Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ վախեցեք նոր ծրագրերից

Հուլիս 15,2006 00:00

Երեկ կրթության եւ գիտության նախարարության հերթական ասուլիսը նվիրված էր նոր դասագրքերին, ծրագրերին եւ չափորոշիչներին, ինչի մասին խոսեց ԿԳՆ մյուս դաշնակցական, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

2006-07 ուստարում կներդրվեն հայոց լեզվի, գրականության, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի նոր ծրագրերը եւ դասագրքերը՝ 1-6-րդ դասարանցիների շրջանում, ովքեր անցնելու են 11-ամյա կրթություն: 2007-08 թթ. կներդրվեն բնագիտական եւ հասարակագիտական առարկաների նոր ծրագրերն ու դասագրքերը, իսկ 2008-09-ին՝ օտար լեզուներինը, «Արվեստ» բնագավառինը, գծագրություն, աշխատանքի ուսուցում, նախնական զինվորական պատրաստություն առարկաներինը: Իսկ այս տարվա 7-10 դասարանցիները, ովքեր 10-ամյա համակարգի մեջ են, որեւէ նորարարությունից չեն օգտվի: Ծրագրերին զուգահեռ առաջիկա 3 տարիներին կվերապատրաստվի շուրջ 40 հազար ուսուցիչ: Եթե նախորդ 4-5 տարիներին վերապատրաստվել է ուսուցիչների 5 տոկոսը, ապա առաջիկա 3 տարիներին կվերապատրաստվի նրանց 80 տոկոսը, իսկ միայն 2006-ին՝ 20-26 տոկոսը: Այս պահին էլ հանրապետության դպրոց կենտրոններում եւ Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչները 5-օրյա վերապատրաստում են անցնում, ինչը կձգվի մինչեւ սեպտեմբեր:

Ն. Ղուկասյանը հավաստիացնում է, որ դասագրքերի եւ մրցութային, եւ հեղինակային խմբերում աշխատում են պրոֆեսիոնալներ: Հիշեցրինք դեռեւս մի քանի ամիս առաջ նախկին ԿԳ նախարար Սերգո Երիցյանի հայտարարությունները, որոնք ուղղված էին համապատասխան մասնագետներին՝ համագործակցության առաջարկով: Նա ասում էր, որ այսօր հայտարարվում են մրցույթներ, որոնց մասնագետները պարզապես չեն ուզում մասնակցել: Մյուս կողմից էլ այդ մասնագետները պնդում էին, որ ԿԳՆ-ում ստեղծվել է դասագրքաստեղծ մաֆիա, որ անիմաստ է մասնակցել մրցույթներին, որ, միեւնույն է, իրենց ուզած մարդիկ են հաղթելու:

«Ձեր ասածը ինչ-որ իմաստով վերաբերում է մրցութային հանձնաժողովներին՝ արդյոք ովքեր են ընտրում: Մրցութային հանձնաժողովները նախարարի հրամանով են ձեւավորվել՝ մանկավարժ-գիտնական, հոգեբան- գիտնական, առարկայի մասնագետ-մեթոդիստ, 2 գործող ուսուցիչ»,- այսպես պատասխանեց մեր հարցին պրն Ղուկասյանը: Կրկնելով հարցը՝ պրն Ղուկասյանին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք մասնագետների մտահոգությունները տեղին են եւ «մաֆիաների» մասին լուրերը՝ հիմնավոր: «Գրահրատարակչական աշխատանքների հետ առնչվում եմ 2 ամիս, դեռեւս չեմ շփվել մաֆիաների եւ ուրիշ հանցագործ խմբերի հետ»,- եղավ պատասխանը:

Պրն Ղուկասյանին ուղղված մեր հաջորդ հարցը վերաբերում էր այս տարվա կրտսեր 1-ին դասարանցիներին (5.5-5.8 տարեկան), արդյոք դպրոցների ո՞ր մասն է պատրաստ ընդունել նրանց եւ ապահովել սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները: Բացի այդ, այսօր շատ դասվարներ հրաժարվում են պարապել փոքրիկների հետ՝ խաղուպարի մեթոդներով:

«Բոլոր դպրոցները պարտավոր են ստեղծել պայմաններ, ընդ որում, այդքան մի վախեցեք, այդքան էլ հատուկ պայմաններ պետք չեն, նորմալ դասարանային պայմաններ են: Եթե այս տարի 16-17 հազար այդ տարիքի երեխաների մասին է խոսքը, ապա միայն անցյալ տարի այդ տարիքի 12 հազար երեխա է դպրոց գնացել, եւ ամեն ինչ նորմալ է անցել»: Իսկ անցյալ տարի էլ այդ երեխաները դպրոց են ընդունվել՝ կրթության վարչությունում բժշկահոգեբանական հանձնաժողովների անցկացրած ձեւական քննություններ հանձնելով՝ պատասխանելով, ասենք՝ «քանի ոտք կա սեղանի տակ, եթե այնտեղ գտնվում է 1 ոչխար» հարցին: Ինչ վերաբերում է հատուկ պայմաններին, ապա դրանք սահմանել է հենց ԿԳՆ-ն, ըստ որոնց փոքրիկների համար դպրոցները պետք է ունենան հատուկ խաղասենյակներ, գորգեր, զուգարանակոնքեր եւ այլն: Իսկ այսօր պրն Ղուկասյանն ասում է. «Մենք ասում ենք՝ առավելագույնս ստեղծենք լավագույն պայմաններ, բայց պետք չի այդքան վախենալ, 15 րոպեանոց խաղային ընդմիջումներ կան… »: Ինչ վերաբերում է դասվարներին, ապա նրանք, բացի այս շրջանի ընդհանուր վերապատրաստումից, օգոստոսի վերջին էլ նոր այբբենարաններին ծանոթանալու նպատակով 3-օրյա դասընթացներ կանցնեն:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել