Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱ ԾՆՎԱԾԸ ԵՎ ԴԱՐՁԱԾԸ

Հուլիս 15,2006 00:00

Շախմատային-քաղաքական
զուգահեռներն է անցկացնում Վիկտոր Դալլաքյանը Թուրինում հայ շախմատիստների
փայլուն հաղթանակից հետո, հատկապես քաղաքական շրջանակներում սկսեցին համեմատություններ
կատարել հնագույն խաղի եւ քաղաքականության միջեւ: Դրան ինչ-որ չափով նպաստեց նաեւ
այն հանգամանքը, որ պաշտպանության նախարար, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ
Սարգսյանը եւ հայ շախմատիստների հաղթանակը ինչ-որ կերպ քաղաքականացվեցին եւ շախմատիստների
գովաբանումը վերածվեց մի տեսակ քաղաքական գովազդի: «Առավոտի» խնդրանքով ԱԺ պատգամավոր
Վիկտոր Դալլաքյանը ներկայացնում է իր մեկնաբանությունները շախմատի եւ քաղաքականության
փոխհարաբերությունների վերաբերյալ: «Շախմատային խաղատախտակը յուրահատուկ քաղաքական
թատերաբեմ է: Հնագույն խաղի եւ քաղաքականության փոխհարաբերությունները չափազանց խորքային
եւ փիլիսոփայական են, առլեցուն են փոխաբերական դրսեւորումներով, սիմվոլիկայով, հարուստ
ենթատեքստով, զուգահեռներով ու նրբերանգներով, որոնց էության մեջ ներթափանցելը անվերջանալի
պրոցես է: Ակնհայտ է, որ շախմատի տեսքով արտահայտված մարդկային մտածողությունն
անսահման է: Ինձ սոսկ հասու են նվազագույն որոշ շտրիխներ շախմատի եւ քաղաքականության
հարաբերակցության վերաբերյալ: Հնագույն խաղում հաջողության հասնելու գրավականներից
մեկը արքայի տեսակն է: Առաջնորդի հատկանիշներով իրոք օժտված թագավորը՝ թեկուզեւ փոքրաթիվ,
բայց սխրանքի պատրաստ ռազմիկներով, կարող է ջախջախել հակառակորդին եւ վայելել հաղթանակի
բերկրանքը՝ այն դեպքում, երբ ապաշնորհ արքան մեծաթիվ ուժերով անգամ դատապարտված է
ճաշակել պարտության դառնությունը: Այդ պարագայում թերեւս ամենանվաստացուցիչը հակառակորդի
հարձակումներից խաղատախտակի վրա խուճապահար փախչող թագավորի վիճակն է: Տվյալ դեպքում՝
արժանապատիվ մահը գերադասելի է փախստականի կարգավիճակից: Շախմատային երկաթյա տրամաբանությամբ
արքաները իրար դեմ մարտնչում են միջնորդավորված ձեւով՝ սեփական բանակների միջոցով,
հավանաբար առանց միմյանց աչքերի մեջ նայելու: Դա արտահայտվել է նրանում, որ հնագույն
խաղում թագավորը իրավունք չունի հակառակորդի արքային անմիջականորեն մատ հայտարարել:
Քաղաքականության մեջ մատ հնարավոր է անմիջականորեն կամ միջնորդավորված ձեւով: Հատկանշական
է, որ արքային կարող է մատ հայտարարել նույնիսկ հակառակորդի սովորական զինվորը, որն,
ի դեպ, իրավասու է ոչնչացնել անգամ թշնամու գեղանի թագուհուն: Քայլեր կատարելու բազմազանության,
հնարավորությունների եւ մանեւրելու տեսանկյունից շախմատում ամենաբազմապրոֆիլը թագուհին
է: Սակայն արքայի պաշտպանությանը կամ իբր նրա անվտանգության ապահովմանն ուղղված թագուհու
դեգերումներն ավարտվում են երկու դեպքում՝ երբ հանուն իր գոյության թագավորը զոհաբերում
է թագուհուն կամ թագուհին արքայապահպան մոտիվացիայով զոհաբերում է ինքն իրեն: Հատկանշական
է, որ հնագույն խաղում թագավորը փրկվում է երկու դեպքում՝ հաղթանակի կամ ոչ-ոքիի:
Շախմատում խաղի սկզբում զինվորը իրավունք ունի երկու քայլ կատարել, իսկ մնացած դեպքերում՝
մեկ քայլ: Թագավորը դատապարտված է մշտապես մեկ քայլ կատարելուն: Սակայն այդ մեկ քայլը
կարող է ճակատագրական լինել ցանկացած ֆիգուրի, այդ թվում՝ թագուհու համար: Արքան
ինքնապաշտպանական կամ այլ նպատակներով սխալմամբ կամ իրավացիորեն ցանկացած ժամանակ
կարող է զոհաբերել ցանկացածին: Ընդ որում, դարձյալ ինքնապաշտպանական կամ այլ նպատակներով՝
սխալմամբ կամ իրավացիորեն ցանկացած ժամանակ արքան թագուհուն կարող է զոհաբերել, անգամ
զինվորի կյանքը փրկելու համար: Ուշագրավ է, որ արքային կապիտուլացնելու նպատակով
հակառակորդը շարքից հանում է նրա ֆիգուրները: Հետեւաբար՝ թագավորը պետք է դողա ցանկացածի
կյանքի համար: Արքայի, թագուհու եւ մյուս ֆիգուրների համար պարտիան ավարտվում է,
երբ գահընկեց է արվում միապետը՝ մատ են հայտարարում նրան: Հետեւաբար բոլորի՝ այդ
թվում թագուհու, գոյության նախապայմանը եւ անվտանգության երաշխավորը արքան է՝ հենց
որի անվտանգության համար էլ բնազդաբար կամ գիտակցաբար պայքարում են մյուսները՝ իրենց
գոյությամբ պարտական լինելով բացառապես թագավորին: Առիթ ունեցել եմ նշելու եւ չեմ
զլանում կրկնել, որ թերեւս պարադոքսալ է թվում, բայց շախմատում ամենաանպաշտպանը արքան
է (որը, կարծես թե, իրավիճակի տերն է): Անգամ թագուհին է իրեն զոհաբերում հանուն
թագավորի: Միաժամանակ շախմատում զինվորն անգամ կարող է թագուհի դառնալ, բայց թագավոր՝
երբեք: Իմ տպավորությամբ նույնիսկ շախմատում մեծ տարբերություն կա թագուհի ծնվածի
եւ թագավորի կամքով իր համառությամբ զինվորից թագուհու կարգավիճակ ստացածի միջեւ՝
այնպես, ինչպես արքա ծնվածի եւ հանգամանքների բերումով թագավոր դարձածի միջեւ: Շախմատային
խաղատախտակի վրա մարտնչող երկու հակադիր բանակների հաջողության գրավականը նախ եւ
առաջ Աստծո բարեհաճությունն է եւ նոր միայն արքայի եւ նրա զորքի քաջությունն ու հնարամտությունը,
թագավորի կողմից անսպասելի եւ դժվար կանխատեսելի քայլեր կատարելը: Եթե
թագավորը մտածում է, որ ինքն է հաղթել, ապա նա մանկամտաբար սխալվում է, որովհետեւ
հաղթանակը հաղթելու կամք եւ վճռականություն ունեցողներին նվիրում է Աստված: Լինում
են դեպքեր, երբ թագավորները ճակատամարտում տարած հաղթանակը շփոթելով եւ նույնացնելով
պատերազմում տարած հաղթանակի հետ՝ պարտվում են հենց պատերազմում: Չնայած՝ պատերազմի
վերջնական ելքի համար կարող են լինել նաեւ վճռական ճակատամարտեր: Հնագույն խաղում
կան արքաներ, որոնք պատվախնդրորեն մարտնչում են մինչեւ վերջ: Սակայն լինում են նաեւ
վախկոտներ, որոնք հանձնվում են թշնամուն հենց առաջին անհաջողությունից հետո: Շախմատում
խելացի արքան սկզբնախաղում հակառակորդի ուշադրությունը շեղելու, նրան իր լարած թակարդը
գցելու, զգոնությունը բթացնելու նպատակով պաշտպանվում է, ցուցաբերում իր խաղաղասիրական
նկրտումները եւ այդպիսով թուլացնում հակառակորդի զգոնությունը, եւ այնուհետեւ լայն
թափով անցնելով հակահարձակման՝ ջախջախիչ պարտության է մատնում թշնամուն: Հնագույն
խաղը կառավարող խելացի թագավորները ձգտում են խաղի ժամանակ իրենց ուժերը ճիշտ եւ
հավասարաչափ տեղաբաշխել (սկզբնախաղ, միջնախաղ, վերջնախաղ), չընկնել էյֆորիայի մեջ,
ավելորդ չոգեւորվել հաջողություններով, չթերագնահատել կամ չգերագնահատել հակառակորդին,
ընտրել խորտակիչ հարված հասցնելու ճշգրիտ պահը, չհայտնվել ցայտնոտային իրավիճակում,
ավանտյուրաների չգնալ եւ կշռադատվածությունը զուգակցել ճիշտ պահին եւ համապատասխան
ֆիգուրով զոհաբերություն կատարելու հետ՝ հանուն հաղթանակի: Ի դեպ, խելացիները ցայտնոտային
իրավիճակներում անգամ իրավիճակին համարժեք քայլեր են կատարում: Շախմատային եւ քաղաքական
կոմբինացիաները բազմաշերտ եւ խորիմաստ են նաեւ այն առումով, որ որոշ դեպքերում առաջին
հայացքից թույլ թվացող քայլը իրականում կարող է կործանարար լինել հակառակորդի համար:
Այդ կոնտեքստում ընկալելի եւ գայթակղիչ է նաեւ արքայի նախաձեռնությամբ իրականացված
ժամանակավոր նահանջը հզոր հարձակման վերածելու գործելաոճը: Չնայած շախմատային ֆիգուրները
բացառապես սեւ ու սպիտակ են, սակայն դա չի հանգեցնում գունափոխության կամ տաղտկալի
միօրինակության, որովհետեւ իրականում գույների խաղը հարուստ է բազմապիսի նրբերանգներով,
որոնք զգալը եւ ընկալելը վերապահված են միայն ընտրյալներին: Շախմատում, այնպես, ինչպես
քաղաքականության մեջ, լինում են հաղթանակներ, որոնք հավասարազոր են պարտության, քանի
որ ձեռք են բերվում յուրայինների ոչնչացման գնով: Լինում են նաեւ դեպքեր, երբ շախմատային
արքան շատերի կյանքը փրկելու մղումներում զոհաբերում է իրեն: Դրանք աստվածատուր արքաներն
են: Հնագույն խաղում ոչ-ոքին նման է ժամանակավոր զինադադարի, որը որոշ իմաստով ավելի
վտանգավոր է, քան պատերազմը, որովհետեւ դա չհայտարարված ու նիրհող պատերազմ է, եւ
ցանկացած ժամանակ վառոդը կարող է պայթել: Որքան էլ որ դառն է հնչում՝ պատերազմն ինչ-որ
տեսանկյունից ինչ-որ հանգուցալուծում է, նրա ավարտը խաղաղությունն է: Շախմատային
ոչ-ոքին ենթադրում է ուժերի մոբիլիզացիա հետագա լայնամասշտաբ հարձակման եւ պատերազմի
համար: Շախմատում լինում են դեպքեր, երբ ֆիգուրներից մեկը հայտնվում է հակառակորդի
շրջապատման մեջ, եւ արքան փութաջանորեն ձգտում է նրան կյանք պարգեւել կամ թողնում
ինքնահոսի՝ ֆիգուրին զոհաբերելով այլ նպատակներով: Հասկանալի պատճառներով (միգուցե՝
սիրուց) թագավորն առավել նպատակադրված փորձում է գերության ճիրաններից ազատել նախ
եւ առաջ թագուհուն: Պատահում են նաեւ իրավիճակներ, երբ արքան մեծահոգաբար գերությունից
փրկում է անգամ դասալիքին: Հատկանշական է, որ շախմատային փիլիսոփայության մեջ, որպես
կանոն, սկզբնախաղում մարտի են գնում ու վտանգվում նախ եւ առաջ «թեթեւ» ֆիգուրները՝
զինվորները, եւ նոր միայն, այսպես կոչված՝ ծանր հրետանին: Չնայած կան դեպքեր, երբ
զինվորը թագավոր արժե եւ մյուս ֆիգուրները զոհաբերվում են, որ զինվորը… թագուհի դառնա:
Թերեւս՝ ոչ անգլիական թագուհի: Շախմատում ասպետության, բարոյականության եւ պարկեշտության
սահմաններն ի վերուստ սահմանված ու մեկընդմիշտ ամրագրված են: Քաղաքականության մեջ
այդ չափանիշները խիստ պայմանական ու հարաբերական են, եւ հարաբերություններում իշխում
են անբարոյականության, խարդավանքների, դավադրությունների եւ այդօրինակ այլ գործոններ:
Շախմատում թռիչքաձեւ քայլեր կարող է կատարել միայն ձին: Հավանաբար այդ պատճառով էլ
քաղաքականության մեջ թռիչքներ կատարելը, ուժեղ կամ անսպասելի քայլերը գնահատվում
են որպես ձիու քայլեր: Եվ, վերջապես, շախմատում նա է թագավորը, ով սիրում է իր հպատակներին:
Հենց այստեղ են հատվում հնագույն խաղի եւ քաղաքականության զուգահեռները: Իրոք՝ անքննելի
են Աստծո գործերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել