Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայծակն» ու «Կայծը»՝ Հայաստանում

Հուլիս 15,2006 00:00

Աշխարհահռչակ
կինովավերագրողներ Արտավազդ Փելեշյանն ու Գոդֆրի Ռեջջոն առաջին անգամ հանդիպեցին
«Ոսկե ծիրանում»: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսը սկսվեց ամերիկացի վավերագրող
Գ. Ռեջջոյի հորդորով՝ ուղղված հայաստանցի հովանավորներին: Վերջիններիս անվանելով
հրեշտակներ, կինոռեժիսորն ասաց. «Շուրջ 14 տարի է, ինչ Փելեշյանը չի ստեղծագործում:
Կարծում եմ՝ Հայաստանում կգտնվեն տաղանդավոր կինոգործչին հովանավորող հրեշտակներ:
Այդպիսով նրանք մուտք կգործեն վարպետի աննկարագրելի ու անպատմելի արվեստի աշխարհը»:
Գ. Ռեջջոն տեղեկացրեց, թե ինչպես իր գլխավորությամբ նկարահանող խումբը ժամանակին
դիտելով Փելեշյանի «Բնակիչներ» ֆիլմը, եկել է եզրակացության, որ մեծանուն հայը աշխարհում
առաջինը վերացրել է սահմանները վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի միջեւ, դիտարկելով
դրանք որպես մեկ ամբողջություն: Առաջին անգամ երես առ երես Փելեշյանի հետ հանդիպումից
ոգեւորված ամերիկացի հայտնի կինոգործիչը չէր դադարում անընդհատ պատմել, թե ինչպես
է ինքը հիացել Փելեշյանով: Օրինակ, երբ ժամանակին նա վարպետության դասեր էր անցկացրել
Մոսկվայում, խնդրել է գումարի փոխարեն իրեն հանձնել Փելեշյանի որեւէ ֆիլմի կրկնօրինակը
եւ այլն: Փելեշյանն էլ իր հերթին գովեստի խոսքեր փոխանցեց իր անվանի գործընկերոջը,
ի պատասխան՝ Ռեջջոյից լսելով հետեւյալը. «Եթե ես կայծ եմ, ապա Փելեշյանը կայծակ է»:
«Առավոտը», ծանոթ լինելով Հայաստանում Փելեշյանի «ագենտին», տեղյակ էր, որ,
օրինակ, վարպետը վերջին անգամ Հայաստանում է եղել այս տարվա մարտ ամսին: Դա «ապացուցեց»
Փելեշյանն իր խոսքում, ասելով. «Մարտին Հայաստանում էի ու մշակույթի նախարար Գեւորգ
Գեւորգյանին հանձնել էի նախագիծս՝ «Հայֆիլմում» ֆիլմ նկարելու առաջարկությամբ: Նախարարը
սիրով ընդունեց եւ խոստացավ պահանջվող գումարը փոխանցել 3 էտապով՝ 250 հազարական
դոլարի չափով: Ընդ որում, Գեւորգյանը այս հարցի շուրջ խորհրդակցել էր վարչապետի հետ:
Չէի հասցրել տուն հասնել, երբ լուր ստացա, որ նա այլեւս նախարար չէ»: Ի դեպ,
հայ մեծանուն կինովավերագրողը ընդամենը երեք ֆիլմ է նկարել հեռուստաֆիլմերի «Երեւան»
ստուդիայում: Ա. Փելեշյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ դիմել է (չտեղեկացնելով՝
ում) Հայաստանում կինոինստիտուտ բացելու հարցով, սակայն պարզվել է, որ Երեւանում
ոչ մի շենք չկա, որը կարելի էր տրամադրել այդ նպատակին: Ավելին, նույնիսկ տարածք
չի գտնվել, որտեղ Փելեշյանը կարող էր կինոինստիտուտ հիմնել: Ընդ որում, նա առայսօր
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտից վարպետության դասեր կամ դասախոսություն
կարդալու հրավեր չի ստացել: «Առավոտի» հետաքրքրությանը՝ 14 տարի չեք ստեղծագործում,
բայց ակնկալում ենք, որ ձեր մակարդակի ռեժիսորի աչքի առջեւ ժապավենի նման անցնում
են ձեր իսկ ապագա ֆիլմերը, ինչքա՞ն եք սպասելու, Ռեջջոյի խոսքերով՝ հրեշտակ-հովանավորներին,
չե՞ք պատրաստվում դրանք ընդգրկել գրքում, մանավանդ որ դրա փորձն ունեք. 1988-ին է
լույս տեսել ձեր միակ՝ «Իմ կինոն» գիրքը, Ա. Փելեշյանն ասաց. «Նոր մտքերս ու մտահղացումներս՝
կապված վավերագրական կինոյի հետ, արդեն հանձնել եմ թղթին: Մնում է սրբագրել ու հրատարակել»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել