Հարցազրույց մշակութաբան Ռուբեն Անգալադյանի հետ
– Ուրբաթ օրը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը: Որքանով է կոռեկտ, երբ ապաքաղաքական կառույցի (բանակի) ղեկավարը կուսակցության անդամ է դառնում, առանց իր պաշտոնից հրաժարվելու: Դուք կանխատեսո՞ւմ էիք դեպքերի այսօրինակ զարգացում խորհրդարանական ընտրություններից առաջ:
– Զարմանալին այն է, որ առանց որեւէ քաղաքական մտքի, բայց գումարով հնարավոր է դառնան պատգամավոր: Պառլամենտը կունենա պատգամավորներ, որոնք ամենեւին իրենց իսկական գործառույթները իրականացնողները չեն: Պառլամենտում կլինեն ֆինանսատնտեսական ոլորտներից եկած մարդիկ: Իսկ բանակը պետք է մնար չեզոք, որեւէ քաղաքական ուժի կողմից չվերահսկվող: Հայաստանում պետք է հասկանանք, որ քանի կոնֆլիկտը կա, միասնական պետք է լինեին ժողովուրդն ու բանակը: Ոչ թե այս կամ այն կուսակցության թեւն ու բանակը:
– Հնարավո՞ր է, որ կուսակցական այս խաղերով փորձում են շեղել հասարակության ուշադրությունը արտաքին քաղաքական հարցերից:
Կարդացեք նաև
– Մինսկի խումբն իր հայտարարություններով փորձում է ստանալ մեր հասարակության պատկերը, հասկանալ՝ որքանով է այն միասնական: Իսկ հայկական Աշխարհը քայքայված է, աղճատված: Մենք պետք է վերականգնենք այն: Դա, իհարկե, չի նշանակում, թե ես ասում եմ ծովից ծով Հայաստան: Խոսում եմ ամբողջական Աշխարհի մասին: Այդպիսի աշխարհ ունենալու դեպքում արժանապատվությունը կարող է ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն տալ, 1000-2000 դրամով ապագադ չվաճառելու եւ ընտրությանը ձայնդ չկեղծելու: Այդ գինն այնքան թանկ է, որքան՝ քո իսկական ձայնը, քո 5 տարվա սպասելիք կյանքը: Ընտրազանգվածը, որը հասկանում է, թե ուր է եկել, պիտի ճշգրիտ քվեարկի:
– Ակնհայտ է, որ կուսակցությունները գնում են բացահայտ կամ թաքուն դաշինքների: Ձեր հավանականությամբ, ի՞նչ դաշինքներ են սպասվում մեզ, մանավանդ, երբ շեշտում եք, որ քաղաքական սկզբունքներ չկան:
– Ինտելեկտուալ որեւէ կուսակցություն մեր հանրապետությունում չկա: Չկա մի կուսակցություն, որը ինչ-որ ձեւով տարբերվի մյուսներից: Լղոզված վիճակ է, երբ քաղաքական դաշտը շատ նեղ է, բայց արի ու տես՝ բոլորը ձգտում են լինել լիբերալ, կենտրոնամետ եւ դեմոկրատ: Այն դեպքերում, երբ երկիրը սոցիալապես ապահովված չէ: Ազգը, որը ապրել է ցեղասպանություն, սոցիալապես ապահով, պաշտպանված պետություն պետք է կառուցի:
Քաղաքական դաշտում բոլորն իրար կպած են. կարող են ուզած ձեւով միավորվել: Կուսակցությունները միավորվում են այնպես, որ որոշակի ձայներ վերցնեն՝ պառլամենտ մտնելու համար: Ցավոք, խոշոր կապիտալը չհասկացավ, որ ինքը խորհրդարանում չպետք է լինի: Չհասկացավ, որ պետք է ստեղծեր տնտեսական, քաղաքական այնպիսի իրավիճակ, որ պառլամենտ մտնեն եթե ոչ քաղաքական գործիչները, ապա քաղաքականություն հասկացող, ապագայում հեռանկար ունեցող մարդիկ:
Իրավիճակն այսպիսին է. քաղաքական ամբողջ համակարգը ստեղծվել է վերեւից, ընդդիմությունն իր «ուրույն» տեղն ունի, որը տրված է իշխանության կողմից: Առանձին անհատներ կան: Ասենք՝ Գեղամյանը: Բայց վառ անհատականությունով քաղաքական կուսակցություն չես ստեղծի:
– Սամվել Բաբայանը կարո՞ղ է այլընտրանք լինել:
– Բաբայանը, որպես քաղաքական գործիչ, Հայաստանում չի կարող գործել: Կարող է ուժ ներկայացնել Ղարաբաղում, բայց չեմ կարծում, որ որեւէ հարց լուծի: Նրա քաղաքական ռեսուրսը Հայաստանում չնչին է:
– Ամենաշատը վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստանի» գործունեության մասին է հնչում: Այստեղ, ասում են, նաեւ ընդդիմությունից են մարդիկ ներգրավվել:
– Դա, անշուշտ, ցույց տվեց ընդդիմության թույլ լինելը: Հայաստանում եթե կուսակցությունից կուսակցություն այդ ցատկերը չլինեին, ապա այդքան կուսակցություն էլ չէր լինի: Այո, ԲՀ-ն ծախսում է որոշակի գումարներ, ստեղծում է որոշակի կառույցներ, հետո պետք է տեսնենք՝ ֆորմա՞լ է, թե՞ ոչ: Դասական իմաստով, միեւնույն է՝ կուսակցություններ չունենք: Գրասենյակներ բացելը դեռ չի նշանակում, թե կուսակցություն ստեղծվեց:
– Սոցիալական կարգախոսները դարձել են վիրավորական՝ համատարած անիրավության պայմաններում: Արդյոք սոցիալական կարգախոսները հաջողություն կբերե՞ն ընտրություններում:
– Երբ ընտրողների որոշակի շերտը խիստ կարիքավոր է, ընտրությունները ընտրակաշառքի միջոցով շատ հեշտ կացնեն: Ելնելով այն հանգամանքից, որ այն շերտը, որն անապահով է, ամեն ինչի համաձայն կլինի: Մեր պետությունում կան մարդիկ, որոնք ունեն ընդամենն անձնագիր եւ ուրիշ ոչինչ: Նրանց կառուցողական էներգիան դժվարությունների հաղթահարման վրա է ծախսվում: Պետությունն ասես քաղաքացու դեմ լինի: Քաղաքացին վախենում է պետության հետ գործ ունենալ:
Զրուցեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ