Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՌԵԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ, ԻՍԿ ՕԵԿ-ՈՒՄ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ»

Հուլիս 15,2006 00:00

Ասում
է ՕԵԿ-ից արդեն հարյուր օր դուրս եկած եւ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ Սամվել
Շահգալդյանը – Պարոն Շահգալդյան, շուտով կլրանա ՕԵԿ-ից գործարար պատգամավորների
դուրս գալու հարյուր օրը. դուք այդ կուսակցությունից դուրս գալը ժամանակին պատճառաբանեցիք
այնպես, որ ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու ծրագրին համաձայն չեք եւ ձեր գործունեությունը
պատկերացնում եք միայն իշխանական դաշտում: Հիմա, անցած հարյուր օրերի ընթացքում ի՞նչ
հիշարժան գործունեություն եք ծավալել հանուն իշխանական ճամբարի եւ հանուն իշխանությունների։
– Ես իմ աշխատանքը շարունակել եմ նույն ձեւով եւ ԱԺ-ում, եւ Ազգային ժողովից
դուրս. ՕԵԿ-ից իմ դուրս գալուց հետո իմ աշխատանքում ոչինչ չի փոխվել: Այս օրերին
քանի որ խորհրդարանական աշխատանքը ավելի պասիվ վիճակում է, քանի որ նիստեր չեն գումարվում,
ինքս փորձել եմ իմ աշխատանքը կազմակերպել իմ ընտրատարածքում մարդկանց հետ հանդիպելով
եւ տարածքի խնդիրներով: Կարծում եմ՝ այս ընթացքում կարողացել եմ բավականին խնդիրներ
լուծել. ուզում եմ ասել, որ ինձ մոտ մի քիչ ավելի ակտիվ աշխատելու տեմպ եմ նկատել,
քանի որ, ասացի, ԱԺ քիչ ենք գալիս եւ ամբողջ ժամանակը նվիրում ենք մարդկանց հոգսերին
եւ խնդիրներին, այսինքն՝ կատարում ենք կոնկրետ, ռեալ աշխատանք: Իսկ ինչ վերաբերում
է ՕԵԿ-ից դուրս գալուն, ապա պատճառը ոչ միայն այն է, որ ՕԵԿ-ը որոշեց տեղափոխվել
ընդդիմադիր դաշտ, այլեւ, պարզապես, անընդհատ նույն բանի շուրջ խոսվում էր, բայց իրականում
ոչինչ չէր արվում, իսկ ես լինելով ռեալ աշխատանքի մարդ, այսինքն՝ արտադրությունից,
արդյունաբերությունից եկած մարդ, չեմ կարող առանց կոնկրետ աշխատանքի: Այդ իրավիճակում
ինձ ավելի հոգեհարազատ էր կուսակցական չլինելը, եւ ոչ թե խոսքով, այլ գործով մարդկանց
օգնելը: – Երբ դուք ասում եք՝ հանդիպում եք ընտրողների հետ, անմիջապես մտածում
ենք՝ քանի որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եք, ընտրություններից
առաջ հերթական անգամ ընտրողներին փորձում եք ձեզնով անել՝ կրկին ընտրվելու համար:
Դուք դարձյա՞լ պատրաստվում եք առաջադրվել մեծամասնական ընտրակարգով նույն ընտրատարածքում:
– Անկեղծ ասած, այս պահի դրությամբ դեռ չեմ որոշել՝ կառաջադրվե՞մ պատգամավորության
թեկնածու, թե՞ ոչ, բայց երբ համեմատում եմ իմ աշխատանքը մինչ պատգամավոր լինելը եւ
պատգամավոր դառնալուց հետո, ակնհայտ է, որ այսօր այդ աշխատանքը բավականին արդյունավետ
է: Գուցե տրիբունաներից, մամուլի էջերում, հեռուստատեսությամբ քիչ եմ հանդես գալիս,
այսինքն՝ հրապարակային գործունեության իմաստով քիչ եմ երեւում, բայց կոնկրետ գործունեությունն
ինձ ավելի հարազատ է, եւ ես աշխատում եմ ավելի շատ ռեալ գործերով երեւալ, այսինքն՝
կոնկրետ, խոստացա եւ կատարեցի: Իսկ եթե զգում եմ, որ խոստումս ի զորու չեմ լինելու
կատարել, չեմ խոստանում: – «Գործարար» պատգամավորական խմբում ի՞նչ կարգի գործունեություն
եք ծավալում, եւ, ընդհանրապես, խումբն ինչո՞վ է զբաղված: – Խմբի ստեղծումը
զուգադիպեց խորհրդարանի ամառային հանգստի հետ, եւ ավելի ակտիվ աշխատանք դեռեւս այնքան
էլ չի իրականացվոմ, բայց, վստահ եմ, որ աշնան գալու հետ միասին մեր խումբը եւս պետք
է ակտիվանա, հակառակ դեպքում մեր պասիվությունը ճիշտ չի ընկալվի: – Իսկ խումբը
ինչպիսի՞ տրամադրվածություն եւ ծրագրեր ունի, հնարավո՞ր է որեւէ քաղաքական ուժի հետ
համատեղ գնա խորհրդարանական ընտրությունների: – Կարծում եմ՝ կոնկրետ ուժերի
հետ կլինի համագործակցություն, բայց դա ավելի ռեալ կերեւա աշնանը: – Ձեր պատգամավոր
դառնալը եւ նույնիսկ ՕԵԿ-ին անդամակցելը ժամանակին կապվեց ձեր մարզպետ եղբոր հետ:
Հիմա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը համալրել է ՀՀԿ շարքերը: Այս փաստը ինչպե՞ս
կանդրադառնա ձեր գործունեության վրա, հնարավո՞ր է դուք եւս որոշեք Հանրապետական դառնալ,
մանավանդ՝ այսօր ով չի ալարում, Հանրապետական է դառնում: – Եվ իմ, եւ եղբորս
աշխատանքային գործունեությունը եղել է արդյունաբերությունը, բայց քաղաքական դիրքորոշումները
բավականին տարբեր են եղել: Ժամանակին եւս իմ՝ ՕԵԿ մտնելը բոլորովին կապ չի ունեցել
եղբորս մարզպետ լինելու հետ: Նախ, ինքը երբեք կուսակցական չի եղել: Ի տարբերություն
իրեն, ես եղել եմ կոմունիստ, գործարանի ազատված քարտուղար եւ այլն, իսկ ինքը երբեք
որեւէ կուսակցության անդամ չի եղել: – Ուրեմն ինչո՞ւ հիմա դարձավ Հանրապետական:
– Նա երկար տարիներ մարզպետ է աշխատում, եւ, վերջին հաշվով, այդ դաշտում նորմալ
է, որ կուսակցականացվում է ամեն ինչ: Այդ պաշտոնը զբաղեցնելով՝ նա ինքնըստինքյան
արդեն այդ թիմում էր, եւ ոչինչ չէր խանգարում մի քիչ էլ կուսակցական աշխատանքով զբաղվելու:
– Պարոն Շահգալդյան, ձեր ընտրատարածքը գտնվում է, այսպես ասենք, Գագիկ Ծառուկյանի
«ենթակայության» ներքո: Դատելով նրանից, որ նրա ստեղծած կուսակցությունը փորձում
է բարգավաճել, չի բացառվում, որ նաեւ մեծամասնականով ձեր պատգամավորական տեղի վրա
որոշ «ԲՀ» անդամներ աչք ունենան, նման մտավախություն չունե՞ք: – Ճիշտն ասած,
չեմ կարծում, որ նման խնդիրներ կառաջանան, որովհետեւ մենք շատ ջերմ հարաբերություններ
ունենք Գագիկ Ծառուկյանի հետ, նաեւ համագործակցում ենք, առավել եւս՝ ես հիմա կուսակցական
չեմ եւ ազատ եմ իմ գործունեության մեջ: Իսկ Գագիկ Ծառուկյանի կուսակցության մեջ հիմնականում
ներգրավվում են տնտեսական ոլորտի մարդիկ, եւ դա ինձ շատ հոգեհարազատ է: Ես կուսակցական
չեմ դառնա, բայց առողջ համագործակցություն, կարծում եմ, կլինի: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել