Պետությունը
որոշել է Դավիթաշեն համայնքի կոյուղու հունը փոխել՝ բուսականության հաշվին: Դավիթաշեն
համայնքում, Երեւան-Զովունի ճանապարհի եզրին, մեծ խորությամբ փոսեր են փորվել: Դավիթաշենցիների
վկայությամբ, բացի այն, որ աշխատանքները սկսելուց ի վեր համայնքի ջրամատակարարումը
խիստ վատացել է, փոսերը փորվել են հսկայական կանաչ գոտին ոչնչացնելու հաշվին: Շրջակա
շենքերի բնակիչների խոսքերով՝ «Առանց այդ էլ Դավիթաշենը բուսականությունից զուրկ
համայնք է եւ եղածն էլ ոչնչացնել՝ անմարդկային է: Էլ չենք ասում, որ շինհրապարակում
աշխատող տեխնիկայի աղմուկը, դռդռոցն ամբողջ օրը մարդկանց խանգարում են»: Թաղապետարանի
կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը փոսերի վերաբերյալ
«Առավոտին» հայտնեց. «Պետական ծրագիր է, կոյուղու նոր գիծ են կառուցում, եւ Դավիթաշենի
թաղապետարանը այդ ամենի հետ որեւէ կապ չունի, պատվիրատուն քաղաքապետարանն է»: Երբ
համայնքի բնակիչների բողոքը փոխանցեցինք պարոն Կարապետյանին եւ հարցրինք, թե թաղապետարանն
ինչպես է համաձայնել այդքան տարածությամբ ծառ ու թուփ ոչնչացնելու գնով պետական ծրագիր
իրականացնել, վերջինս ասաց. «Ամեն ինչ ստուգել ենք, եթե մեզ վնաս լիներ, թույլ չէինք
տա: Դա պետական ծրագիր է, եւ մենք իրավունք չունենք չթողնելու: Սակայն փաստ է, որ
կանաչապատ տարածքների հաշվին են փոսերը փորվել»: Բնակիչների տեղեկություններով,
այդ փոսերի դիմացի ողջ խոպան տարածքը գնել է մի մեծահարուստ եւ մտադիր է նշյալ հասցեում
խանութներ, ռեստորան, կինոթատրոն եւ քոթեջներ կառուցել: Ուստի այդ տարածքով անցնող
համայնքի եւ հարակից բնակավայրերի ընդհանուր կոյուղին պետք է տեղափոխվի ճանապարհի
այն հատվածը, որտեղ էլ փոսերը փորված են: Երեւանի քաղաքապետարանից մեզ չհաջողվեց
այդ պետական ծրագրի մասին որեւէ մանրամասներ պարզել: Շինարարության, բարեկարգման
եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը միայն իր մասով հայտնեց,
որ մեր նշած հասցեին կից այս պահին կանաչ գոտու ոռոգման ցանցն է վերանորոգվում, որը
որեւէ կապ չունի փոսերի հետ: ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ