Բուհերում դիմումների ընդունման
աշխատանքներն ավարտված են։ Այժմ ընդունող հանձնաժողովներն ամփոփում են տվյալները։
Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար
Վաչագան Գալստյանն ասում է, որ այս տարի աճել է հասարակական գիտությունների նկատմամբ
դիմորդների հետաքրքրությունը, փոխարենը նվազել է նրանց հոսքը դեպի բնագիտական մասնագիտություններ։
ԵՊՀ-ում գրանցվել է 4130 դիմում-հայտ։ Մայր բուհի ֆակուլտետներից դարձյալ տեսական
տնտեսագիտությունն է առաջնայինը իր դիմորդ-մեդալակիրների թվով՝ 22, որն ընդամենը
2-ով է պակաս Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան դիմած մեդալակիրների թվից։
Այդ ֆակուլտետում դիմորդների քանակը չի տարբերվում նախորդ տարիներից՝ 392՝ 25 անվճար
տեղի համար։ ԵՊՀ-ում առավելագույն թվով դիմումներ են գրանցվել իրավագիտություն ֆակուլտետում՝
456՝ 20 անվճար տեղի համար։ Այստեղ դիմումների թիվը 20-ով աճել է նախորդ տարվա համեմատ։
Իսկ բանասիրական ֆակուլտետում հակառակ երեւույթն է նկատվում։ Այս տարի գրանցվել է
272 դիմում՝ 40 անվճար տեղի համար, նախորդ տարի դիմումների թիվը 310 էր։ Կիրառական
մաթեմատիկայի ֆակուլտետում եւս դիմորդների թվի առումով հետընթաց է գրանցվել. անցյալ
տարվա 305 դիմորդի փոխարեն այս տարի 273-ը կմրցի 65 անվճար տեղի համար։ Իսկ քաղաքագիտություն
ֆակուլտետում դիմորդների թիվն աճել է՝ 178-ից դառնալով 198՝ 10 անվճար տեղի համար։
Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում եւս մեծ է լինելու մրցակցությունը՝ 10
անվճար տեղի համար 205 դիմորդ կա։ Մեծացել է հետաքրքրությունը նաեւ նորաստեղծ՝ ակտուալ
մաթեմատիկա մասնագիտության նկատմամբ։ Եթե անցյալ տարի այս ֆակուլտետ դիմել էր 20
հոգի, ապա այս տարի 31՝ 5 անվճար տեղի համար։ Ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն
բաժին դիմածներին էլ է սպասում մեծ մրցակցություն, քանի որ անվճար տեղերի քանակը
15-ն է, իսկ դիմորդների քիվը՝ 340։ Հոգեբանության ֆակուլտետում 10 անվճար տեղի համար
գրանցվել է 133, իրանագիտության ֆակուլտետում այդ հարաբերությունը 10/71 է։ Գրանցված
դիմումների թվով երկրորդ տեղում է Մանկավարժական համալսարանը՝ 2490 դիմում։ Այս բուհում
առավելագույն թվով դիմումներ են գրացվել տարրական կրթության մանկավարժություն եւ
մեթոդիկա բաժնում՝ 308։ Երեւանի պետական Տնտեսագիտական համալսարանը դիմումների քանակի
մեծությամբ երրորդն է՝ 1633։ Նրանցից 24-ը մեդալակիր է, 3-ը՝ օլիմպիադաների առաջին
կարգի մրցանակակիր։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Նելլի Շահնազարյանը
տեղեկացրեց, որ բուհում մասնագիտությունները բաժանվում են ըստ համախմբերի՝ բլոկների։
Աշխատանքի տնտեսագիտություն եւ սոցիոլոգիա (ընկերաբանություն) բլոկում 491 դիմում
է գրանցվել, անվճար տեղերը 85-ն են, ատ-ովը (առանց տարկետման իրավունքի)՝ 30, տեսական
տնտեսագիտություն համախմբում՝ 454 դիմում, 55 պետպատվերով եւ 25 ատ-ով տեղեր։ Ֆինանսներ
եւ վարկ համախմբում՝ 441 դիմորդ մրցելու է 55 պետպատվերով եւ 30 ատ-ով տեղերի համար։
Բնության օգտագործման տնտեսագիտություն բլոկի դիմումների քանակը 247 է, անվճար տեղերը՝
77, ատ-ովները՝ 25։ Առաջին երեք համախմբերից մասնագիտություններ ընտրողները կհանձնեն
հայերեն, մաթեմատիկա եւ օտար լեզու քննություններ, իսկ վերջին համախմբում օտար լեզվի
փոխարեն՝ աշխարհագրություն։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ