Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք՝ հանուն «Սասունի»

Հուլիս 18,2006 00:00

«Վետերոկի» համար քաղաքացիական վեճը վերածվեց քրեական «ռազբորկայի»

Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գտնվող «Սասուն-33» ՍՊԸ-ի շուրջ ավելի քան 2 տարի ընթացող քաղաքացիական վեճը հուլիսի 14-ին հանգեցրել է ձեռնամարտի, մի կողմից՝ ՍՊԸ-ի նախկին տիրոջ՝ նախկին դաշնակցական Տարոն Հակոբյանի, մյուս կողմից՝ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ոստիկանների ու Արագածոտնի մարզի դատական ակտերի հարկադիր կատարածուների միջեւ:

«Սասուն-33» ռեստորանային համալիրի վերաբերյալ վեճը երկար նախապատմություն ունի, որին «Առավոտն» արդեն անդրադարձել է։ Հիշեցնենք, որ վեճի գլխավոր հերոսներն են արդեն հիշատակված Տարոն Հակոբյանը եւ օբյեկտի նոր սեփականատեր, ՀՅԴ անդամ, սփյուռքահայ Վարդգես Հագոփյանը։

2005թ. նոյեմբերի 18-ին ուժի մեջ է մտել վճռաբեկ դատարանի վճիռը, ըստ որի՝ ռեստորանային համալիրը Հագոփյանի սեփականությունն է, իսկ նախկին տերը պետք է այն ազատի, ինքնակամ այդ չանելու դեպքում վտարումը տեղի կունենա հարկադրաբար:

Տ. Հակոբյանը, սակայն, չէր նահանջել ու դիմել էր Արագածոտնի մարզային դատախազություն՝ մարզային նոտարի ու կադաստրի կողմից փաստաթղթերը կեղծելու ու ըստ այդմ՝ գործարքը չեղյալ համարելու պահանջով: Արագածոտնի դատախազությունում արդեն 2006թ. հունվարին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի՝ «Փաստաթղթերի կեղծում», եւ 314-րդ հոդվածի՝ «Պաշտոնական կեղծիք», հատկանիշներով: Մարտի 7-ին դատախազությունն էլ նկատի ունենալով, որ քրգործ է հարուցել, որոշում էր ընդունել «Սասուն-33» ՍՊԸ-ի գույքը կալանքի տակ վերցնել ու ի պահ հանձնել նախկին տիրոջը՝ Տարոն Հակոբյանին՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը: Անշուշտ, դատախազությունն իրավասու չէր նման որոշում կայացնել, երբ կա տվյալ գործով դատարանի վճիռ:

Ահավասիկ, հուլիսի 14-ին Արագածոտնի մարզային ԴԱՀԿ-ն ու Աշտարակի ոստիկանությունը միասնական ջանքերով, ըստ ականատեսների՝ մոտ 100 հոգի, մտել էին «Սասուն- 33» ՍՊԸ, որտեղ իր ընտանիքով ապրում էր Տարոն Հակոբյանը (ի դեպ, նա փաստաթղթեր ունի, ըստ որոնց՝ իրավունք ունի այդ տարածքում ապրել՝ առանց բիզնես ծավալելու իրավունքի, ինչը եւ անում է արդեն մի քանի տարի- Ն. Մ.), ու փորձել են բռնի ուժով նրանց վտարել նշված տարածքից: Տ. Հակոբյանին օգնության էին եկել նրա ազատամարտիկ երեք եղբայրներն ու ընկերները, որոնց թվում՝ նաեւ Աշտարակի նախկին ոստիկանապետ Վարդան Մալխասյանը, նաեւ՝ Տարոնի ուջանցի համագյուղացիները: Բանը հասել էր ձեռնամարտի: Տուժածների ու մարմնական վնասվածքներ ստացողների թվում բացառապես Տ. Հակոբյանին սատարողներն են եղել, այդ թվում՝ կինն ու եղբայրները: Ոստիկանները մի քանի հոգու, նաեւ՝ Տարոնի եղբայրներին, բերման էին ենթարկել ոստիկանություն, բայց երեկոյան բաց էին թողել: Հիմա «Սասուն-33» ՍՊԸ թույլ չեն տալիս ոչ մեկին մտնել. այն պահպանվում է շուրջ մեկ տասնյակ ոստիկանների կողմից: Ծեծկռտուքի մասնակիցների ասելով, ծեծողների թիմում «ակտիվիստներից» մեկը եղել է Աշտարակի ոստիկանապետ Կարո Կարապետյանը: Տ. Հակոբյանի հետ «Առավոտի» զրույցի ժամանակ վերջինս հավաստիացրեց, թե ծեծկռտուք հրահրողները հենց ոստիկանության աշխատակիցներն են եղել:

«Հարձակվել են ծեծ ու ջարդով, սկզբում մեկուսացրին եղբայրներիս՝ տարան բաժին, մինչեւ երեկո պահեցին, հետո կանայք կային, մոտ հարազատներ՝ բոլորին ստիպելով, հրելով, ջարդելով դուրս հանեցին: Կան մարդիկ, ովքեր վնասվածքներ են ստացել, մեկին, որի ձեռքն էր ջարդվել, տարան հիվանդանոց: Ոստիկաններն ասում են՝ դատախազության հերն էլ, մերն էլ… ինչ ուզենք՝ կանենք»,- պատմեց Տ. Հակոբյանը: Նա նաեւ հույս հայտնեց, թե երկրում մի օր գոնե արդարադատությունը պիտի հաղթի. «Եթե դատախազությունը վերջնական որոշում չկայացնի՝ ուրեմն մենք էլ ենք դիմելու բեսպրեդելության. թե՝ ով կմեռնի, ով կտուժի՝ չգիտենք»:

Ի դեպ, ե՛ւ Տ. Հակոբյանի, ե՛ւ նրա ընկերների ասելով, Վարդգես Հագոփյանի «թիկունքին կանգնած» են ՀՅԴ-ն ու այդ կուսակցության ԳՄ անդամ, պատգամավոր Հրայր Կարապետյանը։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել