Կոմիտասցիներն իրենց շենքին հարակից այգին փրկելու համար խմելու ջրով են ոռոգում
Կոմիտասի փողոցի թիվ 24/1 եւ 24/2 շենքերի բակում տնկված մոտ երեսուն տարվա ծառերը սկսել են չորանալ: Երկու շենքերի բնակիչների խոսքերով՝ «Թեեւ մեր բակում ոռոգման համակարգ կա, բայց ջուր չլինելու պատճառով ծառերը չորանում են եւ կամաց-կամաց ոչնչանում: Արդեն երկու տարի է, որ այդ հատվածում անհայտ պատճառով տարածքը ջրազրկված է»: Բնակիչները չգիտեն՝ հարեւանությամբ կառուցված հացի փռի կամ ավտոլվացման կետի շինարարությա՞ն հետեւանքով է ջրագիծը վնասվել, թե՞, պարզապես, ջրամատակարարումը միտումնավոր դադարեցված է:
Որպեսզի իրենց բակի կանաչ գոտին չչորանա, բնակիչները հոգատարությամբ, հատկապես ամռան սեզոնին ծառերը ամեն օր ջրում են. «Բակի ցայտաղբյուրից կամ տնից դույլերով ջուր ենք բերում, որ ծառերը չչորանան, բայց ջրմուղից գալիս նկատողություն են անում, որ խմելու ջուրը ոռոգման նպատակով ենք օգտագործում: Էդ դեպքում ի՞նչ անենք»,- դժգոհում է Միսակ Հաջինյանն ու նրան են միանում շենքի մյուս բնակիչները՝ Անժելա Կարապետյանը, Համլետ Հայրապետյանը, Վաղարշակ Արշակյանը, Համլետ Մկրտչյանն ու Շահեն Շահբազյանը:
Թիվ 24/1 շենքի լիազոր Արշավիր Սիմոնյանի ներկայացմամբ, խնդրի առիթով դիմել են Արաբկիրի թաղապետարան, սակայն դիմումները մնացել են անպատասխան: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ թաղապետարանի լրատվության ծառայության ղեկավար Լիանա Մկրտչյանի տեղեկացմամբ, նշյալ հասցեում գտնվող 1050 քմ տարածքը տասը տարի ժամկետով տրվել է «Ղահրամանյան եղբայրներ» ՍՊԸ-ին՝ հիմք ընդունելով քաղաքապետի թիվ 987 որոշումը: «Ղահրամանյան եղբայրները» 2001-ին կնքած պայմանագրով պարտավորվել են բարեկարգել տարածքը եւ կառուցել բացօթյա սրճարան: Սակայն դատելով այդ հատվածում ծառերի դասավորվածությունից, նույնիսկ բացօթյա սրճարան այդտեղ հնարավոր չէ կառուցել, քանի որ ծառերի խտությունը թույլ չի տա եւ մի քանի ծառ կտրելու կարիք կլինի: Հնարավոր է, որ տարածքի ջրազրկումը հենց միտումնավոր արված լինի՝ հայկական տարբերակով, նախ ծառերը չորացնում են, հետո՝ կտրում, որպեսզի բողոքները քիչ լինեն եւ կառուցապատողն առանց խոչընդոտների կարողանա շինարարություն իրականացնել: Խնդրի վերաբերյալ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը «Առավոտին» ասաց, որ ինքը մեկ անգամ եւս կդիմի ընկերությանը եւ կառաջարկի կատարել պարտավորությունները: Չկատարելու դեպքում էլ հնարավոր է, որ թաղապետարանը դիմի դատարան եւ չեղյալ համարի ընկերության հետ կնքած պայմանագիրը:
Փորձեցինք կապվել նաեւ ՍՊԸ-ի պատասխանատուների հետ, սակայն ընկերության հեռախոսները չէին պատասխանում:
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ