Լրահոս
Օրվա լրահոսը

«FORCEFUL FEELINGS»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հուլիս 15,2006 00:00

Հուլիսի 28-ին Ազգային օպերային թատրոնում պրեմիերա է

Եվրոպայի տարբեր թատրոնների մենապարողներ, հայաստանցի 5 վիտուոզ բալերոններ Տիգրան Միքայելյանը (Մյունխեն), Արսեն Մեհրաբյանը (Համբուրգ), Վահե Մարտիրոսյանը եւ Արման Գրիգորյանը (Ցյուրիխ), Դավիթ Գալստյանը (Թուլուզ) առաջին անգամ հանդես կգան միասին՝ «Forceful Feelings» (թարգմանաբար՝ «Հզոր զգացողություններ») խմբով: Բալերոնները տեղեկացրին, որ նորաստեղծ խումբը բացի դասականից, առաջինը Հայաստանում կներկայացնի նեոկլասիկ եւ աբստրակտ-մոդեռն ոճի պարեր:

«Մենք շատ ենք ուզում, որ նոր շունչը լավ ընդունվի հայաստանցի հանդիսատեսի կողմից: Շուրջ 40 րոպե մոդեռն պար ենք ներկայացնելու: Անգամ Կոմիտասի «Ծիրանի ծառի» երաժշտությունը համադրել ենք խորեոգրաֆիայի հետ: Կարծում ենք՝ հետաքրքիր աշխատանք է ստացվել»,- ասաց Տիգրան Միքայելյանը: Արսեն Մեհրաբյանն էլ նշեց, որ թեեւ իրենք հրավերներ ունեին ԱՄՆ-ից ու Գերմանիայից, սակայն նախընտրել են նոր նախագիծը նախ ներկայացնել հայրենիքում: Ի դեպ, տղաների արվեստը գնահատելով, եվրոպական թատրոնների տնօրեններն ու լավագույն մասնագետները ցանկություն են հայտնել ծանոթանալ հայկական բալետային դպրոցի ու օպերային թատրոնի հետ: Նրանց թվում են Համբուրգի, Ցյուրիխի, Մյունխենի եւ այլ թատրոնների ղեկավարները: «Forceful Feelings»-ի անդամները հավաստիացրին, որ իրենք աշխարհում հանդես են գալու միայն Հայաստանի «դրոշի ներքո»:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը ասաց, որ աշխարհի առաջնակարգ թատրոններում հանդես եկող մեր լավագույն պարողներին հաճախ են հարցնում. «Հայաստանի խորեոգրաֆիկ դպրոցը բուծարա՞ն է…»:

«Մենք վերջին տարիներին սկսել ենք օգտագործել իրենց մեծ հնարավորությունները: Երբ տղաներն արձակուրդին վերադառնում են հայրենիք, ոչ թե հանգստանում են, այլ ելույթ են ունենում Ազգային օպերային թատրոնում… օրինակ՝ Տիգրան Միքայելյանին ենք պարտական մեր՝ ստամբուլյան հյուրախաղերի հաջողության համար: Մյուս տարվա սկզբին էլ մեկնելու ենք Եգիպտոս: Հույս ունեմ, որ տղաները իրենց մասնակցությամբ կուժեղացնեն մեր ներկայացումները»,- նշեց պրն Հովհաննիսյանը:

Նա նաեւ իր երախտագիտությունը հայտնեց պաշտպանության նախարարին՝ հայաստանցի բալերոնների տարկետման հարցում ընդառաջելու համար:

«Մեր ցանկությունն է Եվրոպայում ստացած գիտելիքներն ու փորձառությունը կիսել մեր թատրոնի հետ: Ուզում ենք այն ամենը, որ վայելում է եվրոպական հանդիսատեսը, հասու լինի նաեւ հայաստանցիներին…Մեր խմբի անունն էլ պատահական չի ընտրված: Կարեւոր չէ, որ տարբեր երկրներում ենք աշխատում՝ բոլորս հայ ենք եւ նույն զգացողություններն ունենք: Համաշխարհային բալետում չի եղել նման դեպք, որ նույն ազգի բալերոնները, միաժամանակ լինելով տարբեր թատրոնների մենապարողներ, միավորվեն ու ցույց տան իրենց հավաքական ուժը»,- հպարտորեն ասացին խմբի անդամները:

Դիտարկմանը՝ ե՞րբ է գալու այն օրը, երբ հայաստանյան ուժերը ի վերջո կկենտրոնանան հայրենիքում եւ մենք էլ կունենանք ժամանակակից բալետային ներկայացումներ, Արսեն Մեհրաբյանը պատասխանեց. «Սա դեռ սկիզբն է, անելիքներ շատ ունենք: Ամեն ինչ կանենք հայ ժամանակակից բալետային արվեստը նոր շնչով հարստացնելու համար: Ժամանակը կգա, եւ մի օր բոլորս տուն կվերադառնանք»: «Դեռ պիտի ճանապարհը բացվի՝ Հայաստան-Եվրոպա, որպեսզի մենք՝ լինելով այստեղ, միաժամանակ աշխատենք Եվրոպայի հետ, ոչ թե հակառակը»,- ավելացրեց Տիգրան Միքայելյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել