Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանի կուպեներից դեպի կուսակցական ամբիոն

Հուլիս 15,2006 00:00

Այդպես է պատկերացնում Սուրեն Զոլյանը օլիգարխների ճանապարհը դեպի քաղաքականություն

«Ի՞նչ է նշանակում համանախագահները սպառել են երեւակայությունը: Եթե սպառել ես՝ բարի եղիր հրաժարական տուր, եւ թող քո փոխարեն քո երկիրը գտնի մեկ ուրիշ, ավելի վառ երեւակայություն ունեցող մեկին ու նշանակի այդ գործի». այսպես գնահատեց Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը Բրյուսովի անվան ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: Նա կարծում է, որ իր հայտարարության այն մասով, թե Հայաստանը Ադրբեջանից սովորելու բան ունի ժողովրդավարության առումով, Մեթյու Բրայզան փորձ էր անում պաշտպանել Ջորջ Բուշին, որովհետեւ շատերի մոտ էր հարց առաջացել, թե ինչո՞ւ Բուշը ընդունեց Ալիեւին, իսկ Քոչարյանին՝ ոչ: Այս հարցին որեւէ կերպ պատասխան էր պետք փնտրել, եւ Բրայզայի հայտարարության այդ մասը հենց այդ հարցին պատասխանելու նպատակն ուներ: Ըստ պարոն Զոլյանի, Ադրբեջանը, որ մինչ այս անընդհատ խոսում էր Մինսկի խմբի գործունեության անպտղությունից եւ երազում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման բանակցությունները տեղափոխել մեկ այլ ատյան, պետք է որ շատ ուրախ լիներ այս հայտարարությունից հետո: Բայցեւայնպես, նա կարծում է, որ այսօր որեւէ այլ ատյան պատրաստ չէ իր ուսերի վրա վերցնել այդ խնդիրը լուծելու ծանր պատասխանատվությունը, իսկ Մինսկի խմբի համանախագահները, չնայած իրենց երեւակայության սպառմանն ու «թայմ-աութ» վերցնելու նախաձեռնությանը, ամբողջովին հետ չեն կանգնել գործից, այլ միայն սպասում են: «Գլխավոր խաղացողների՝ ԱՄՆ, Եվրամիություն եւ Ռուսաստան, հիմնական խնդիրը տարածաշրջանում կայունության պահպանումն է, եւ այս առումով բոլորը շահագրգռված են, որ այս վիճակը ձգձգվի»,- կարծում է Զոլյանը: Շարունակելով Ղարաբաղի թեման՝ պարոն Զոլյանը նկատեց՝ չնայած այն բանին, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը մենք չենք հսկում, պետք է անենք հնարավոր ամեն ինչ ներսում եղած իրավիճակը պահպանելու համար՝ քաղաքական, տնտեսական եւ ամենակարեւորը՝ դեմոգրաֆիկ առումներով:

Պրոֆեսոր Զոլյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես՝ բուռն թափով ընթացող կուսակցականաշինությանը: Թեեւ, ինչպես սկզբից նշեց, դա իրեն այնքան էլ չի հետաքրքրում՝ «ամենեւին հետաքրքիր չէ, թե ո՞վ եւ ի՞նչ ասաց, որովհետեւ այդ ասածներում որեւէ թարմություն չկա»: Սակայն նա ողջունում էր, որ օլիգարխները ոտք են դրել կուսակցական ուղու վրա. «Դա նշանակում է, որ նրանք ստվերից դուրս են գալիս: Եթե կուսակցություն է ստեղծում պատգամավոր օլիգարխը, դա նշանակում է, որ նա ստիպված պիտի մի քանի գիրք կարդա, որ ծրագիր գրի, կամ եթե ուրիշն է գրում, մեկ է՝ պետք է համագումար անի, մի դահլիճում հավաքվեն, խոսեն, գաղափարական-ծրագրային հարցեր քննարկեն, լրագրողներն էլ իրենց պետք է հարց տան՝ այս մասին ի՞նչ եք մտածում, այն մասին ի՞նչ եք մտածում, եւ ստիպված պիտի լինի մի քանի բան կարդալ, որ կարողանա խոսել: Այսինքն՝ ռեստորանների կուպեներից իրենց քննարկումները կբերեն դահլիճներ եւ ամբիոններ, ինչն արդեն իսկ մեծ քայլ է»:

Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել