Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԶՈՒԳԱԿՑՎՈՒՄ

Հուլիս 18,2006 00:00

Հայաստանի
ԶԼՄ-ների եւ լրագրողական ու այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունը
Լրագրողական հանրությունը խորապես մտահոգված է, որ Հայաստանում խորհրդարանական
ընտրությունների մոտենալուն զուգահեռ ուժեղանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ
ճնշումը եւ հաճախանում են սպառնալիքները նրանց հասցեին: Սրանք արվում են այն անձանց
եւ ուժերի կողմից, ովքեր հիմքեր ունեն զգուշանալու քննադատությունից եւ իրենց գործունեության
որոշ կողմերի բացահայտումներից: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու
արտառոց դեպք է տեղի ունեցել. իր նկատմամբ հաշվեհարդարի նախազգուշացում է ստացել
«Հետաքննող լրագրողներ» հ/կ նախագահ Էդիկ Բաղդասարյանը, մասնագիտական պարտականությունների
կատարման համար հարձակման, ֆիզիկական բռնության եւ թալանի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն»
թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Դատախազության մարմիններին հղած իրենց դիմումներում
մեր երկու գործընկերներն էլ նշել են իրենց լրագրողական գործունեությունից «դժգոհության»
ենթադրյալ աղբյուրները: Ընդ որում, Գագիկ Շամշյանը կոնկրետ անվանել է նրանց, ովքեր
սպառնացել են իրեն եւ հարձակում գործել, սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների,
վերջիններիս դեմ որեւէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին՝ դիմումից հետո էլ լրագրողի
նկատմամբ «պատժիչ գործողությունները» շարունակվել են: Վերջին հանգամանքը վկայում
է, որ երկրում ոչ միայն ահագնանում է կամայականությունների նախընտրական ալիքը, այլեւ՝
որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն ապահովելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգությունն
ու վնասազերծելու հանցագործներին: Ավելորդ չենք համարում հիշեցնել «Զանգվածային լրատվության
մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, ըստ որի՝ «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության
ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ», եւ որ՝ «Արգելվում է … 3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը
խոչընդոտելը»: Սակայն օրենսդրությունն ու տխուր իրականությունը չեն զուգակցվում.
լրագրողների նկատմամբ հանցագործությունների գերակշիռ մեծամասնությունը, ներառյալ
նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու քրեորեն պատժելի արարքները, մնում
են չբացահայտված: Այս համատեքստում մեզ համար անընդունելի է «Ժամանակ Երեւան»
թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խափանման միջոցը փոխելու մի շարք կոչերի
վերաբերյալ ՀՀ դատախազության որեւէ արձագանքի բացակայությունը: Ոչ այս, ոչ վերոբերյալ
այլ դեպքերում մենք նպատակ չունենք խորանալու գործերի իրավաբանական էության մեջ կամ
կանխավ գուշակելու հետաքննության արդյունքները: Մեր մտահոգությունը հետեւանք է. ԶԼՄ-ների
եւ նրանց ներկայացուցիչների բնականոն գործունեություն ապահովելու, քաղաքական դրդապատճառներով
առաջացած լարվածության, ձեւավորվող իրավիճակի ու մեր կոչերի նկատմամբ իշխանությունների
համարժեք, օրենքի շրջանակներում արձագանքի բացակայության: Մենք եւս մեկ անգամ
կոչ ենք անում քննարկել Արման Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը,
օպերատիվ հետաքննել եւ պատժել Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնություններ իրականացրած
անձանց, մանրակրկիտ ուսումնասիրել Էդիկ Բաղդասարյանի հասցեին անանուն սպառնալիքներին
առնչվող հանգամանքները: Այն մթնոլորտը, որում մի քանի ամիս հետո կանցնեն խորհրդարանական
ընտրությունները, ամբողջովին կախված է ամեն գնով դեպի իշխանություն մղվող խուլիգաններից
իր քաղաքացիներին պաշտպանելու եւ ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես՝ մամուլի
նկատմամբ հարգանք տածելու պետության ընդունակությունից: ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ,
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Առավոտ» օրաթերթի գլխավոր
խմբագիր ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, «Չորրորդ իշխանութ յուն» թերթի գլխավոր խմբագիր
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ,
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Հայկական ժամանակ» օրաթերթի
գլխավոր խմբագիր ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ, «Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր ԲՈՐԻՍ
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության
պաշտպանության կոմիտեի նախագահ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Իրավունքի եւ ազատության
կենտրոնի նախագահ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ, Հայաստանի Հելսինկյան
կոմիտեի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել