Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ ութերորդ

ՁՆՀԱԼԻՑ ՀԵՏՈ

Այսինքն, ի սկզբանե Խոսքն էր, եւ Խոսքն էդ ամբողջ ընթացքում Լիզայի մոտ էր, ու չնայած ինքն ինձանից տարիքով ահագին փոքր էր, բայց հենց ինքն էր մեր ողջ խոսակցության տոն տվողը, ու չնայած տոն տվողն ու տրամադրություն թելադրողն ինքն էր, բայց ինքը կամավոր ու սրտանց էր խոսքն ինձ զիջում, այսինքն, ինքը խոսում էր, որ ես է՛լ խոսեմ:

– Նորոն նորից սկսեց,- ասացի ես.- էս ո՞րերորդն է:

– Չգիտեմ,- ասաց Լիզան.- արդեն չեմ հաշվում:

– Հաշիվը կորցրինք,- ասացի ես:- Երանի անվերջ երգեր, ու մեր էս պարը չվերջանար:

– Ի՞նչ պար:

– Մեր էս տանգոն:

– Քո կարծիքով՝ մենք պարո՞ւմ ենք:

– Բա ի՞նչ ենք անում:

– Շարժվում ենք:

– Ո՞ւր ենք շարժվում:

– Առա՛ջ:

– Հետ-հետ է՛լ ենք շարժվում:

– Հետ-հետ ենք շարժվում, բայց առաջ ենք գնում. առաջանո՛ւմ ենք:

– Ո՞նց որոշեցիր, որ առաջանում ենք:

– Եթե նոր բացահայտումներ ենք անում, ուրեմն՝ առաջանում ենք:

– Ի՞նչ նոր բացահայտում:

– Ես, օրինակ, բացահայտեցի, որ գեղեցիկ ժպիտ ունեմ:

– Ոչ թե դո՛ւ բացահայտեցիր, այլ՝ ես:

– Հա. քո շնորհիվ բացահայտվեց, որ շատ գեղեցիկ ժպիտ ունեմ:

– Ոչ մի աղջիկ քո ժպիտը չունի:

– Բոլոր աղջիկներին էդքան լավ գիտե՞ս, որ համեմատում ես:

– Լավ իմանալը հեչ պարտադիր չի. ժպիտը հեռվանց է՛լ ա էրեւում:

– Բոլոր տղաներն ապուշներ են,- ասաց Լիզան:

– Բոլոր տղերքին էդքան լավ գիտե՞ս,- հարցրի ես:

– Լավ չգիտեմ, բայց գիտեմ, որ բոլորն էլ ապուշ են:

– Փաստորեն, ինձ վիրավորում ես:

– Դու հաշվի մեջ չես:

– Ինչի՞. ես տղա չե՞մ:

– Տղա ես, բայց ապուշ չես: Դու, փաստորեն, միակն ես, որ էդ բանը նկատեցիր:

– Ի՞նչ բան:

– Դու առաջինը նկատեցիր, որ շատ գեղեցիկ ժպիտ ունեմ:

– Չնկատելու բան չի:

– Համենայնդեպս, դու միակն ես, որ նկատել ես:

– Երեւի ուրիշներն էլ են նկատել, բայց չեն արտահայտվել:

– Ավելի վատ իրե՛նց համար. իրենց ո՞վ էր խանգարում, որ արտահայտվեն:

– Երեւի ռիսկ չեն արել:

– Դա է՛լ է քո օգտին խոսում: Դա նշանակում է, որ դու շատ ռիսկով տղա ես:

«Որքա՜ն անգամ եմ ես վանել տխուր մտքերն ինձնից հեռու եւ վախեցել եմ միտք անել, որ դու, որ դու ինձ չես սիրում»,- երգեց Նորոն:

– Նորայրն արդեն վերջին տունն է երգում,- ասաց Լիզան:

– Նախավերջի՛նն ա,- ասացի ես:

– Բա վերջինը ո՞րն է,- հարցրեց Լիզան:

– Հիմա կերգի՝ կիմանաս,- ասացի ես:

«Չէ՛, ինձ չէի՜ր, չէի՜ր սիրում, թե չէ՝ ի՞նչ է, բա՞րդ էր այդքան՝ գտնել երեք անուններում իմ անունը գեթ մեկ անգամ»,- երգեց Նորոն:

– Վերջինն է՛ս էր,- ասացի ես:

– Դա վերջինը չի,- ասաց Լիզան.- դա կրկներգն էր: Ամեն տնից հետո էդ քառատողը կրկնվում է: Դրա համար էլ կրկներգ է կոչվում:

– Հասկացա,- ասացի ես:

– Դժվար ես հասկանում,- ասաց Լիզան.- խեղճ տղան քսան անգամ էս երգը երգեց, բայց մինչեւ հիմա չես հասկացել:

– Ես հարգելի պատճառ ունեմ:

– Ինչի՞ համար հարգելի պատճառ ունես:

– Չհասկանալուս համար:

– Ո՞րն է էդ հարգելի պատճառը:

– Դու ինձ շեղում ես:

– Ինչի՞ց եմ շեղում:

– Երգից:

– Ո՞նց եմ շեղում:

– Քո ներկայությամբ ինձ անընդհատ շեղում ես. չես թողնում, որ էս երգի մեջ խորանամ ու էս երգը հասկանամ:

– Արդեն ուշ է:

– Խի՞ ա ուշ:

– Արդեն Նորայրը երգն ավարտում է:

– Կավարտի ու միանգամից էլի կսկսի:

– Էլ չի սկսի:

– Գրազ գա՞նք:

– Ինչի՞ վրա:

– Որ մեկս որ տարվեց՝ մյուսի ցանկությունը կատարում ա:

– Ի՞նչ ցանկություն:

– Ցանկացած ցանկություն:

Մինչեւ մենք գրազ կգայինք, Նորոն առանց դադար տալու՝ նորից «Երեքնուկն» սկսեց, եւ Լիզան ասաց.

– Ո՞նց իմացար, որ նորից է սկսելու:

– Պրոֆեսորն իրան մի դաստա տասանոց ա տվել. քանի ինքը պարում ա՝ Նորոն պիտի երգի:

– Դու էլ ե՞ս Թամրազյանին պրոֆեսոր ասում:

– Պրոֆեսոր չի՞:

– Կարծեմ մի քանի ամիս առաջ է պրոֆեսոր դարձել:

– Հաստատ պրոֆեսոր ա. որ պրոֆեսոր չըլներ, Նորան ու Սամսոնը պրոֆեսոր չէին ասի:

– Կապ չունի. իրենք երեւի միշտ են Թամրազյանին պրոֆեսոր ասել:

– Մինչեւ պրոֆեսոր դառնալն է՞լ:

– Հա: Իրենց համար երեւի դասախոսն ու պրոֆեսորը նույն բանն են:

– Դոկտորն ա՞ բարձր, թե՝ պրոֆեսորը:

– Տարբեր բաներ են. դոկտորը գիտական աստիճան է, իսկ պրոֆեսորը՝ կոչում:

– Թե՞ հակառակը: Կարծեմ հակառակն ա:

– Գրազ գա՞նք:

– Նոր ես գրազը կրվել:

– Ի՞նչ գրազ:

– Նորոյի երգելու հաշվով:

– Նորոյի երգելու հաշվով չհասցրինք գրազ գալ. մինչեւ գրազի պայմանը կորոշեինք՝ ինքը սկսեց երգել:

– Պայմանն արդեն որոշել էինք. տարվողը պիտի տանողի ցանկությունը կատարեր:

– Ի՞նչ ցանկություն:

– Ցանկացած ցանկություն:

– Բայց մեր գրազը կտրող չի եղել. գրազը պարտադիր պիտի մեկը կտրի:

– Քեզ ո՞վ ասեց:

– Ես էդպես գիտեմ: Գրազը միշտ էլ կտրում են. գրազ եկողներն իրար ձեռք են բռնում, իսկ երրորդ անձնավորությունը կտրում է: Մենք նույնիսկ իրար ձեռք չենք բռնել:

– Մեր ձեռքերը զբաղված են. պարում ենք:

– Ասենք թե՝ պարտվել եմ. դե ցանկությունդ ասա՛:

– Ուզում եմ, որ միշտ ինձ ժպտաս:

– Առանց գրազի էլ ժպտում եմ:

– Վերջին անգամ Կոշիկի տան մոտ ես ժպտացել:

– Գրազով մի քիչ դժվար կստացվի, բայց կփորձեմ: Երեք՝ չորս, ժպտո՛ւմ եմ,- ժպտաց Լիզան:

– Լավ էլ բնական ստացվեց:

– Լավ էր:

– Ի՞նչն էր լավ:

– Լավ էր, որ գրազը դու շահեցիր: Ես որ շահեի՝ չէի իմանա ինչ ցանկություն հայտնեմ: Դու նույնիսկ առանց գրազի չես կարողանում ժպտալ, ուր մնաց՝ գրազով:

– Երեք՝ չորս, ժպտո՛ւմ եմ,- ժպտացի ես:

– Դու ոչ թե ժպտում ես, այլ դեմքդ ես ծամածռում:

– Ո՞նց եմ ծամածռում:

– Ա՛յ էսպե՛ս,- դեմքը ծամածռեց Լիզան:

– Չափազանցնում ես,- ասացի ես:

– Դու մեղավոր չես,- ասաց Լիզան:- Մարդկային մի տեսակ կա, որ ոչ մի կերպ չի կարողանում ժպտալ:

– Էդ ի՞նչ տեսակ ա:

– Երեւի հենց քո տեսակն է: Ինչքան հիշում եմ, հոգեբանության դասագրքում եմ կարդացել, որ ո՛չ բոլոր մարդիկ են կարողանում ժպտալ: Կարծեմ՝ Մազմանյանի դասագրքում եմ էդ բանը կարդացել: Դու կյանքում էդ տեսակ մարդ չես տեսե՞լ:

– Ի՞նչ տեսակ մարդ:

– Որ չի կարողանում ժպտալ: Ոչ թե չի ուզում, այլ՝ չի կարողանում: Էդ տեսակ մարդ չես տեսե՞լ:

– Տեսել եմ:

– Ո՞վ էր էդ մարդը:

– Մազմանյանը:

– Ի՞նչ Մազմանյան,- ապշեց Լիզան:

– Քո ասած էդ դասագրքի հեղինակը,- ծիծաղեցի ես:

– Մազմանյանին ճանաչո՞ւմ ես,- զարմացավ Լիզան:

– Էն էլ ո՜նց:

– Անձամբ ե՞ս ճանաչում:

– Հա: Մեր դասախոսն էր: Ինքը հե՛չ չէր ժպտում:

– Ինչո՞ւ:

– Իրա մոտ է՛լ չէր ստացվում:

– Ի՞նչը չէր ստացվում:

– Ժպտա՛լը: Հենց ուզում էր ժպտար՝ դեմքը ծամածռվում էր:

– Կատակում ե՞ս:

– Դու կատակում էի՞ր:

– Ե՞րբ:

– Որ ասում էիր՝ դեմքս ծամածռում եմ:

– Ես աչքիս տեսածն էի ասում:

– Ես էլ ի՛մ աչքի տեսածն եմ ասում:

– Այսինքն, Մազմանյանն է՞լ տարօրինակություններ ունի:

– Ես տարօրինակություննե՞ր ունեմ:

– Համենայն դեպս, սովորական մարդ չես:

– Ուրեմն, Մազմանյանն էլ սովորական մարդ չի:

Հիմա, երբ մեր դասախոս ու էն ժամանակների ամենաճանաչված հոգեբան Մազմանյանին հիշեցի, հիշեցի նաեւ, որ չնայած էս վեպիս առաջին գրքում ուսանողական տարիներիս ահագին անդրադարձել եմ, բայց համարյա չեմ անդրադարձել մեր դասախոսներին, որոնցով մշտապես հպարտանում ենք՝ ասելով ու կրկնելով, որ հիմա էդ մակարդակի դասախոսներ ու գիտնականներ չկան, բայց հիմա որ դասախոս առ դասախոս սկսում եմ հիշել ու հիշելով տեղը բերել, սկսում եմ հասկանալ նաեւ, որ մեր դասախոսների մեջ ահավոր տիպեր է՛լ կային, ու էդ ահավորների մեջ Մազմանյանն, իհարկե, չէր մտնում, ու էդ ահավորներից չէին նաեւ Աշոտ Աբրահամյանը, Ռշտունին ու էլի շատերը, բայց ահավորներն էնքան ահավոր էին, որ նույնիսկ հիմա, երբ իրենք միանգամայն անվտանգ ու ոչ եւս են, էլի բերանս չի բռնում դրանց անուններն ու ազգանունները գրել, եւ իրենց անուններն ու ազգանունները չեմ հիշատակում նաեւ էն պատճառով, որ ի՛նքս էն մարդկանցից չեմ, որ նախընտրում են ժամանակների բոլոր մեղքերը որոշակի ու կոնկրետ մարդկանց ուսերին բարդած տեսնել՝ դրանով պատասխանատվությունից ազատելով ուրիշ հարյուրավորների ու հազարավորների, ու նմանապես է՛ն մարդկանցից չեմ, ովքեր ուրիշների մեղքերը մշտապես հիշելով, հիշեցնելով ու թվարկելով՝ հույս ունեն, թե էդ հիշեցումներից ու թվարկումներից պակասելու ու ի չիք են լինելու անձամբ իրե՛նց մեղքերը, եւ եթե էս պահին ասեմ ու ձեզ էլ հիշեցնեմ, որ մեր դասախոսներից մեկը ասպիրանտ ժամանակ մատնագիր է գրած եղել իր դասախոս ու իր գիտական ղեկավար Հրաչյա Աճառյանի դեմ, դա բնավ չի նշանակում, թե ես էդ բանը չեմ անի, եթե, Աստված չանի, ժամանակները կրկնվեն, եւ եթե ժամանակին Աճառյանի՛ ուսանողն էր էդ բանն արել, պատկերացրեք՝ ինչքան էդ բանն ավելի հեշտ ու ավելի լավ կաներ էդ մատնագիր գրողի՛ ուսանողը, այսինքն՝ ե՛ս, եթե, իհարկե, ժամանակները թույլ տային ու նույնիսկ հորդորեին, ինչպես իմ դասախոսներից մի քանիսին էին հորդորել, եւ եթե իմ կարկառուն դասախոսներից հաջորդը առավոտից իրիկուն ֆռֆռում էր Հանրային գրադարանի պահոցներում ու սրահներում՝ երեսնականների «Գրական թերթի» ու «Սովետական Հայաստանի» հավաքածուներից մկրատելով իր հազար ու մի տպագիր մատնագրերը, վերստին ժամանակի պահանջով էր, որովհետեւ վաղուց արդեն ձնհալի ժամանակներն էին, ու նույնիսկ ձնհալն էր արդեն ավարտվել, ու մենք, որ հավասարապես անտեղյակ էինք ձնհալից ու ձնհալի ավարտից, հետաքրքրությամբ լսում էինք մկրատողին ու մյուսներին, ու չնայած ձնհալն ավարտվել էր, մկրատողն ու մյուսներն անվերջանալիորեն խոսում էին անհատի պաշտամունքից ու դրա հետեւանքներից, ու էս դեպքում, փաստորեն, էականը ո՛չ թե ձնհալի ավարտն էր, այլ՝ սկիզբը, որովհետեւ եթե երբեւէ ձնհալ չլիներ, էդ մարդը դժվար թե Հանրայինի պահոցներում ու սրահներում առավոտից իրիկուն ֆռֆռար, ու չնայած ձնհալն ավարտվել էր, ու կիսահալ ձները վերստին սառում էին, բայց էդ մարդու ու մկրատի համագործակցությունը շարունակվում էր ո՛չ թե այն պատճառով, որ էդ մարդը չգիտեր ձնհալի ավարտի մասին, այլ այն պատճառով, որ նոր ձնհալի վտանգը միշտ կար ու կար, ու ինչքան էդ մարդը մկրատում էր, էնքան ավելի ու ավելի էր շատանում մկրատելիքը, որովհետեւ, ասում էին, ժամանակին շա՜տ-շա՜տ էր գրել, ու ինչքան մկրատում էր՝ էնքան չմկրատածն ավելի՛ էր աչք ծակում, ու չնայած Հանրայինի տնօրինությունը մի քանի անգամ իրեն բռնացրել ու արդեն արգելել էր Հանրային մտնել, բայց դրանից անմիջապես հետո մեր չափազանց կուլտուրական ու չափազանց մտավորական պրոֆեսորն իր էդ անելիքն անմնացորդ վստահեց եղբորորդուն, ու սա արդեն ո՛չ թե հոդվածներն ամբողջությամբ էր մկրատում, այլ սրիչով վարպետորեն թերթից օտարում էր հարազատ հորեղբոր չափազանց հայեցի անունն ու ազգանունը, ու մինչ Հանրայինի տնօրինությունը սրան է՛լ գործի վրա կբռնացներ, մի ամբողջ ժամանակաշրջան իրենց մասով արդեն ամբողջովին օտարված էր, եւ չափազանց կուլտուրական պրոֆեսորը մեր էդ ուսանողական տարիներին արդեն դժվարանում էր ժամանակի շունչը դառնալ, ու չնայած արդեն յոթանասունականներն էին, ու ձնհալն էլ վերջնականապես էր ավարտվել, ինքը դասախոսությունների ժամանակ դեռեւս շարունակում էր անհատի պաշտամունքի մասին իր շարունակական պատմությունները ու ի՛նքն էլ չէր զգում ու չէր հասկանում, որ իր էդ պատմություններն արդեն չափազանց արդիական էին, քանի որ ձնհալն արդեն վերջնականապես ավարտվել, եւ միանգամայն նոր անհատի պաշտամունք էր սկսվել, եւ ուսանողներս արդեն շշուկով էինք խոսում Աճառյանին մատնածի ու նաեւ իր՝ մկրատավորի մասին, իսկ երրորդի մասին կենսագրական մանրամասնություններ չգիտեինք ու չէինք էլ ջանում իմանալ, եւ իմացածներս էլ շատ շուտ մոռանում էինք, եւ իմացածներս էլ էդ երրորդի պատմածներն էին, համաձայն որոնց, մեր էս երրորդը, որ մեր ռուս գրականության դասախոս Արտաշես Ոսկերչյանն էր, երեսնականներին հիմնադրել ու խմբագրել էր «Անաստված» կոչվող թերթը, ու մենք իր մասին ո՛չ շշուկով եւ ո՛չ էլ անշշուկ որեւէ բան չէինք խոսում երեւի էն պատճառով, որ ինքն իր մասին ամեն ինչ բացեիբաց ասում էր եւ իր հիմնադրած էդ «Անաստված» կոչվող թերթի մասին է՛լ էր բացեիբաց ու հպարտությամբ խոսում, որովհետեւ ինքը ոչ միայն ձնհալից էր անտեղյակ, այլեւ էդ ժամանակ դեռեւս անտեղյակ էր իր իսկ գլխի գալիքից, ու չնայած Արտաշես Ոսկերչյան կոչվող էդ գորշ ժայռաբեկորն ուսանողներիս կողմից երբեւէ քննարկման ու վերլուծության չարժանացավ, բայց Աստծո կողմից հենց ի՛նքը առավելագույն ուշադրության արժանացավ, եւ երբ ութսունականներին Ոսկերչյանն իր բանաստեղծ ու հոգեգար որդու հետ անիմաստ ու աննպատակ շրջում էր Երեւանի փողոցներով, կինն արդեն բանտում էր, եւ իրենց ավագ որդին արդեն մահացել էր, եւ մեկի մահն ու մյուսի բանտում հայտնվելը սերտորեն կապված էին ու միաժամանակ էին տեղի ունեցել, եւ իրենց կյանքի ու դաժան ճակատագրի համառոտ բովանդակությունը հետեւյալն էր. Ոսկերչյանի ավագ որդուն չափազանց անհաջող վիրահատել էին, եւ, ուրեմն, ավագ որդին մահացել էր վիրահատության սեղանին, եւ քիչ անց հայտնվել էր Ոսկերչյանի կինն ու կիսլատայով լի շիշը դատարկել էր վիրահատող բժշկի երեսին եւ, բնականաբար, անմիջապես հայտնվել էր կալանավայրում ու որոշ ժամանակ անց հենց կալանավայրում էլ ինքնասպանություն էր գործել, ու էս պատմությունն ութսունականներին մեր գրողներն էնքան համառոտ ու թեթեւ էին պատմում՝ ասես ողբերգական որեւէ բան տեղի չէր ունեցել, ու էդ պատմությունը հատկապես գրողներն էին իրար պատմում, որովհետեւ Ոսկերչյանն ու իր խելագար կրտսերը Գրողների միության անդամ էին, եւ երբ ութսունականներին հայր ու որդի ուրվականներն անիմաստ ու աննպատակ շրջում էին Երեւանի փողոցներում, ես մեկն էի է՛ն քչերից, որ հավասարապես խղճում էի հորն ու որդուն, եւ Ոսկերչյանին խղճում էի հատկապես է՛ն դեպքերում, երբ երեսնականների իր արածները ճոխացնելով պատմում էին մեր է՛ն ավագները, որոնք նույն էդ երեսնականներին առանձնապես պարապ չէին մնացել:

Ես Ոսկերչյանին ո՛չ միայն խղճում էի, այլեւ Գրողների տան միջանցքներում հետը խոսակցություն էլ էի բացում, ու ինքն իր տարեկիցներից թերեւս միակն էր, որ երեսնականների իր արածները մեկ առ մեկ պատմում էր ու իր արածներից համարյա ոչ մի բան չէր թաքցնում ու եթե թաքցնում էլ էր, ընդամենը Չարենցի հետ կապված որոշ բաներ, ավելի ճիշտ՝ ո՛չ թե Չարենցի դեմ իր գրածներն ու արածներն էր թաքցնում, այլ՝ Չարենցի հանդեպ իր վերաբերմունքը, իսկ Չարենցին ոսկերչյանն անմնացորդ էր ատում, եւ հենց էս պահին, երբ իր ազգանունն անկախ ինձանից փոքրատառով գրեցի եւ ուզում էի մեծատառ դարձնել, մի պահ մտածեցի, որ մեծատառ դարձնելով՝ Աստծո դեմ մեղք եմ գործում, որովհետեւ այլ բան է, երբ մարդու ազգանունը լեզվական օրենքների համաձայն մեծատառով ես գրում, եւ միանգամայն այլ բան է, երբ պատահաբար կամ ինքնաբերաբար փոքրատառով գրելուց հետո հատուկ վերադառնում ու փոքրատառը մեծատառ ես դարձնում, եւ Ոսկերչյանի դեպքում էդ բանն անելը հատուկ համարձակություն է պահանջում ինձ նման Աստվածավախ մեկից, եւ, իհարկե, էստեղ խոսքս վերաբերում է էսօրվա՛ ինձ ու էսօրվա՛ Աստվածավախությանս, քանզի ութսունականների սկզբներին էսօրվա Աստվածավախությունս դեռեւս սաղմնավորված էլ չէր, այլապես չէի համարձակվի Գրողների տան միջանցքներում ու նաեւ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը ժամերով լեզու թրջել «Անաստված» թերթի հիմնադիր խմբագրի հետ, մանավանդ որ՝ հետագայում դոկտոր ու պրոֆեսոր դառած Ոսկերչյանն առանձնապես անցյալում մնացած իր է՛դ պաշտոնն էր հպարտությամբ հիշում ու նշում, մինչդեռ իր հետ նույն էդ երեսնականներին ապրածներն ու էդ երեսնականներից առնվազն ողջ ու առողջ մեզ հասած մյուսները հետեւողականորեն խուսափում էին իր հետ շփվելուց եւ իր հետ շփվելու համար ինձ խեթ-խեթ էին նայում, ասել է թե՝ «ի՞նչ գործ ունես էդ տականքի հետ»:

Ութսունմեկի էդ նոյեմբերին Ոսկերչյանը Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը ո՛չ միայն հանգստանում, այլեւ ստեղծագործում էր, ավելի ճիշտ, իր բառերով ասած, իր արխիվն էր կարգի ու վերջնական տեսքի բերում, այսինքն ինքը, ի տարբերություն իր սերնդակից կոլեգաների, իր գրածները ո՛չ թե մկրատում, կտրտում ու ոչնչացնում էր, այլեւ կորսված ու բաց թողնված էջերն էր վերականգնում, եւ բոլորն ընդգծված քամահրանքով էին վերաբերվում իր էդ շուրջօրյա ջանասիրությանը, ու նաեւ ե՛ս էի իր էդ ջանքերին քամահրանքով վերաբերվում, առանց հասկանալու ու առանց պատկերացնելու, որ Ոսկերչյանի էդ հաստափոր թղթապանակների մեջ սեւով սպիտակի վրա մեքենագրված էր է՛ն ամենը, ինչը պարտադիր պիտի հետաքրքրեր բոլորիս, եւ եթե իր սերնդակիցներն ու կուսակիցներն էդ բանը չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ, ես պարտավոր էի հասկանալ, որովհետեւ ինքն իր կուսակիցներից ու զինակիցներից թերեւս միակն էր, որ իր ժամանակը երբեւէ չէր շրջանցել ու չէր էլ կարող շրջանցել, քանզի այլ ժամանակի մեջ չէր ապրել եւ չէր էլ պատրաստվում ապրել եւ այլ ժամանակ չէր էլ պատկերացնում ու գիտակցում, եւ նոր ժամանակները չպատկերացնելով ու չգիտակցելով՝ նաեւ իր քավության նոխազ լինելը չէր գիտակցում ու չէր զգում, ու նմանապես բոլորի եւ հատկապես իր կուսակիցների ու զինակիցների արհամարհանքը չէր զգում, եւ մինչեւ իսկ իր մեկուսացվածությունն ու մենակությունը չէր զգում, մինչդեռ ինքն ամենուր էր մեկուսացված՝ գորշ, թշվառ, աժդահա ու մենմենակ, եւ նույնիսկ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան ճաշարանի իր սեղանի մոտ որեւէ մեկը չէր նստում, ու նաեւ ե՛ս հրաժարվեցի իր սեղանակիցը դառնալ, որովհետեւ ուտելիս ահավոր չփչփացնում ու շուրջբոլորը կեղտոտում էր:

Բոլոր դեպքերում, Ոսկերչյան Արտաշեսը սովորական մարդ չէր, այլ՝ միանգամայն ընտրյալ, քանզի հենց ի՛նքն էր քավության նոխազ ընտրվել եւ հենց ի՛նքն էր կամավոր ու հնազանդ ստանձնել պատժի առավելագույն չափը, եւ հիմա որ մտածում եմ, սկսում եմ հասկանալ նաեւ, որ ինքը ո՛չ թե Աստծով էր քավության նոխազ ընտրված, այլ՝ իր գաղափարակիցների ու զինակիցների կողմից, որովհետեւ ինչքան մտածում եմ՝ էնքան ավելի եմ հասկանում ու համոզվում, որ եթե Աստված նույնիսկ կարող էր Ոսկերչյանին ընտանյոք սրբել գետնի երեսից, ապա Աստված դժվար թե ոչնչացներ Ոսկերչյանի հաստափոր թղթապանակներն ու անզուգական արխիվը, ու էդ բանը կարող էին իրենց թույլ տալ միմիայն Ոսկերչյանի կուսակիցներն ու երբեմնի զինակիցները, որովհետեւ դրանք է՛ն թղթապանակներն էին, որոնք միանգամայն նշմարելի լույս կարող էին սփռել էդ չափազանց մութ երեսնականների վրա, ու չնայած ինքս հետին թվով լույսերից առանձնապես ո՛չ ոգեւորվում եմ եւ ո՛չ էլ տաքանում, այդուհանդերձ, էսօր մեծ հետաքրքրությամբ կթերթեի ոսկերչյանական էդ գրությունները ու երեւի ինքս ինձ համար ահագին բան պարզեի, որովհետեւ երբ իր զինակիցներն ամեն քայլափոխի իրեն մատնացույց անելով ասում էին՝ «Չարենցի գլուխն ուտողն ա», ես հասկանում էի, որ Ոսկերչյանը ո՛չ միայն Չարենցի գլուխն ուտողն է, այլեւ, առաջին հերթին, Չարենցի գլուխն ուտողների փրկիչն է, որովհետեւ էն ժամանակ արդեն զգում ու հասկանում էի, որ Չարենցի պես մեկի դեմն առնելու համար առնվազն մի քանի հազար Ոսկերչյան էր հարկավոր:

Ինչ վերաբերում է կոնկրետ ա՛յս Ոսկերչյանի ահեղ դատաստանին, դա միանգամայն անզեն աչքով ակնհայտ ու տեսանելի էր է՛ն իմաստով, որ մենք բոլորս հակված ենք տեսնել ու նկատել միայն ու միայն ուրիշների՛ պատժվելը, իսկ ինչ վերաբերում է անձամբ մեր պատժվելուն, դա ո՛չ միայն չենք տեսնում ու չենք հասկանում, այլեւ միանգամայն անգիտակցաբար ենք տանում, ճիշտ այնպես, ինչպես Ոսկերչյանն էր իր պատիժն անգիտակցաբար տանում, եւ եթե երբեմն-երբեմն ուրիշների պատժաչափը մերինի հետ համեմատելով՝ մեզ փարատում ու հանգստացնում ենք, դա նույնպես ինքնախաբեության ոլորտից է, որովհետեւ մենք ո՛չ միայն չենք փորձում, այլեւ չենք էլ ուզում հասկանալ, որ մեր պատժվելը մեր իսկ երկրային ժամանակից հետո է՛լ է շարունակվում ու տեղի ունենում, ու Ոսկերչյանից համեմատաբար երջանիկ լինելն ամենեւին էլ այն չէ, ինչ պիտի վաստակեինք եւ ունենայինք մեր էս երկրային ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել