Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԾՈՒՄ ԵՔ՝ ԴԺՎԱ՞Ր ԲԱՆ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼԸ»

Հուլիս 15,2006 00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը
Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Ինչպես հայտնի է, լույս է տեսել
Լեւոն Տեր-Պետրոսյանի «Ընտրանի։ Ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ» գիրքը։ Ժողովածուի
մեջ տեղ են գտել նյութեր, որոնք նախկինում չեն տպագրվել։ Դրանց թվում է 1998-ի հունվարի
8-ի նախագահի ելույթը, որի ամփոփիչ մասն առաջարկում ենք ընթերցողի ուշադրությանը։
«Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված
ոչ մի փաստարկ, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում։ Ավելին, այդ փաստարկների
մեջ ես դիտում եմ հարցի էությունից շեղվելու եւ փաթեթային ու փուլային տարբերակների
շուրջ ֆորմալ բանավեճ ծավալելու միտում։ Թեեւ խոստացել էի չանդրադառնալ այդ տարբերակներին,
բայց, քանի որ այստեղ դրա մասին շատ խոսվեց, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ։
Հարցն այնպես է ներկայացվում, թե իբր Հայաստանը պաշտպանում է փուլային, իսկ
Ղարաբաղը՝ փաթեթային տարբերակը։ Մոռացության է տրվում այն փաստը, որ Հայաստանը (ճիշտ
է՝ սկզբունքային վերապահումներով) ընդունել է փաթեթային տարբերակը, եւ Ղարաբաղն ինքն
է կտրականապես մերժել այն։ Փաթեթայինը մերժվելուց հետո մեզ ներկայացվել է փուլային
տարբերակը, եւ Հայաստանը (նորից սկզբունքային վերապահումներով) այն ընդունել է։ Ղարաբաղը
սա նույնպես մերժել է եւ այժմ աոաջարկում է կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը շարունակում պնդել փուլային տարբերակի
վրա։ Պատասխանում եմ. առաջին՝ մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել
այսօր, իսկ այսօր ուրիշ լուծում չկա, քան փուլայինը, եւ երկրորդ՝ մենք համոզված ենք,
որ երկար ժամանակ, գուցե թե երբեւէ, փաթեթային տարբերակի շուրջ համաձայնություն չի
կայացվելու Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Փաթեթային տարբերակին վերադառնալու առաջարկն,
ուստի, հետապնդում է ոչ թե հարցը լուծելու, այլ ժամանակ շահելու նպատակ։ Կարծում
եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չե՞մ կարող 3-4 տարի, մինչեւ իմ
պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու
դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը։ Ավարտում
եմ։ Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե
փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն
ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում, ինչը պարզորոշ կերպով երեւում է ելույթիս
սկզբում ամփոփված կարծիքներից։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ
բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը,
այսինքն՝ ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում
եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության
համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի
նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։
Եվ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել