Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՄԱՍԻՍԻՑ ԿՇՏԱՑԵԼ ԵՆ

Հուլիս 15,2006 00:00

Այժմ նրանք անշարժ գույք գնելիս առաջին հերթին հետաքրքրվում են շենքի սեյսմակայունությամբ, վերելակով, սանհանգույցով ու ջրամատակարարմամբ:

Հայաստանում անշարժ գույքի գները նախորդ տարվա համեմատ 20-30 տոկոսով բարձրացել են: Եթե նախկինում ծայրամասերի բազմաբնակարան շենքում 2-3 սենյականոց 1 բնակարանը կարելի էր ձեռք բերել 20-25 հազար դոլարով, հիմա արդեն սովորական պայմաններով երեք սենյականոցի գները տատանվում են 24-30 հազար դոլարի սահմաններում: Ընդ որում, բարձրացել են ոչ միայն առքուվաճառքի, այլեւ վարձակալության գները: Պաշտոնյաները անշարժ գույքի շուկայում այդ փոփոխությունը բացատրում են տնտեսական աճով ու բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ: Մինչդեռ իրականում, շուկայի փորձագետների, բրոքերների ու անշարժ գույքի մի շարք գործակալությունների գնահատմամբ՝ մեր երկրում բնակարանների վաճառքի ու վարձակալման գնաճն արհեստական է, բորսաներն իրենք են որոշում ինչ քաղաքականություն վարել՝ հետեւելով միջազգային շուկաների, հատկապես՝ Մոսկվայում տեղի ունեցած տենդենցներին: Արտասահմանում բնակարանները թանկանում են այն ժամանակ, երբ տվյալ երկրի իմիջը բարձրանում է, պայմանները բարելավվում են: Իսկ մեր երկրում բնակարանների թանկացումը, ըստ բրոքերների, ոչ մի բանի հետ չի կարելի կապել:

Իսկ, ընդհանուր առմամբ, ամռան այս սեզոնին Հայաստանում անշարժ գույքի շուկան եթե ոչ մեռած, ապա քնած է, քանի որ առքուվաճառքի գործարքներ գրեթե չեն լինում: Գործակալությունների տվյալներով՝ որքան էլ տարօրինակ է՝ այս տարի շարժ չկա նաեւ բնակարանների վարձակալության շուկայում, թեեւ պաշտոնական տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եռապատկվել է: Բանն այն է, որ վերջին շրջանում սփյուռքահայերի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մարել է, արդեն քչերն են այստեղ տուն գնում: Բրոքերները սա բացատրեցին երկու տարբերակով՝ կամ առնողն արդեն առել է, կամ նրանք գլխի են ընկել, որ նույն գնով ավելի «պրիստիժնի» երկրում էլ կարելի է բնակարանատեր դառնալ, մանավանդ, որ նույնիսկ մեր էլիտարները արտասահմանյան չափանիշներին չեն համապատասխանում՝ սկսած քաղաքաշինական նորմերի խախտումներից մինչեւ շենքին հարակից՝ անգամ մի քանի մետրանոց բակի կամ այգու բացակայությունը:

Մոտ երկու տարի առաջ անշարժ գույքի տասնյակ գործակալություններից մեր հարցումները ցույց էին տվել, որ սփյուռքահայերը Հայաստանում որպես բնակարան գնելու ամենակարեւոր եւ առաջնային նախապայման, նշում են պատուհանից Արարատի տեսարանի առկայությունը: Իսկ հիմա, պարզվում է՝ նրանք հայրենիքից ու Մասիսից իրենց կարոտն առել են ու էլ նման լիրիկական զեղումների վրա ուշադրություն չեն դարձնում: Բրոքերների ներկայացմամբ՝ «մեկ-մեկ շատ ապուշ վիճակում ենք հայտնվում. տանում ենք, որ սփյուռքահային տուն ցույց տանք, ու եթե որպես առավելություն ասում ենք՝ տեսեք՝ Մասիսն ինչ մոտ է, արհամարհանքով նետում են, թե վազն անցեք ու մեզ տան պայմանները, հարմարությունները ցույց տվեք, իսկ Մասիսը՝ մի քիչ հեռու, մի քիչ մոտ՝ չի խանգարի»: «Երկիր Նաիրի» գործակալության տվյալներով՝ այժմ սփյուռքահայերի ու տեղացի գնորդների նախասիրություններն ու պահանջները ոչնչով չեն տարբերվում միմյանցից. առաջին հերթին հետաքրքրվում են սանհանգույցով, կոյուղագծերով, լոգարանով, իսկ վարձակալները՝ ջրամատակարարմամբ, վերելակի առկայությամբ, խոհանոցի հարմարություններով ու կոմունալ-կենցաղային պայմաններով:

Նախկինի պես գնորդները նախապատվությունը տալիս են Կենտրոն եւ Արաբկիր համայնքներին, իսկ սփյուռքահայերը թե գնման, թե վարձակալության դեպքում առաջին հերթին նշում են Բաղրամյան, Աբովյան փողոցներն ու Մաշտոցի պողոտան: Ըստ գործակալությունների, այս տարի հետաքրքրությունը մեծացել է Կոմիտասի նկատմամբ:

Հունվար ամսից սկսած՝ բնակարանների գները բարձրացել են Հարավ-արեւմտյան թաղամասում, որտեղ, բրոքերների գնահատմամբ՝ բազմաբնակարան շենքի երկու-երեք սենյականոց «ամենաընկած» տունը ամսական 60 հազար դրամից պակաս չես կարող վարձակալել: Սա բրոքերները բացատրում են համայնքի բարեկարգման աշխատանքներով, այգիների ու զվարճության, ժամանցային կենտրոնների ավելացմամբ եւ երթուղիների առատությամբ: Փոխարենը՝ անշարժ գույքի կտրուկ գնանկում է նկատվում իրացման գոտու վտանգի տակ գտնվող թաղամասերում, հատկապես՝ Կոնդում, որը ժամանակին ամենաէլիտար թաղամասերից էր:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31