Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի «Ծիրանը» լավ էր հասել

Հուլիս 18,2006 00:00

Բայց
աչքի զարնեցին նաեւ չհասած պտուղները Երեւանում հուլիսի 10-15-ը անցկացված
«Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը դեռ չավարտված, մասնագետների ու կինոսիրողների
շրջանում կրկնվում էր հետեւյալ միտքը. այս տարի կազմակերպիչները այսչափ հասունացրին
ծիրանը, տեսնես հաջորդ տարի ի՞նչ են անելու: Անկասկած, փառատոնի գործադիր
տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ
ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, ինչպես հայերն են ասում՝ կաշվից դուրս էին
եկել: Փառատոնին մասնակցեց շուրջ 150 կինոգործիչ, հրավիրված էին համաշխարհային մասշտաբի
կինոգործիչներ, որոնց անունները հավելյալ մեկնաբանությունների կարիքը չունեն, լեգենդար
կինոգործիչներ Արտավազդ Փելեշյան, Անտոնիո Գուրերա, Քշիշտոֆ Զանուսի, Քին Դոն Հո,
փառատոնի նախագահ Ատոմ Էգոյան, տարբեր ժյուրիների նախագահներ Գոդֆրի Ռեջջո, Մորից
դե Հադելն, Արսինե Խանջյան եւ այլք: Հանրային հեռուստատեսության միջոցով հասարակությունը
ծանոթացավ նաեւ մրցանակակիրներին: Հուշամեդալներ էին պատրաստել նաեւ ՀՀ մշակույթի
նախարարությունը, ՀՀ կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիան, կինեմատոգրաֆիստների
միությունը, Փարաջանովի տուն-թանգարանը եւ այլն: Այնուամենայնիվ, փառատոնի
փակմանը ականջալուր եղանք մասնագետների, չասենք՝ դիտողություններին, այլ ցանկություններին:
Օրինակ, ականավոր կինոգործիչների կողմից անցկացված վարպետության դասերն ավելի շատ
նման էին պարզապես հանդիպումների կամ՝ ե՞րբ են այս փառատոնում լինելու տարբեր անվանակարգեր,
ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում՝ լավագույն կանացի, տղամարդու դերակատարման,
սցենարի, երաժշտության, երկրորդ պլանի դերակատարման, մոնտաժի համար եւ այլն: Փառատոնային
հինգ օրերից ստացած տպավորությունները փոքր-ինչ խամրեցին, երբ «Առավոտին» փոխանցվեց
հետեւյալ իրական պատմությունը: Փառատոնային օրերին Արտավազդ Փելեշյանի արտերկրի գործընկերները
ցանկություն են հայտնել գնալ վարպետի տուն: Վերջինս հազար ու մի պատճառ է հորինել
նրանց այցից խուսափելու համար, ինչը հաջողվել է: Երբ Աջափնյակի համայնքում իր աղջկան
պատկանող բնակարան են ուղեկցել վարպետին, Փելեշյանն ասել է. «Ոչինչ, որ տունս տան
նման չէ: Ինչո՞վ պիտի արդարացնեի տանս ճամփան «զարդարող» աղբի կույտերն ու դրանց
գարշահոտությունը»: Տեղեկացնենք, որ ՌԴ քաղաքացի, ՀՀ պատվավոր քաղաքացի Արտավազդ
Փելեշյանը, ինչպես մեզ փոխանցեցին նրա ամենամտերիմ գործընկերները, արդեն տարիներ
շարունակ «խոպան» է գնում գերմանիաները, ֆրանսիաներն ու ամերիկաները. «Մինչդեռ 68-ամյա
մեր օրերի հանճարը աշխատանք ունենալու դեպքում կարող էր բնակվել Հայաստանում, այն
զուգահեռելով տարիների իր աշխատանքի ու վաստակի հանգստով»,- ասում են Փելեշյանի ընկերները:
Պարզվում է, վարպետը տարվա մեջ երկար ժամանակ անցկացնում է Մոսկվայում, ժամանակին
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից ստացած փոքր բնակարանում՝ իր բազմանդամ
ընտանիքի հետ: Նիկիտա Միխալկովը խոստացել է այս տարի լուծել մոսկովյան երկրորդ բնակարանի
խնդիրը, մինչդեռ նման խոստում են Փելեշյանին տվել Երեւանի տարբեր տարիների քաղաքագլուխները:
Այս կինոփառատոնում վարպետին ՀՀ նախագահի կողմից ժողովրդական արտիստի կոչում շնորհելու
փաստը անմիջապես կինոփառատոնի ավարտից հետո դարձավ քննարկման թեմա: Հիշեցնենք, որ
վարպետին ժամանակին «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան էր պատրաստվում հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանը,
եւ վերջինիս հրաժարականից հետո այն հանձնել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Ս.
Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել