Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հուլիս 19,2006 00:00

Զգուշացնում
է Վազգեն Մանուկյանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով երեկ «Փաստարկ» ակումբի
հյուրն էր, մեր երկրի համար վտանգավոր զարգացումներ է տեսնում Սերժ Սարգսյանի՝ հանրապետական
դառնալու պարագայում: Հարցն ամենեւին այն չէ, թե ինչպես կքվեարկի մեր բանակը ընտրությունների
ժամանակ՝ «այսպես թե այնպես, նրանք միշտ էլ քվեարկել են վերեւների հրամանով, լիներ
դա Վազգեն Սարգսյանի, թե՝ Սերժ Սարգսյանի հրամանը»: Վտանգը, ըստ պարոն Մանուկյանի,
շատ ավելի լուրջ է. «Սերժ Սարգսյանը ոչ միայն բանակն է վերահսկում, այլեւ՝ Հայաստանի
ֆինանսատնտեսական ռեսուրսների զգալի մասը: Իսկ այժմ, դառնալով ՀՀԿ անդամ եւ միավորվելով
երկրի ֆինանսների եւ տնտեսության մնացած մասը վերահսկող Անդրանիկ Մարգարյանի հետ,
նրանք ՀՀԿ-ն դարձնում են մի մոնստր կուսակցություն, որի տակ գտնվում է ամբողջ տնտեսությունը:
Երկրում ձեւավորվում է միակուսակցական համակարգ, փորձ է արվում մոնոպոլ իշխանություն
ստեղծելով մոնոպոլիզացնել երկրի տնտեսությունը»: ԱԺՄ նախագահը համարում է, որ երկրի
զարգացման համար կարեւոր չորս ուղղություններում՝ տնտեսություն, օրինականություն,
քաղաքացիական հասարակություն եւ Սփյուռքի հետ համագործակցություն, որեւէ առաջընթաց
չի գրանցվել: Օրինականության մասին խոսելն այն պայմաններում, երբ «ՏԷՑ-ի ճակատամարտի»
մասնակիցը մի քանի ամիս չանցած ազատ է արձակվում, ապա կրկին կրակում՝ անիմաստ է:
Ըստ պրն Մանուկյանի, քաղաքացիները չեն զգում իրենց՝ այս երկրի տերն ու քաղաքացին
լինելը, քանի որ արդեն երկար տարիներ արհամարհվում է նրանց ձայնը ընտրություններում,
իսկ վերջին տարիներին բանը հասել է նրան, որ պետությունը կարող է իր քաղաքացուն՝
«տատով-պապով Երեւանի կենտրոնում ապրած մարդկանց», տանից դուրս շպրտել՝ «կասկածելի
ճանապարհով հարստացած անհայտ անձանց» ախորժակները բավարարելու համար: Այս
տանդեմի դեմ պայքարելու համար ընդդիմությունն այժմ կարող ուժեր չունի, քանի որ դրա
համար ֆինանսներ են պետք, որոնք կենտրոնացած են իշխա նական-կուսակցական բուրգի
ձեռքերում, իսկ ընդդիմությունը զրկված է դրանցից. «Բուրգի դեմ բուրգ է պետք, բայց
ընդդիմությունը չի կարողանում բուրգ կառուցել»: Սակայն որոշ ընդդիմադիր ուժեր, այդ
թվում՝ ԱԺՄ-ն, փորձում են միավորվել՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով:
Առաջիկայում նրանք ասուլիս կհրավիրեն եւ կհրապարակեն իրենց նպատակները: ԱԺՄ նախագահը
կարծում է, որ հենց օլիգարխներին եւ բիզնեսմեններին է ձեռնտու երկրում իշխանական
մոնոպոլիայի բացառմումը՝ «նման մոնոպոլիան անմիջականորեն նրանց է խփում, եւ իրենք
պետք է շահագրգիռ լինեն, որ Խոդորկովսկու օրը չընկնեն»: Անդրադարձ եղավ նաեւ
Ղարաբաղի հարցին: ՀՀ պաշտպանության երբեմնի նախարարը լավատես էր այն առումով, որ
կարծում էր, թե առաջիկայում պատերազմի հավանականությունը փոքր է. «Ալիեւը հասկանում
է, որ ոչ մի դեպքում չի լինի ստորագրություն, համաձայն որի՝ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին,
եւ վերցնելու միակ ձեւը կարող է լինել պատերազմը: Բայց արդյո՞ք Ադրբեջանին ձեռնտու
է պատերազմը: Նախ եւ առաջ, ըստ ԱԺՄ նախագահի, նույնիսկ երկու-երեք անգամ ուժեղ լինելը
չի նշանակում պատերազմը հաղթել: Ոչ ոք պատերազմը սկսելուց չգիտե՝ կհաղթի՞, թե՞ կպարտվի:
Երկրորդ՝ նրանք իրենց կլաններով բարեկեցիկ ապրում են, միլիարդավոր դոլարներ են աշխատում
նավթի հաշվին: Ինչո՞ւ պետք է իրենք այդ ամենը, նավթամուղը ռիսկի տակ դնեն ու անհեռանկար
պատերազմ սկսեն: Դա չի նշանակում, որ հետագայում չի կարող լինել պատերազմ, բայց հիմա
լուրջ վերաբերվել դրան չարժե: Մենք պետք է գլուխներս կախ, սառնասրտորեն բանակցենք
ու մեր պետությունը զարգացնենք»: Պրն Մանուկյանը կարծում է, որ այս տարիներն աշխատել
են հօգուտ Ղարաբաղի, քանի որ բոլորը հասկանում են, որ 15 տարի անկախության մեջ ապրած
պետությունը չի կարող մտնել մի այլ պետության կազմի մեջ: Այս խոսքերից կարելի էր
ենթադրել, որ ԱԺՄ նախագահը այն քաղաքական գործիչներից է, ովքեր գտնում են, թե ստատուս-քվոյի
պահպանումը մեզ ձեռնտու է, ուստի «Առավոտը» հետաքրքրվեց՝ «հիմա դուք հարցի շուտափույթ
կարգավորմա՞ն, թե՞ ստատուս-քվոյի ձգձգման կողմնակիցն եք»: Ի պատասխան Վազգեն Մանուկյանն
ասաց. «Ես շուտափույթ լուծման կողմնակից եմ, միայն թե Ադրբեջանը ընդունի, որ Ղարաբաղը
չի կարող լինել իր կազմում: Մնացած բոլոր հարցերի շուրջ կարելի է պայմանավորվել:
Բայց քանի դեռ Ադրբեջանը դա չի ընդունում, արհեստականորեն արագացնել հարցի լուծումը՝
նպատակահարմար չեմ գտնում: Ավելի լավ է ձգել»: Իսկ եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը
ստորագրի կարգավորման այն տարբերակի ներքո, որը հիմա շրջանառվում է, ապա ինքը կպահանջի
նրա հրաժարականը, քանի որ Քոչարյանն իշխանափոխության միջոցով նախագահ դարձավ հե՛նց
փուլային տարբերակին դեմ լինելով: «Եթե նա ստորագրի 1997-ին եղած տարբերակից ըստ
էության չտարբերվող փաստաթուղթ, բա էլ ինչի՞ համար էր պետք ութ տարվա այս մառազմը»,-
հարցնում է Վազգեն Մանուկյանը, ու ավելացնում, որ չի կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը
նման փաստաթուղթ կստորագրի, չնայած ինքը բացասական է վերաբերվում վերջինիս նախագահ
լինելու փաստին: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31