Արեւելագետ
Դավիթ Հովհաննիսյանը այս փուլում քիչ հավանական է համարում արաբա-իսրայելական հակամարտության
մեջ այլ երկրների ներգրավումը: – Արաբա-իսրայելական հակամարտությունը վերջին
շրջանում վերածվել է իսկական պատերազմի: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված մերձավորարեւելյան
տարածաշրջանում իրավիճակի այս ծայրահեղ շիկացումը: – Հայտնի է, որ այս հակամարտությունը,
ի համեմատ մյուսների, իր էությամբ եւ կառուցվածքով ամենաբարդն է: Իր արմատներով այն
հասնում է մինչեւ վաղնջական ժամանակները եւ անգամ, կարելի է ասել, որոշ չափով դիցաբանական
ենթատեքստ ունի: Վերջին տասնամյակների ընթացքում կարգավորման նպատակով այնտեղ փորձարկված
հաշտեցման բոլոր սխեմաները տապալվել են: Ձախողվեց նաեւ, այսպես կոչված, «Ճանապարհային
քարտեզը», որն, ըստ էության, դատապարտված էր ի սկզբանե: Ինչ վերաբերում է ձեր նշած
վերջին թեժացումներին, ապա նման իրավիճակներ միշտ էլ եղել են եւ, ըստ ամենայնի, հետագայում
էլի կլինեն: Ինչո՞ւ հենց հիմա. այս հարցի պատասխանը, թերեւս, հարկ է փնտրել ներկայիս
համաշխարհային քաղաքական անցուդարձի համատեքստում: Առկա են մի քանի գործոններ: Մի
պատկերավորում անեմ. երբ տան մեծը գլուխը կորցնում է ու այլեւս չի զբաղվում մեծի
պարտականություններով, այդ տան բնակիչները սկսում են հազար ու մի չարություն անել:
Տան մեծ ասելով ես նկատի ունեմ ԱՄՆ-ին, որն իր իրաքյան արկածախնդրությամբ, Իրանի
միջուկային ծրագրի շուրջ բարձրացրած աղմուկով, քաղաքակրթությունների հակասությունների
հրահրմամբ ու թեժացմամբ ծանր վիճակի մեջ է դրել ինչպես ողջ տարածաշրջանը, այնպես
էլ՝ ինքն իրեն: Ի արդյունք, նա որոշակիորեն կորցրել է հսկողությունը գործընթացների
նկատմամբ, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ընդ որում, իրավիճակի բարդությունը բնութագրվում
է մի քանի տարրերի համակցմամբ: Դրանցից մեկը Իրանի խնդիրն է. ինչպես գիտեք, չորեքշաբթի
օրը (վաղը- խմբ.) իրանական դոսյեն մուտք է գործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ,
ինչը նշանակում է նոր մոտեցումների, հետեւաբար եւ նոր՝ սուր իրավիճակների առաջացման
հնարավորություն: – Այսինքն՝ դուք որոշակի կապ եք տեսնում Իրանի միջուկային
խնդրի, իսկ ավելի կոնկրետ՝ իրանական դոսյեի՝ ՄԱԿ-ի ԱԽ մուտք գործելու եւ իսրայելա-լիբանանյան
վերջին զարգացումների միջեւ: – Անշուշտ, տեսնում եմ, եւ դա կարող եմ բացատրել
թեկուզեւ Թել-Ավիվի կատարած այն հաշվարկով, որ տարածաշրջանում ստեղծված ներկայիս
խճողված իրադրությունը նրան հնարավորություն է տալիս օգտվել դրանից եւ կործանիչ հարվածներ
հասցնել իր նկատմամբ թշնամաբար տրամադրված եւ իր անվտանգությանը էապես սպառնացող
երկու կազմակերպությունների դիրքերին. դրանք են՝ «Համասը»՝ Պաղեստինում, եւ «Հըզբոլլահը»՝
Լիբանանում: Ընդ որում, պետք է նշեմ, որ Իսրայելի այս վարքագիծն, իր հերթին, ակտիվացնելու
է տարածաշրջանային այլ գործոններ, մասնավորապես՝ չեմ բացառում, որ ի պատասխան Իսրայելի
գործողությունների, Իրանն իր հերթին ձեռնամուխ կլինի Իրաքում իրադրության էլ ավելի
շիկացմանը: Ի դեպ, վերադառնալով ձեր առաջին հարցին՝ պետք է նշեմ, որ միջին եւ մերձավորարեւելյան
գրեթե բոլոր զարգացումներում էական դերակատարություն ունի նաեւ նավթի գնի բարձրացման
գործոնը: Թե ում է դա ձեռնտու՝ միանգամից պատասխանելը բարդ է, բայց վերլուծել կարելի
է: – Ստացվում է, որ այս լարված իրավիճակը, ի հետեւանք՝ նավթի գների աճը,
խիստ ձեռնտու է ասենք՝ Ռուսաստանին: – Նաեւ Ծոցի մի շարք նավթ արդյունահանող
երկրների: Կարող եմ ասել, որ այդ հանգամանքը միանշանակ ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որն, ի
դեպ, արդեն բավական ժամանակ է, ինչ իր էներգետիկ պահանջմունքները բավարարելու համար
օգտվում է երկրի ռեզերվային ֆոնդերից: Չտեսնված մի բան: Այս համատեքստում եւս հաստատվում
է իմ այն պնդումը, որ ԱՄՆ-ն կորցրել է հսկողությունը գործընթացների նկատմամբ, քանի
որ Իսրայելն այսօր, փաստորեն, գործում է առանց ԱՄՆ-ի ակնհայտ աջակցության եւ հավանության:
– Կապ տեսնո՞ւմ եք արդյոք անցած տարի Արեւմուտքի ճնշմամբ Լիբանանից սիրիական
զորքերը հանելու եւ Իսրայելի այսօրվա «լիբանանյան» արշավանքների միջեւ: –
Ուղղակի կապ չկա: Անցած տարի Սիրիա-Արեւմուտք հակասությունները կարծես թե որոշակիորեն
շտկվեցին այն բանից հետո, երբ Դամասկոսը կատարեց ՄԱԿ-ի կողմից իր առջեւ դրված պահանջները…
– Բայց եթե սիրիական զորքերը Լիբանանից դուրս եկած չլինեին ու այսօր էլ գտնվեին
այնտեղ, արդյոք Իսրայելը նո՞ւյն կերպ կվարվեր: – Իհարկե՝ ոչ: Որովհետեւ դա
կնշանակեր հակամարտության մեջ նաեւ Սիրիայի անմիջական ներգրավում: Իսկ դա, իր հերթին,
կհանգեցներ պատերազմական գործողությունների մեջ նաեւ մի քանի այլ՝ Սիրիայի հետ միջպետական,
ռազմական պայմանագրերով կապված երկրների ներգրավմանը: Ի հետեւանք, տարածաշրջանում
կսկսվեր մեծ, լայնածավալ եւ ավերիչ պատերազմ: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ այս
փուլում նման զարգացումները, մասնավորապես՝ հակամարտության մեջ մի կողմից՝ Իրանի
եւ Սիրիայի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ներգրավումը հնարավոր չեմ համարում: – Արտասահմանյան
մամուլում հետաքրքիր վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն, այս ամենը
հենց այդ հաշվարկով էլ արվում է: Այսինքն՝ խնդիր կա Իրանին ներքաշել պատերազմի մեջ,
նրան ստիպել հարվածել Իսրայելին, ինչին արդեն կհետեւի ԱՄՆ զինուժի հարվածները Իրանին:
– Գիտե՞ք, դավադրությունների տեսության կողմնակիցները ինչ վարկած ասես՝ կարող
են շրջանառել: Ինչպես արդեն ասել եմ, տարածաշրջանում նման իրավիճակներ էլի են եղել,
բայց Իրանը երբեք Իսրայելին չի հարվածել: Ինչո՞ւ հարվածի, երբ նա միշտ էլ ունի այլ՝
ոչ սիմետրիկ պատասխանների հնարավորություններ: Ասենք՝ իրավիճակի ապակայունացում Իրաքում,
ընդհանուր առմամբ՝ Պարսից ծոցում, եւ եթե կուզեք՝ որոշակի զարգացումների պարագայում,
նաեւ՝ Կասպից ծովում: Գործիքնե՞ր: Որքան ուզեք. ասենք՝ ահաբեկչական գործողություններ,
տանկերների կամ նավթամուղների պայթեցումներ եւ այլն: – Որքանո՞վ են այս գործընթացները
ազդում Հայաստանի վրա: – Դրանք ազդում են ողջ աշխարհի, հետեւաբար՝ նաեւ Հայաստանի
վրա: Սակայն, առնվազն երկու գործոնների ճնշմամբ, Հայաստանի վրա եղած ազդեցությունն
ավելի զգալի է: Դրանցից առաջինը՝ սփյուռքի, տվյալ դեպքում՝ Լիբանանի եւ Երուսաղեմի
հայ համայնքների կենսագործունեության բնականոն ռիթմի խաթարումն է: Երկրորդ գործոնն
առնչվում է հենց Հայաստան պետությանը, որը, գործողությունների թատերաբեմին աշխարհագրորեն
մոտ լինելով, հեշտությամբ ենթակա է հարեւան ռեգիոնում ծավալվող պատերազմից բխող բոլոր
բացասական ազդեցություններին: Օրինակ՝ միգրացիոն հոսքեր, զենքի եւ զինամթերքի ապօրինի
տեղաշարժ եւ այլն: Զրուցեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ