Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ՝ ժողովրդավարություն, հետո՝ հարցի լուծում

Հուլիս 15,2006 00:00

Ադրբեջանցի
քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի ասելով, սա ԼՂ հարցի լուծման լավագույն բանաձեւն է Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գաղտնազերծման ու ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահների՝ իրենց առաքելության սառեցման վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանում ավելի շատ խոսում են քաղաքական ու պաշտոնական շրջանակներում: Տպավորություն
կա, որ հակամարտության մեջ ներքաշված երկրների, թերեւս՝ բացառությամբ ԼՂՀ-ի, հասարակությունները
կամ շատ քիչ են տեղեկացված այդ անցուդարձի մասին, կամ առանձնակի հետաքրքրություն
չեն դրսեւորում: Ինչպիսի՞ն է իրավիճակն այդ իմաստով Ադրբեջանում: Երեկ այս
մասին զրուցեցինք Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության դիվանի անդամ Հիքմեթ Հաջիզադեի
հետ: Նրա փոխանցմամբ, Ադրբեջանում շարքային մահկանացուներն անհանգստացած են, որ հակամարտությունը
չի լուծվում. «Ընդհանուր ինչ-որ հուսալքություն է նշմարվում: Հասարակությունը տեսնում
է, որ միջազգային հանրությունն էլ չի կարողանում հիմնախնդրի լուծում գտնել, որ խաղաղ
ճանապարհով հարցը լուծել հնարավոր չէ, ու դրա համար էլ ոմանք կարծում են, որ պետք
է պատերազմել, մյուսները՝ պայթեցնել, սպանել, արմատական քայլեր անել եւ այլն: Իհարկե,
այդպիսի տրամադրություններ եղել են նաեւ մինչեւ ՄԽ համանախագահների հայտարարությունը»:
Մյուս կողմից, քաղաքագետի կարծիքով, հասարակությունն, իհարկե, շահագրգիռ է հարցի
խաղաղ կարգավորմամբ, բայցեւ մտածում է, որ իրենից ոչինչ կախված չէ, որ հարցը լուծողը
ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանն են, այլ գերտերությունները՝ ի դեմս Ռուսաստանի ու
ԱՄՆ-ի, որ այդ երկրները ԼՂ հարցին մոտենում են սեփական շահերից ելնելով, իսկ իրենք՝
ադրբեջանցիները, դրանից միայն տուժում են: Միաժամանակ Հ. Հաջիզադեի խոստովանությամբ,
Ադրբեջանում հասարակությունն ու իշխանությունները որեւէ կերպ կապ ու ընդհանրություններ
իրար հետ չունեն. «Հասարակությունն ապրում է իր համար, իր պրոբլեմներով, կառավարությունը՝
իր»: Մի բան, սակայն, ըստ Հ. Հաջիզադեի, ակնհայտ է՝ համանախագահների առաջարկությունը՝
ադրբեջանական տարածքների վերադարձի պայմանով ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու մասին,
ընդունելի չէ ադրբեջանական հասարակության համար: Այդ եւ այլ հարցերում, նրա փոխանցմամբ,
ադրբեջանական հասարակության ու իշխանությունների տեսակետները մեծ մասամբ համընկնում
են: ԼՂ հակամարտության լուծման եւ երկարատեւ խաղաղության միակ պայմանը, ադրբեջանցի
քաղաքագետի համոզմամբ, Ադրբեջանում ժողովրդավարության կայացումն է. «Միայն այդ դեպքում
հնարավոր կլինի հայերի հետ խոսել, նրանց հրավիրել Ադրբեջան, իսկ հիմա մենք այստեղ
ինքներս վատ վիճակում ենք ու հայերին հրավիրել չենք կարող: Հարցը ռազմական ճանապարհով
լուծել եւս հնարավոր չէ, ըստ իս, որովհետեւ Հայաստանին Ռուսաստանն է պաշտպանում,
իսկ մեզ՝ ոչ ոք»: Ի պատասխան մեր այն դիտարկման, թե Իլհամ Ալիեւի ասելով,
Ադրբեջանը նավթ ունի, որի հաշվին նրա տնտեսությունը կարող է զարգանալ ու նպաստել
բանակի մարտունակությանն ու ի վերջո «զավթված» տարածքները պատերազմով ետ բերելուն,
պարոն Հաջիզադեն ասաց. «Ես դրա հետ համաձայն չեմ: Այդ նավթը ռուսական ռազմարդյունաբերական
համալիրի հետ պատերազմելու համար բավարար չէ: Դա իմ կարծիքն է: Բայց հասարակության
մեջ ոմանք կարծում են, որ դա իրենց հերիք է պատերազմելու համար»: Շարունակելով՝
խաղաղության հասնելու ու ԼՂ հարցը լուծելու համար Հ. Հաջիզադեն երկու, ըստ իրեն,
կարեւորագույն պայման մատնանշեց՝ ժողովրդավարության հաստատում Ադրբեջանում եւ ռուսական
ազդեցության թուլացում Հայաստանի վրա: Հակառակ դեպքում, Հ. Հաջիզադեի ասելով, ո՛չ
պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը
չի կանգնել զարգացած ժողովրդավարական երկրների կողքին նույն ցանկում: «Եթե նա իրականում
դառնա այդ տխրահռչակ «Ութնյակի» անդամ ու կարողանա մրցակցել նրանց հետ, ԼՂ հարցն
էլ, գուցե, լուծվի: Իսկ հիմա ՌԴ-ն ոչ մի բան չի կարողանում վաճառել աշխարհին՝ բացի
զենքից ու միջուկային տեխնոլոգիաներից, դրա համար էլ նրան ձեռնտու են լարվածություններն
ու հակամարտությունները, այդ թվում, օրինակ՝ լարվածությունն Իրանի շուրջ, որպեսզի
դրա հաշվին փող աշխատի»,- համոզմունք հայտնեց «Մուսաֆաթի» ներկայացուցիչը՝ ընդգծելով
խաղաղության համար ամենահիմնական պայմանը՝ «Ադրբեջանը պետք է դառնա ազատ, արդար ու
ժողովրդավարական երկիր, ինչն առայժմ չկա»: Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ երկարատեւ
խաղաղության ու ԼՂ հարցի լուծման մյուս բանաձեւը, ըստ Հաջիզադեի, փոխզիջումներն են,
որոնց պատրաստ չեն ո՛չ Ալիեւը, ո՛չ Քոչարյանը: Ադրբեջանցի գործիչն այդ փոխզիջումները
յուրովի է պատկերացնում. «Մեր կառավարությունը պետք է երկիրը դարձնի ժողովրդավարական,
հրաժարվի իր հավակնություններից, իսկ Քոչարյանը պետք է դադարի նայել Ռուսաստանի ձեռքին:
Դա առայժմ չի հաջողվում անել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել