Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ ՍՊԱՍՈ՞ՒՄ ԷԻՆ

Հուլիս 15,2006 00:00

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ
ՍՊԱՍՈ՞ՒՄ ԷԻՆ Դժվար էր կանխագուշակել, թե էլ ինչ նոր բան կարող
է ասել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայելի» ակումբում կայանալիք մամլո ասուլիսին,
քանզի թվում էր, թե վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած բազում ասուլիսների
եւ հեռուստահարցազրույցների ժամանակ Օսկանյանն ամբողջությամբ սպառել է պարզաբանումների
եւ մեկնաբանությունների իր պոտենցիալը: Սակայն թարմ ասելիք, այնուամենայնիվ, գտնվեց:
Երեկ նա հայտարարեց, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի
որոշ մանրամասների բացահայտումը հայկական կողմի համար անսպասելի չէր»: Հիշողությունը
փոքր-ինչ լարելու դեպքում, սակայն, արագորեն կարելի է համոզվել, որ, այսպես կոչված,
«բացահայտումը» պաշտոնական Երեւանի համար առավել քան անսպասելի էր: Մտաբերենք. «Ազատություն»
ռ/կ-ին Մեթյու Բրայզայի տված առաջին «բացահայտիչ» հարցազրույցին անմիջապես հաջորդեց
ՀՀ նախագահի մամլո խոսնակի սպառնալիքը, թե բանակցային տարրերը մամուլում հետագայում
եւս շահարկելու դեպքում հայկական կողմը, Ադրբեջանին դիմակազերծելու նպատակով, կհրապարակի
վերջին տարիներին քննարկված բոլոր առաջարկների մանրամասները: Այս սպառնալիքից ակնհայտ
դարձավ, որ «բացահայտումը» Երեւանի համար ոչ միայն անսպասելի էր, այլեւ հայկական
կողմն անգամ տեղյակ չէր, որ Բրայզայի հարցազրույցն ամենեւին էլ վերջինիս սեփական
նախաձեռնությունը չէր, այլ բոլոր երեք համանախագահների ավելի վաղ կատարած համատեղ
հայտարարության համառոտ վերաշարադրանքը: Ինչեւէ, Վարդան Օսկանյանը նշեց, թե
հիմա արդեն «հասարակությունում առողջ քննարկում ծավալելու հնարավորություն կա»՝ միաժամանակ
մտահոգություն հայտնելով, որ բանակցային ամբողջական առաջարկի հրապարակումը պարունակում
է հակամարտող այս կամ այն կողմի՝ դրա սկզբունքներից հրաժարվելու վտանգը: ԱԳ նախարարը
նշեց նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ամենաարդյունավետ միջնորդական
ձեւաչափը: Անդրադառնալով մերձավորարեւելյան վերջին զարգացումներին՝ Օսկանյանն ասաց,
թե Հայաստանը քննադատում է այդ տարածաշրջանում ցանկացած բռնության դրսեւորում: «Հայաստանի
համար անընդունելի են ինչպես պատանդներ վերցնելը, այնպես էլ ռազմական ուժի գործադրումը,
որը հանգեցնում է մարդկային զոհերի եւ ենթակառույցների ոչնչացմանը: Մեր դիրքորոշումն
անփոփոխ է. կողմերը պետք է վերջ տան ռազմական գործողություններին եւ նստեն բանակցային
սեղանի շուրջ»,- բանաձեւեց «Հայելի» ակումբի հյուրը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել