Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության դասագիրք երեկվա ու այսօրվա համար՝
միայն -3

Հուլիս 15,2006 00:00

Անկախության
վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը
եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Արդեն այդ հիվանդության որոշ
ախտանիշների ու դրսեւորումների մասին առիթ ունեցել ենք խոսելու, հիմա՝ ապաքինման
հնարավորությունների մասին: Տարբերակ առաջին. կյանքը մեկ անգամ իսկապես սկսում
ենք երկուշաբթի օրվանից եւ շարունակում ենք՝ պահպանելով երկուշաբթի օրվա բոլոր հիշողությունները:
Դա, իհարկե, ցավոտ է, բայց բոլոր բացասական դրսեւորումների հետ ունի նաեւ դրական
կողմեր: Տարբերակ երկրորդ. զսպում ենք միմյանց անվերջ ու անկասելի …հարելու
ցանկությունը՝ եւ եթե որեւէ մեկը համարձակվում է հայտարարել, որ ինքը ինչ-որ բան
գիտի ու ինչ-որ բան էլ կարող է անել, վերստին զսպում ենք տասնյակ հիմնավորումների
հեղեղը, որ նա սխալ է ու ոչինչ էլ չի կարող անել՝ տասնյակ պատճառներով, ոչ թե արդարացումներ
ենք գտնում ոչինչ չանելուն, այլ ինչ-որ բան անելու ճանապարհ: Գոնե մեկը: Կամ՝ նվազագույնը,
գոնե, փորձում ենք չխանգարել: Տարբերակ երրորդ. սխալ ենք անում՝ սեփական սխալը,
բայց համարձակվում ենք անել. ողջամտորեն չենք գցում-բռնում՝ բա սա ինչ կասի, բա նա
ինչ կանի, բա Ռուսաստանը, բա Ամերիկան, բա Իրանը, բա էս, բա էն… Մեզ վերապահում
ենք սեփական սխալի իրավունք՝ ամեն ինչ անելով, որ չսխալվենք: Դա պարզապես նշանակում
է ժամանակ չկորցնել: Տարբերակ չորրորդ. գիտակցում ենք հիվանդությունը, չենք
հրաժարվում եւ չենք վախենում հիվանդ լինել ու բուժման հնարավորությունից չենք խուսափում:
Տարբերակ հինգերորդ. վերջապես ընդունում ենք, որ մենք միակ ինքնատիպն ու միակ
հանճարեղը, նաեւ միակ բռնադատվածն ու միակ անիրավվածը չենք աշխարհում, ուր հազարամյակներով
մղվել են պատերազմներ, փոխվել են սահմաններ, պետություններ են ստեղծվել ու անհետացել,
բայց ինքն իրեն հարգող ամեն մի ժողովուրդ իր գենի հիշողության մեջ չի զարգացրել բռնաբարվածի
ու սպանվածի առաքելությունը, այլ հաղթողի կերպարին է զարկ տվել, որը եւ դարձել է
հետագա հաղթանակների ու հաջողության պատմական հենք: Տարբերակ վեցերորդ. ոչինչ
չենք հետաձգում վաղվան, օրվա գործն անում ենք օրը. դա միակ հնարավորությունն է երեկվա
ու այսօրվա մեր սխալներն ուղղելուց զերծ պահելու մեր հաջորդներին, որպեսզի նրանք
իրենց պատմության դասագրքերում վերջապես հնարավորություն ունենան կարդալ իրական դեպքերի
ու իրական դեմքերի մասին իրական պատմություններ: Տարբերակ յոթերորդ. սիրում
ենք մեր երկիրը ու մեզ՝ սիրում ենք ոչ թե կույր ու անվերապահ, ոչինչ չտեսնող-չլսող-չխոսող
հանրահայտ կապիկների օրինակով, այլ հողը՝ հող, երկինքը՝ երկինք, մարդուն՝ մարդ պահող
սիրով: Եվ՝ չենք վախենում կորցնել: Ինչպեսեւ՝ չենք վախենում գտնել: …Առաջիկա
ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների համար քաղաքական,
պետական, համապետական, հասարակական, տնտեսական, մշակութային, սոցիալական պայքարը
վերջապես ավարտելու ու նորմալ մարդու նորմալ կյանքով ապրելու համար առաջարկվում է
ընտրել ախտանիշներից, դրսեւորումներից ու տարբերակներից այն, որը… Հիշենք
նաեւ, որ շաբաթը յոթ օր ունի… Դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներից: Ու՝
նաեւ նրանից էլ առաջ: Հետեւությունները՝ յուրովսանն: Ով ինչ, ինչքան
ու ինչու հասկացավ: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել