Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐ»՝ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ

Հուլիս 18,2006 00:00

«Ազգային միաբանությունն» ընդդեմ «Ժառանգության»

Հուլիսի 15-ին «Ազդակ» ակումբում «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հայտարարել էր, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «ամիսը մեկ նամակներ է գրում տարբեր ինստանցիաներ եւ հրավիրում է՝ եկեք ինձ հետ այդ հարցում խորհրդակցեք: Մի անգամ հրավիրեց՝ թե հատուկ հանդիպում ունենք, առանց ստորագրության, առանց բանի, անանիմկա՝ ոնց որ, էլի, բայց` իր անունից: Գրում է՝ ինչ-որ հատուկ ծառայություններ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ուզում են ձեզ հետ հանդիպել: Այ ցավդ տանեմ, եթե դա գաղտնի է, դու ի՞նչ կապ ունես»:

Երեկ մենք հենց «Ժառանգություն» կուսակցությունից փորձեցինք պարզել, թե այդ ինչ նամակների ու ինչ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին է ակնարկել պարոն Կարապետյանը: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը տարակուսեց. «Ալ. Կարապետյանի խիստ էմոցիոնալ խոսակցությունը ինձ խիստ զարմացրեց հիմնականում այն պատճառով, որ հրավերներ՝ կոնկրետ Արտաշես Գեղամյանը կամ «Ազգային միաբանություն» կուսակցությունը «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից ստացել են անցած տարվա սեպտեմբերին: Դա եղել է հրավեր՝ քննարկելու համար ընդհանուր ընդդիմադիր դաշտի դիրքորոշումը՝ կապված սահմանադրական հանրաքվեի հետ: Դրանից հետո որեւէ հրավեր նրանք չեն ստացել: Եթե խոսակցությունը լիներ այն մասին, թե՝ ինչո՞ւ չեն ստացել եւ այդպիսի էմոցիոնալ արձագանք լիներ՝ դա, միգուցե, տրամաբանական լիներ: Բայց չեղած հրավերների պայմաններում ներկայացնել կեղծ տեղեկություններ, թե իրենց պարբերաբար հրավիրում են, եւ իրենք մերժում են այդ հրավերները՝ բացարձակ անհեթեթություն է»:

Ինչ վերաբերում է «ԱՄՆ հատուկ ծառայությունների մասին» արած Ալ. Կարապետյանի ավելի քան թափանցիկ ակնարկին, ապա Վ. Խաչատրյանն ասաց. «Դա իշխանությունների կողմից քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտ նետված տարբերակն է, որը բազմիցս է շրջանառվել էլեկտրոնային եւ այլ ԶԼՄ-ներով, որը պարզորոշ ցույց է տալիս, թե դա ում խաղի շարունակությունն է, կամ թե ում ջրաղացին են ջուր լցնում կոնկրետ նման հայտարարություն անողները»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ընդդիմադիր կուսակցություններից մեկ-երկուսում էլ հաստատեցին, թե իրենք «Ժառանգությունից» նույն բովանդակությամբ նման հրավերներ ստացել են, պարոն Խաչատրյանն ասաց. «Նման բան չի եղել, որովհետեւ չէր էլ կարող լինել: Եթե եղել է՝ թող բերեն ցույց տան: Դա նույնն է, թե մենք խոսենք հոգեբուժարանի սենյակում: Գուցե, հնարավոր լինի ընդդիմադիր դաշտում մեկ-երկու մարդ գտնել, ովքեր կհավատան այդ ստին: Այն կուսակցությունները, որոնք իրենց ներկան կառուցում են ստի ու կեղծիքի վրա՝ պետք է հասկանան, որ այս ընդդիմադիր դաշտում, քաղաքական դաշտում իրենք անելիք չունեն»:

Թե՝ ինչո՞ւ է «Ազգային միաբանությունը» որոշել հարվածել ու մերկացնել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ պարոն Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, բայցեւ փորձեց հնարավոր պատճառներ մատնանշել. «Ես կարող եմ միայն ենթադրություններ անել, ինչը չէի ցանկանա: Չեմ բացառում, որ դա, միգուցե, խանդի դրսեւորում է՝ կապված վերջերս հրապարակված կուսակցությունների վարկանիշային հարցման արդյունքների հետ: Գուցե այլ պատճառներ կան: Կարելի է հենց Ալ. Կարապետյանին հարցնել՝ եթե դուք «Ժառանգությունից» վերջին նամակը ստացել եք անցյալ տարվա սեպտեմբերին՝ ի՞նչ ամիսը մեկ հրավերների մասին եք խոսում»:

Երեկ «Ժառանգության» քաղաքական քարտուղարի հետ զրույցը պատեհ առիթ էր հարցնելու համար, թե վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ընդդիմադիր որոշակի շրջանակների, այդ թվում՝ «Ժառանգության» մասնակցությամբ, որոնք անցնում են «Քաղաքացիական նախաձեռնության» հովանու ներքո եւ ԶԼՄ-ների համար փակ ռեժիմում, ի՞նչ արդյունքի են հանգել, եւ արդյոք հանդիպմանը մասնակցող քաղաքական ուժերը իրենց գործողությունների վերաբերյալ որոշակի հայտարարի հանգե՞լ են:

Վ. Խաչատրյանի փոխանցմամբ, «ըստ էության, ընդհանուր հայտարարի եկել ենք, սկսվել են աշխատանքները քաղաքացիական շարժման փուլ սկսելու շուրջ»: Թե կոնկրետ ո՞ր կուսակցություններն են այդ խորհրդակցություն-հանդիպումներին մասնակցում՝ պարոն Խաչատրյանը չցանկացավ նշել՝ շեշտելով, որ այդ շարժումը ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական բնույթ ունի:

Այդուհանդերձ, խոսակցություններ կան, որ «Ժառանգությունը»՝ ի դեմս Ր. Հովհաննիսյանի, այնքան էլ հակված չէ այդ համագործակցությանը, եւ որ նա հազվադեպ է ներկա լինում այդ ձեւաչափի նախաձեռնած քննարկումներին: «Նա ուղղակի քաղաքում չի եղել, ինչի մասին փակ հավաքի ժամանակ ներկա 200 հոգուն հայտարարվել է: Այստեղ որեւէ օտարման խնդիր առայժմ չկա: Ինչ վերաբերում է նախաձեռնող խմբի կողմից կոնկրետ քայլերին, ապա դրա առնչությամբ հարկ եղած դեպքում հրապարակային հայտարարություն կլինի»,- վստահեցրեց պարոն Խաչատրյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել