զգացմունքային առումով, չէ՞ որ, եթե չեմ սխալվում, նույն ՀՀԿ-ն ժամանակին կուսակցության
առաջնորդ հռչակեց ձեր եղբորը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանին: – Շատ բնական է,
էմոցիոնալ որեւէ զգացողություն չունեմ այդ հարցում: Ինձ համար միեւնույն է, թե իշխանական
թեւի ձայները քանի կուսակցություն կվերցնի: Իրենց 10-15% ընտրազանգվածի համար, ինչը
հաստատեց 2005թ. սահմանադրության հանրաքվեն, իրենք իրար մեջ են պայքարելու: Ինչ վերաբերում
է այն հանգամանքին, թե Սերժ Սարգսյանը կլինի Հանրապետականի նախագահ, համանախագահ,
թե առաջին փոխնախագահ կամ առաջնորդ, էականը դա չէ, եւ նման բաները 1-2%-ով են ավելացնում
կամ պակասեցնում եղած արդյունքները, ավելին՝ նման բաները ընտրելով կամ հաստատելով
չի: Մարդն իր կերպարով, խարիզմայով դառնում է այդպիսին: Վազգեն Սարգսյանը, ինչքան
գիտեմ, նույնիսկ դիմում էլ չէր գրել Հանրապետական մտնելու, բայց առայսօր բոլոր Հանրապետականների
համար նա է Հանրապետականին նոր կյանք տվողը եւ հավերժ նախագահը: Կարտահայտվե՞ն այդպես
Սերժ Սարգսյանի մասին՝ ժամանակը ցույց կտա: – Իսկ ի՞նչն է պատճառը, որ պաշտպանության
նախարարները, կարծես ավանդաբար, Հանրապետական կուսակցությունն են ընտրում որպես իրենց
քաղաքական ծրագրերի իրականացման հենարան: – Պաշտպանության նախարարությունը
որեւէ կապ չունի: Վազգենի պարագայում կար կուսակցություն, որը Վազգենն էլ ավելի հզորացրեց,
եւ քաղաքական դաշտում այն դարձավ ռեալ գործոն: Սերժ Սարգսյանի պարագայում կա կայացած
կուսակցություն, եւ ինքը փորձում է իր մուտքով ավելացնել կուսակցության գործոնը:
Ժամանակը ցույց կտա, թե ինչ դուրս կգա այս ամենից: – Ես պաշտպանության նախարարին
մի քանի օր առաջ հարցրի՝ եթե 2008-ին ինքը ընտրվի ՀՀ նախագահ, որտե՞ղ կլինի Ռոբերտ
Քոչարյանը, նա չպատասխանեց հարցին: Իսկ ձեր կարծիքով, այդ դեպքում Քոչարյան-Սարգսյան
հարաբերությունները ինչպե՞ս կդասավորվեն: – Համոզված եմ, որ 2008-ին Սերժ
Սարգսյանը իր թեկնածությունը չի առաջադրի, առավել եւս, դատելով այսօր Հայաստանում
եւ աշխարհում ընթացող գործընթացներից՝ շատ ավելի հավանական եմ համարում, որ մենք
կունենանք արտահերթ նախագահական ընտրություններ: Եվ այս իրավիճակում ընդդիմությունը
ձեռքերը ծալած չպիտի նստի եւ սպասի, թե ինչ է կատարվելու Հանրապետականում: Ուզում
եմ հատուկ շեշտել, որ առաջին անգամ Հանրապետականը ժամանակից առաջ է ընկել: Հիշեք
Հանրապետականի ամբողջ պատմությունը. ցանկացած իրավիճակում նրանք միշտ սպասել են մինչեւ
վերջին պահը եւ վերջին պահին միայն հայտնել են իրենց տեսակետը: Այն հանգամանքը, որ
ՀՀԿ նախագահ վարչապետը հայտարարեց, թե իրենց տեսակետը կհայտնեն եկող տարի գարնանը
կամ ամենաշուտը՝ ձմռանը, եւ հանկարծ որոշեցին հուլիսի 22-ին արտահերթ համագումար
հրավիրել, խոսում է այն մասին, որ թե Հանրապետական կուսակցությունը, թե պաշտպանության
նախարարը լուրջ մտահոգություններ ունեն: Որո՞նք են այդ մտահոգությունները: Այդ մտահոգությունները
կապված են ղարաբաղյան հիմնահարցի հետ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել արտահերթ
գործընթացների: Եվ իրենց այսօրվա ամբողջ կեցվածքը ցույց է տալիս, որ ուզում են այդ
արտահերթ գործընթացներին ավելի պատրաստ լինել: Մեր երկրում տիրող իրավիճակի համար
պատասխանատու են բոլորը, ես չեմ առանձնացնում նաեւ ընդդիմությանը, սակայն առաջին
հերթին պատասխանատուն իշխանական թեւի կուսակցություններն են, այդ թվում եւ՝ Հանրապետականն
ու քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանը, ով արդեն դիմում է գրել: – Իշխանությունների
եւ երկրի քաղաքական ուժերի դերակատարությունը որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ
Ղարաբաղի հարցի վրա: – Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն իրենց ամբողջ
իշխանավարման ընթացքում վարում են կոմպլեմենտար քաղաքականություն՝ անընդհատ խոստումներ
տալով Ղարաբաղի հարցի լուծման առումով: Հավանաբար դա էր պատճառը, որ բազմաթիվ գործընթացներ,
որոնք սովորաբար դատապարտվում են աշխարհի կողմից, չխանգարեցին, որ այս իշխանություններին
նույն աշխարհն աջակցի: Օրինակները բազմաթիվ են: Ըստ էության, այս իշխանությունները
խոստացել են լուծել հարցը: Հնարավոր չէ ութ տարի խոստանալ եւ տարբեր պատճառներով
խուսափել խոստումը կատարելուց: Եթե այս իշխանությունները խոստումը չկատարեն, խաբած
կլինեն Մինսկի խումբը ներկայացնող գերտերություններին, եւ կապացուցեն, որ որպես արտաքին
քաղաքական գործընկեր՝ իրենք հուսալի չեն: Եվ այդ ժամանակ ստիպված կլինեն հասկանալ,
թե ինչ է նշանակում արտահերթ, թե հերթական ընտրություններ, քանի որ այդ դեպքում որեւէ
մեկն այլեւս աչք չի փակի իրենց կեղծիքների եւ ապօրինությունների վրա, եւ այս իրավիճակում
ընդդիմությունը շատ ուժեղ կլինի: – Ձեր լավատեսությունը պարզապես հիացնում
է ինձ, դուք դարձյալ չեք հոգնում լավ աչքով նայել ընդդիմադիր դաշտին: Սակայն ընդունո՞ւմ
եք գոնե, որ այս պահին ընդդիմադիր դաշտը պարզապես պասիվության գագաթնակետին է: Իշխանությունները
չեն թաքցնում, որ բարգավաճում են, փորձում են ինչ-որ աջ ուժեր իրար գլխի հավաքել,
չեն թաքցնում, որ իրենց մեջ բազմաթիվ նախագահացուներ կան եւ այլն, իսկ ի՞նչ է անում
ընդդիմությունը: – Եթե խոսքը նախագահի թեկնածուների մասին է, դժբախտաբար,
թե բարեբախտաբար ընդդիմության թեւում էլ թեկնածուների պակաս չկա, եւ դա շատ բնական
եմ համարում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի հետ համեմատելով՝ յուրաքանչյուր գործչի
առավելությունը ակնհայտ է դառնում: Ակտիվության մասին՝ նայած մենք ի՞նչն ենք գնահատում
եւ ի՞նչն ենք ակտիվ կամ պասիվ համարում: Երբ Ղարաբաղի հիմնահարցը մտել է այսպիսի
վճռորոշ փուլ, երբ ռազմական կառույց ՆԱՏՕ-ն է հայտարարություն անում իր միջնորդությունը
ցուցաբերելու ցանկության մասին, երբ Մինսկի համանախագահողները հետագա պատասխանատվությունը
թողնում են նախագահների վրա, խոսել, թե ով է լինելու ԱԺ հաջորդ գումարման պատգամավորը,
ով է լինելու վարչապետը, նախագահը՝ ուղղակի անհեթեթություն է: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել